Լռության գինը

Լռության գինը

Ցավոք, ոմանք դեռևս կարծում են, որ հայրենիքն ու ազգը սիրել նշանակում է չտեսնելու տալ թերությունները և ամեն պատեհ ու անպատահ առիթով ասել, թե մենք որքան լավն ենք, թե որքան մեծ է իրենց սերը: Ազգը, ժողովուրդը բազմատարր են: Նրան սիրել չի նշանակում համահարթեցնել, բոլորին հավասարեցնել և նույն ձևով վերաբերվել դահճին ու զոհին: Չի նշանակում բոլորին համարել Հայկի զավակն ու բոլորի համար արցունք թափել սգամոր պես: 



Հասկանում եմ խաղաղասիրական կոչեր հնչեցրածներին և հնչեցնողներին (ո՞վ է ուզում արյուն թափվի), բայց նրանց հորդորները կարդալով` հաճախ այն տպավորությունն ես ստանում, որ արյուն են թափել աչքը կորցրած 17-ամյա պատանին, ծեծված, արյունլվա տղամարդիկ, աղջիկներն ու կանայք են հարձակվել ոստիկանների վրա, ցուցարարներն են ծեծել լրագրողներին, նրանք ենք, ինչպես անգամ միջազգային հանրությունն է արձանագրում, անհամաչափ ուժ կիրառել: Սա՞ է մեր արդարությունը: Եվ ուրիշներից պահանջում ենք, որ ավելի մեծ հարցերում մեր և այլոց միջև հավասարության նշան չդնե՞ն: Հապա ինչո՞ւ էինք վրդովվում ապրիլյան դեպքերի ժամանակ: Հիմա, երբ խոսքը ներսի խնդիրների մասին է, և մյուս կողմում իշխանությունն է, բոլորս հավասա՞ր ենք: Ո՛չ: Ամեն կոչ ու հորդոր պիտի ունենա հստակ հասցեատեր, այլապես արվածն անբարոյականություն է:



Անշուշտ, ամեն ոք ինքն է որոշում, թե ով է իր եղբայրն ու արյունակիցը, բայց եկեք սուտ եղբայրություն չխաղանք: Մեզնից շատերի համար եղբայր չեն եղել ու չեն կարող լինել նրանք, ովքեր հուլիսի 29-ին ոչնչով չէին տարբերվում բաշիբոզուկներից: Ազգը փրկելու համար նախ պետք է այն մաքրել, իսկ դա սկսվում է հավասարության նշանները ջնջելուց և ամեն մարդու իր ճիշտ անունն ասելուց: Եթե` ոչ, ուրեմն անհասցե բարոյախոսներն անուղղակի կերպով հովանավորում են իրենց «եղբայրներին» և հավասարապես պատասխանատու են նրանց հանցանքների համար:



Այսպես կոչված` իրավապահների գործողությունների մասին շատ է խոսվել և կխոսվի երկար: Նրանք պիտի կատարեն իրենց ծառայողական պարտականությունները, բայց ոչ վայրագություններ` անձնական հաճույքի համար: Նրանցից ոմանք թքել են բերման ենթարկվածների վրա և ստիպել են լիզել իրենց կոշիկները ոչ թե այն պատճառով, որ պարտականություն են կատարել, ոչ թե այն բանի համար, որ սիրում են նախագահին և ատում նրա դեմ ըմբոստացած ժողովրդին, այլ որովհետև դրանից ստացել են… հաճույք: Եվ սա ամենի՛ց ցավալին է: Մեծ հարցերի վրա նմաններն իրականում թքած ունեն: Թքած ունեն և՛ իրենց հրաման տվողի, և՛ ամբողջ իշխանության, և՛ ամբողջ ազգի ու պետության վրա: Կարևորն այն է, որ իրենց դրսևորվելու առիթ էր տրվել: Աջ ու ձախ ծեծելո՛ւ իրավունք:



Իշխանություն բանեցնելո՛ւ իրավունք: Ստորացնելո՛ւ իրավունք: Խեղճուկրակ տատիկին ֆաշիստաբար բերման ենթարկող ոստիկան աղջիկն ամենևին էլ չէր մտածում, թե հրամանը պարտավոր է կատարել այդպես: Բնա՛վ: Նա դա անում էր… հաճույքով: Ահա՛ ողբերգությունը: Նմանները հրամանի դեպքում առանց աչք իսկ թարթելու կրակում են նաև անմեղ ու անզեն ժողովրդի վրա ոչ թե այն պատճառով, որ իրենց հրաման է տրվել, այլ որովհետև ցանկանում են ուժ ցուցադրել, աչքի ընկնել… Եվ այսպես` հասել ենք նրան, որ արդեն ուրիշներն են դատապարտում կատարվածը: Ուրիշներն են պահանջում, որ անկախ Հայաստանում հայ իշխանությունների հրահանգով հայ իրավապահները հայերի նկատմամբ բիրտ ուժ չկիրառեն և դադարեցնեն խոշտանգումները: Մնում է, որ այս հորդորներին միանա նաև Թուրքիան: Ահա՛, ուր ենք հասել…



Չկա այնպիսի հայ (եթե խելապակաս չէ), որ չցանկանա համահայկական համերաշխություն, սակայն «հայը հայի դեմ չպիտի դուրս գա» և «հայը հայի վրա ձեռք չպիտի բարձրացնի» կարգախոսները, որոնք սովորաբար հնչում են ժողովրդի ընդվզման պահերին, պատճառ են դարձել, որ 25 տարում Հայաստանը կորցնի մեկ միլիոնից ավելի (գուցե մեկ ու կես միլիոնին մոտ) հայ: Ասում եմ` կորցնել, որովհետև, ինչպես ցույց է տալիս պատմությունը, մի քանի սերունդ հետո հեռացածների սերունդներն ուծանում են, ձուլվում: Ընդ որում` այս կարգախոսները սովորաբար ուղղվում են ժողովրդի ըմբոստ հատվածին, այլ ոչ իշխանությանը, որի` արյուն թափելու սպառնալիքներն ու իրականացրած կոտորածը մեզանից ոմանք համարում են օրինական գործողություն: Հիմա նժարին դնենք մեր «ձեռքբերումներն» ու կորստի չափը… Ասացեք, խնդրեմ, այդ ո՞ր մի պատճառաբանությամբ է արդարացվում մեկ միլիոնից ավել զոհ տալու փաստը:



Քարեդարյան պայքարի կոչ չեմ անում, բայց, ավա՜ղ, կա մի իրողություն. երբ դիմացինդ այնքան է հղփացած, որ հասկանում է միայն ուժի լեզուն, քարը ձեռքին մի երեխան անգամ նրան ավելի է վախեցնում, քան միլիոնների հասնող` օրինավոր ու կարգապահ ժողովուրդը:



Գուրգեն Միքայելյան