Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի հայտնած տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն

Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի հայտնած տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն

ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին ձերբակալելու հաջորդ օրը՝ հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայր են այցելել և նրանց հետ առանձնազրույցներ ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Այնուհետև, նրանց կալանավորելուց անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անձամբ այցելել և ՀՀ արդարադարատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձին հանդիպել է ինչպես Ա.Մարտրիրոսյանին, այնպես էլ Դ.Սանասարյանին:



2016 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հրապարակային դիմում են հասցեագրել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները՝ խնդրելով Պաշտպանի աջակցությունը Ա.Մարտիրոսյանի և Դ.Սանասարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու հարցում:



Հաշվի առնելով Ա.Մարտիրոսյանի և Դ.Սանասարյանի հետ առանձնազրույցների արդյունքները, ինչպես նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության դիմումի հանգամանքները՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ: Այնուհետև, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում Ա.Մարտիրոսյանի և Դ.Սանասարյանի հայտնած բոլոր տեղեկությունները սահմանված կարգով ամփոփվել և այսօր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ քրեական գործի նախաքննության շրջանակներում դրանք քննարկելու նպատակով:



Մեր կողմից կատարված գործողությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններն ուղարկվել են նաև Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին: