Նախարարությունն իսպանական ընկերությունից գոհ է, վարչապետը՝ դժգոհ

Նախարարությունն իսպանական ընկերությունից գոհ է, վարչապետը՝ դժգոհ

Կառավարության երեկվա նիստում վարչապետը կարմիր քարտ ցույց տվեց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին: Կարմիր՝ որովհետեւ դեղին քարտ Հովիկ Աբրահամյանն արդեն երկու անգամ բարձրացրել էր՝ այցելելով «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Աշտարակ-Թալին հատվածը։ Վարչապետի ականջին բանվորների եւ աշխատողների շրջանում տարածված խոսակցություններ են հասել, որ ճանապարհի շինարարությունը դանդաղում է ֆինանսավորման պատճառով, որ ինչ-ինչ խնդիրներ են ծագել շինարարությունն իրականացնող իսպանական «Կորսան» ընկերության մոտ։



«Ասում են՝ այդ ընկերությունը չարիք է դարձել»,- ասաց վարչապետը նիստի ժամանակ, երբ Արթուր Առաքելյանը ներկայացրեց «Սաֆեժ» ընկերությանը «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարական աշխատանքների վրա հսկողություն իրականացնելու թույլտվություն տալու որոշումը։ «Ի՞նչն է պատճառը, որ աշխատանքները դանդաղում են, 2 անգամ Ձեզ արդեն զգուշացրել եմ»,- հարցրեց վարչապետը փոխնախարարին, եւ վերջինիս արդարացումը, թե իրենք վերահսկում են աշխատանքների ժամանակացույցը, ահազանգեր չկան, Աբրահամյանին ավելի բորբոքեց․ «Ի՞նչ է, իմ ասածը Ձեզ համար ահազանգ չէ՞»: Արթուր Առաքելյանը փորձեց բացատրել․ «Մենք ուսումնասիրել ենք, այդ ընկերությանը փոխանցվել է 5 մլն. դոլար, որից 4 մլն.-ն վերադարձել է Հայաստան, իսկ 1-ը ծախսել են բետոնփռիչ սարքավորում գնելու համար»: Հովիկ Աբրահամյանը կրկին պահանջեց, որ ուսումնասիրություն կատարեն։ Զարմանալի է, որ վարչապետին նոր են հասնում իսպանական ընկերության ֆինանսական խնդիրների մասին խոսակցությունները։ Մինչդեռ դրանք շրջանառվում են մեկ տարուց ավելի։ Անգամ քրեական գործ հարուցվեց՝ «Կորսան-Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ։ «Հրապարակը» գրեց, որ իսպանացիները դժգոհ են եւ անգամ իրենց տեխնիկան են տանում Հայաստանից։ Նախարար Գագիկ Բեգլարյանն էլ այն ժամանակ հերքումով հանդես եկավ՝ ասելով, որ «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն Էս Էյ» ընկերությունն իր սարքավորումները չի տանում, որ ընդամենը 2 միավոր տեխնիկայի մասին է խոսքը, որոնց անհրաժեշտությունն այդ պահին չկա։ «Իսկ, ընդհանրապես, աշխատանքներն ընթանում են նորմալ»։ Հիմա հանկարծ պարզեցին, որ «նորմալ» չէ, եւ ինչ-որ բան իսպանացիներին գցում է տեմպից։ Նիստից հետո Արթուր Առաքելյանը բացատրեց, որ «Կորսան-Կորվիամ Կոնստրուկսիոն»-ը խնդիրներ ունի իր ենթակապալառուների հետ, որոնք նախարարությունը չի կարող վերահսկել։ «Մենք ավարտել ենք «Հյուսիս-հարավի» առաջին տրանշի աշխատանքները։ Դա Արտաշատ-Երեւան, Երեւան-Աշտարակ հատվածներն են։ Առկա էին որոշակի թերություններ, որոնց համար ընկերությունը տուգանվեց։ Թեստավորման արդյունքներով հայտնաբերվեցին շեղումներ, որոնք նախատեսված էին պայմանագրով։ 70 մլն. դոլար արժողության «Տրանշ-1»-ից շուրջ 6 մլն.-ի պահումներ են արվել»,- ասաց Արթուր Առաքելյանը։ «Կորսան-Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերության հետ պայմանագիրը խզելու պատճառներ նախարարությունը չունի։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ