Մի օր կմարի անպայման, բայց գոնե այս սուր պահը անցնի, նոր ցրվենք

Մի օր կմարի անպայման, բայց գոնե այս սուր պահը անցնի, նոր ցրվենք

Ակտիվիստ Անի Նավասարդյանը վերջին իրադարձությունների ֆոնին հայտնվել էր կիզակետում: Խորենացի փողոցում քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ոնեցած բախման մեղավորին շատերը համարեցին Անիին. Ասում էին, թե նա է հրահրել, սակայն աղջիկը հաջորդ օրը վերադարձավ հանրահավաքի վայր: Նա բազմաթիվ ակցիաների և նախաձեռնությունների է մասնակցել, այժմ էլ կանգնած է «Սասնա Ծռեր»-ի տղաների կողքին և մասնակցում է բոլոր ակցիաներին: Անիի հետ զրուցեցինք իրեն բերման ենթարկելու, ընթացող հանրահավաքների և այլ թեմաների շուրջ:



 -Երեկ հանրահավաքի ժամանակ լուրեր տարածվեցին, թե երկու տղա Ձեզ հետապնդում են, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը:



Ինձ ուղղակի մի կին մոտեցավ, ասաց, որ իմ ելույթի ժամանակ իր ետևում կանգնած երկու տղա սպառնալից տոնով ասել են` քեզ հլը հետո կտեսնենք:



-Զգուշացումից հետո ինչ-որ բան եղա՞վ:



Դրանից հետո ինչ-որ բան, ոչ, չի եղել:



-Երեկ գիշերը Ազատության հրապարակից 27 անձանց բերման էին ենթարկել: Դուք նրանց թվո՞ւմ էիք:



-Այո, ինձ էլ էին բերման ենթարկել: Կենտրոնի բաժին էին տարել: Տանելուց ոչ մի բան չեն ասել, ուղղակի տարան 180.1 հոդվածի 11 կետի համաձայն (ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը խախտել): Հենց բաժնում մեզ նստացրին մի քանի ժամ, մինչև որևէ մեկը իրենց գրողներից գա` գրի, որովհետև իրենք անգրագետ են, հազարից մեկն ա իրենց մեջ, որ կարողանում է գրել:



-Բաժնում Ձեզ հետ ինչպե՞ս են վարվել:



Ոչ մի բան մեզ հետ չեն արել: Հինգ հոգով կանգնած էինք, եկան, տարան` առանց ինչ որ բան ասելու: Որ բաժնում էինք, անընդհատ մարդիկ էին բերում:



-Բավականին ակտիվ քաղաքացի եք, գրեթե ամեն նախաձեռնությանը մասնակցում եք, այս ընթացքում Ձեզ սպառնալիքներ կամ թեկուզ խնդրանք, որ դադարեցնեք Ձեր գործունեությունը, եղե՞լ է:



Խնդրանքի տեքով իմ ընկերներից են եղել, երեկ, օրինակ, բաժանմունքում մի երկու ոստիկան փորձեցին գալ, բա թե քո վրա քրեական գործ ա եղել, ես էլ ասացի` ի՞նչ, սպառնում եք ինձ, եթե շարունակեք խոսել, փաստաբանիս կհրավիրեմ այստեղ, այդպես,թողեցին գնացին: 23:30 արդեն բաժանմունքում էինք, գիշերը 2:30 բաց են թողել մեզ:



-Հարթակն այսօր կարծես յուրաքանչյուրի տեղն է դարձել, ով ցանկանում է` ելույթ է ունենում, ի՞նչ եք կարծում` լիդերներ հարկավոր չեն այդտեղ` ավելի կազմակերպված, ընդգրկող հանրահավաքներ և երթեր կազմակերպելու համար:



Ես իմ անունից կոչեր արել եմ բազմիցս, որ մասնագետները գան և միանան գործին, որպեսզի այդ հարթակը քաղաքական որակ ստանա, հիմա քաղաքացիական է, մարդիկ են, ոչ մասնագետներ, սիրողական ելույթներ են ունենում ոգեշնչող, բայց ոչ մի քաղաքական պրոցես այդ հարթակում չի ընթանում: Ես երեկ ասացի, որ իմ կարծիքով, չգիտեմ ես ճիշտ եմ, թե չէ, պետք ա ամեն օր հավաքվել, որովհետև ոչ մարդու իրավունքների ծառայությունները, ոչ փաստաբանները իրենք ոչինչ չեն կարող անել, եթե իշխանությունների վրա ճնշում չլինի, իսկ ճնշումը միայն ժողովուրդը կարող է ապահովել:



-Եթե համեմատենք նախորդ հանրահավաքների հետ` գնալով մասնակիցների թիվը նվազում է, կա՞րող է շարժումը ինչ-որ մի օր մարել` առանց արդյունքի հասնելու:



Մի օր կմարի անպայման, մի օր էլ ուրիշ բան հետո կծնվի, անընդհատ ոչինչ չի կարող մնալ, դա չի հարցը, հարցն էն ա, որ գոնե այս սուր պահը հանգստանա, որովհետև տղաներին նոր-նոր են ինչ-որ բան անում` ծեծում են իրենց, փաստաբաններին չեն թողնում իրենց մոտ, գոնե էդ տեղավորելու պահը մի հատ նորմալ փուլի գա, նոր ցրվենք:



-Անի, ճի՞շտ է, որ դուք երգչուհի Ռիփի քույրիկն ենք:



Այո, ճիշտ է



-Կարծես թե դուք տարբեր եք, ինչպե՞ս է վերաբերում Ձեր գործունեությանը, շոու բիզնեսը այս օրերին կտրված է իրականությունից:



Ինքը ուրիշ ձև ա, ես ուրիշ: Իսկ շոու բիզնեսը միշտ ա պասիվ, շոու բիզնեսը ոչ մի բան իրենից չի ներկայացնում: