ԱԱԾ-ն դիտորդներին մերժել է քաղաքական նպատակով

ԱԱԾ-ն դիտորդներին մերժել է քաղաքական նպատակով

ԱԱԾ քննիչները արգելում են ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող խմբին հանդիպել Ժիրայր Սեֆիլյանին։ Հուլիսի 18-ին «Վարդաշեն» ՔԿՀ այցելած խմբի անդամները կարողացել են հանդիպել Գևորգ Սաֆարյանի, Վոլոդիա Ավետիսյանի և Շանթ Հարությունյանի հետ՝ բոլորին, ում ցանկացել են, բացի Ժիրայր Սեֆիլյանից։ Ինչ՞ու։



Դիտորդական խմբի ղեկավար, փաստաբան Արայիկ Զալյանն ասում է․ «Կարգի համաձայն մենք անարգել տեսակցության իրավունք ունենք, և նման արգելք նախատեսված չի, բայց Քրդատ․ օրենքի համաձայն, քննիչը կարող է սահմանափակել տեսակցությունները, ինչը եղել է այս դեպքում»։ Խումբը գործում է ԱՆ հրամանի հիման վրա և ստեղծվել է 2004 թվականին Հայաստանի կողմից Եվրախորհրդի առաջ ստանձնած պարտավորությունների շրջանակում։ Ըստ Զալյանի, քննչական մարմինն իրենց աշխատանքը խոչընդոտելու իրավունք չունի։ Մյուս կողմից Զալյանը գտնում է, որ Արդարադատության նախարարի հրամանը, որի հիման իրենք ստեղծվել են, հակասում է Քրդատ․ օրենքսգրքին․ «Այս իմաստով մենք հակասական վիճակում ենք»։



Արդարադատության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան նոր բան չասացին․ «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին 2016 թվականի հուլիսի 18-ին չի թույլատրվել տեսակցել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկում պահվող կալանավորված անձ Ժ.Սեֆիլյանին, քանի որ կա քննիչի որոշում, համաձայն որի՝ սահմանափակվել է արտաքին աշխարհի հետ Ժ. Սեֆիլյանի կապը. արգելանք է դրված կալանավորված անձի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա»: Նաև հիշեցրին «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքի կետերը, այդ թվում արգելանքի վերաբերյալ դրույթը․ «Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը վերջում հիշեցնում է, որ «հիմնարկ մուտք գործելու հնարավորության առկայությունը չի ենթադրում տեսակցություն ունենալու հնարավորություն»:



Սա այն է, ինչ ասել են «Վարդաշենում» խմբի անդամներին․ «Կարող եք տեսնել Սեֆիլյանի խուցը, բայց ոչ նրան»։ Հարց է ծագում․ եթե այս դիտորդները իսկական դիտորդներ չեն, եթե նրանց կարգավիճակը չի բխում ԵԽ առաջ ստանձնած պարտավորություններից, չի կարգավորվում դրանցով, ապա էլ ինչի՞ համար են նրանք պետք։ Հասարակական վերահսկողության իմիտացիա ստեղծել՞ու։ Ըստ խմբի ղեկավար Արա Զալյանի` մինչ օրս իրենք կարողացել են այցելել բոլոր նրանց, ում ցանկացել են երկու անձանցից բացի ՝ Ժիրայր Սեֆիլյանից և Վահան Շիրխանյանից։ «Կարծում եմ, այս անձանց դեպքում արգելքը քաղաքական կոնտեքստ ունի», - ասում է Զալյանը։ Այս դեպքում ինչո՞ւ ենք մենք պաշտոնապես պնդում, որ չունենք քաղբանտարկյալներ։



Սյուզան Սիմոնյան