«Ջիպոտ» մոդելները հասան Ղարաբաղի ԱԱԾ-ին

«Ջիպոտ» մոդելները հասան Ղարաբաղի ԱԱԾ-ին

ԼՂՀ կառավարությունը հուլիսի 8-ին Ազգային օպերատիվ շտաբի գործունեության եռամսյակային հաշվետվությունն է ներկայացրել այն մասին, թե ինչ նվիրատվություններ են ստացվել ԼՂՀ հակամարտության գարնանային թեժացման օրերին՝ ապրիլից մինչեւ հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, եւ ինչպես է բաշխվել օգնությունը, նաեւ գաղտնի տեղեկություններ հանգանակված գումարների ծախսման վերաբերյալ։ Քանի որ բաշխման գործընթացի վերաբերյալ ԶԼՄ-ներում բազմաթիվ՝ բացասական եւ դրական արձագանքներ կային, ստացված օժանդակության ամփոփ պատկերը ԼՂՀ կառավարության աշխատակազմն ուղարկել է նաեւ ԶԼՄ-ներին։ Ըստ այդմ, հուլիսի 1-ի դրությամբ մոտ 7 հազար մարդ եւ կազմակերպություն մոտ 2 մլրդ. 335 հազար դրամ է փոխանցել կառավարության հատուկ հաշվեհամարին, մոտ 3 մլն. դոլար, 173 հազար, 728 եվրո եւ 62 հազարից ավելի ռուբլի։ Ընդհանուր գումարային մուտքը կազմել է մոտ 4,562,175,600 դրամ:



Դրա մեծ մասը ծախսվել է ռազմական տեխնիկայի եւ սարքավորումների ձեռքբերման, ինժեներական աշխատանքների, ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի, կապի ծառայությունների ու կապիտալ ծախսերի իրականացման համար, եւ մոտ 200 մլն. ուղղվել է զորակոչված քաղաքացիների եւ կամավորականների դրամական աջակցությանը։ Արցախի Հանրապետություն նաեւ սնունդ, սարքավորումներ, ավտոմեքենաներ են գնացել, որոնք բաժանվել են պետական տարբեր մարմինների, այդ թվում՝ ԱԱԾ-ին եւ Արտակարգ իրավիճակների ծառայությանը։



97 մեքենա բաժին է ընկել ՊԲ-ին, հիմնականում UAZ-452 մակնիշի, որոնք ժողովուրդն անվանում է буханка: Նվիրաբերված ամենալավ ավտոմեքենան՝ միակ Nissan Patrol-ը, թե բանակի գեներալներից ում է բաժին ընկել, կառավարությունում չեն գաղտնազերծում, ասելով․ «Գուցեեւ գեներալի չլինի, այլ կոնկրետ նպատակով կիրառվելիս լինի: Մենք տվել ենք բանակին, իրենք են որոշում, թե ինչ նպատակով են կիրառում։ Ճիշտ էլ չէ այդքան մանրամասները բացել։ Վտանգավոր էլ է ասել, թե որ մեքենան ում է տրված անձնապես, առավել եւս, որ ադրբեջանցիները թիրախավորում էին բարձրաստիճան սպաների մեքենաները»։ Փաստորեն, մեքենաները բաժանվել են բարձրաստիճան սպաներին, որոնք առանց այդ էլ շատ մեքենաներ ունեն։ ԱԱԾ-ն վերցրել է «ջիպոտ» մոդելները՝ մեկ հատ UAZ patriot, երկու հատ UAZ Pik Ap։ 22 հատ ավտոմեքենա ուղարկել են ԼՂՀ շրջանների վարչակազմերին։ 4 հատ մեքենա ստացել են պետական այլ մարմինները, եւս 4-ը, որոնց թվում է նաեւ մի հասարակ NIVA, դեռ չեն բաժանել։ Սննդի եւ տնտեսական ապրանքների տեսականին չեն մանրամասնում, ուղղակի գրված է ՝ 120 հազար տուփ, 10 հազար արկղ, 527 հազար հատ, 173 հազար շիշ ըմպելիք եւ այլն։ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսնակ Արտակ Բեգլարյանին մի քանի «ամփոփիչ» հարց տվեցինք։



- Ի՞նչ սկզբունքով եք բաշխումն իրականացրել։



- Բաշխումը կատարվում էր ըստ ՊԲ եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հայտերի, թե որտեղ ինչի կարիք կա: Սկզբնական շրջանում, ելնելով ժամանակի սղությունից ու աջակցության մեծ ծավալից, որոշ անկանոն բաշխումներ եղել են, բայց հիմնականում հաջողվել է հասցեական բաշխում կատարել: Մենք ապրանքը տրամադրել ենք բանակին, իրենք զորամասերի ներսում համապատասխան բաշխումն ու կառավարումը կատարել են։



- Ի՞նչ եք արել, որպեսզի չարաշահումներից խուսափեք, եւ կա՞ն չարաշահումներ, որոնք դուք բացահայտել եք։



- Մեր ստացած աջակցության մասով որոշ փոքր դեպքեր գրանցվել են: Մի դեպքում աջակցության բաշխումով զբաղվող մի աշխատակից ազատվել է աշխատանքից, քանի որ փոքր ծավալի չարաշահում է գրանցվել իր կողմից: Սակայն պետք է նաեւ հաշվի առնել, որ Արցախ եկող աջակցության մի զգալի մասը կառավարության օղակով չէր բաշխվում, քանի որ մարդիկ իրենց ձեռքով բերում էին ու կամայական ընտրությամբ տրամադրում հասցեատերերին: Արդյունքում կառավարությունը ոչ մի լծակ չուներ այդ աջակցությունը համակարգելու կամ վերահսկելու դրա արդարացի բաշխումը:



- Հաշվետվության մեջ «այլ պետական մարմիններ» տող կա, որոնք ավտոմեքենաներ են ստացել։ Բացի ԱԱԾ-ից, ԱԻՆ-ից եւ ՊԲ-ից, ո՞ր մարմինների մասին է խոսքը։



- «Այլ» տողի տակ եղած 4 ավտոմեքենաները տրվել են գյուղնախարարությանը, Հանրային հեռուստատեսությանը, ազատամարտիկների միությանը եւ մարտական գործողություններից հետո պարգեւատրված զինվորներից մեկին՝ որպես պարգեւ: Վերջին երկուսը, եթե չեմ սխալվում, նվիրատուների ցանկությամբ էր։

ՀԳ․ Հիշեցնենք, որ հանգանակության գումարների մեջ են մտնում նաեւ ԼՂՀ քաղաքացիների աշխատավարձերից գանձված գումարները, որոնք, մեր տեղեկություններով, գանձվել են հիմնականում նրանց կամքին հակառակ, անօրինական եղանակով։ Այսպիսի մեթոդներ էր կիրառում նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ պետական հիմնարկների «վզին դնելով» գումարների գանձումը, սակայն իր հաշվետվություններում այդ յուրօրինակ «հարկահավաքությունը» ներկայացնում էր որպես քաղաքացիների հանգանակություն։ Իհարկե, կառավարությունից հերքում են սա՝ հորդորելով հայտնել բողոքողների անուններն ու կոնկրետ դեպքերը, սակայն բնակիչները չեն ցանկանում անվանական բողոքներ ուղղել՝ վախենալով, որ ոչ թե արդարության կհասնեն, այլ կազատվեն աշխատանքից։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ