Անհասկանալի իրավիճակ Գյումրու Աճեմյան թատրոնում

Անհասկանալի իրավիճակ Գյումրու Աճեմյան թատրոնում

Վերջին օրերին անհասկանալի աղմուկ է բարձրացել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Բանն այն է, որ թատրոնի գործող տնօրեն Գ. Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է: Վերջինս տնօրենի պաշտոնի համար, ըստ գործող կարգի, սպասվող ընտրություններում չի առաջադրել իր թեկնածությունը: Սրա փոխարեն առաջադրվել է երկու այլ անձ՝ Գյումրու «Ցայգ» ՀԸ տնօրեն Մ. Մինասյանը եւ «Ցայգի» աշխատակից Ա. Կիրակոսյանը: Հենց այս փաստն էլ առաջ է բերել որոշակի խմորումներ աճեմյանցիների մոտ: Նրանք տնօրենի չառաջադրվելու մասին ասում են, որ երեւի մոռացել է ներկայացնել փաստաթղթերը, եւ իրենք տեղյակ չեն եղել, որ ընտրություններ են սպասվում: Իհարկե, կարելի է հասկանալ, որ արվեստի մարդիկ կարող են լինել մոռացկոտ, էմոցիոնալ, սակայն նման հարցերում մոռացկոտությունը կամ անտեղյակությունն անհասկանալի է։ Բացի այդ, մամուլում արված հրապարակումներից պարզ է դառնում, որ աղմկում են մի խումբ աճեմյանցիներ, մինչդեռ «ամենայն հավանականությամբ, իր փաստաթղթերը տնօրենի պաշտոնի ընտրությունների մասնակցության համար ներկայացնելը մոռացած» Գ. Խաչատրյանը հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել ստեղծված իրավիճակը եւ այդպիսով պարարտ հող ստեղծել իր աշխատակիցների համար՝ ավելի բարձր աղմկելու: Գ. Խաչատրյանի ներդրումը թատրոնում անուրանալի է, եւ միայն Մհեր Մկրտչյանի փոքր բեմի կյանքի կոչումը խոսում է այն մասին, որ նա ոչ միայն լավ մարդ է, այլ նաեւ ձեռնհաս տնօրեն, գործից հասկացող, հետեւաբար` ոչ կարող էր մոռանալ, որ իր պաշտոնավարման ժամկետը լրանալու է, ոչ էլ՝ առավել եւս, ուներ կարիք մի շարք աղմկարար աշխատակիցների «փաստաբանության»:



Ուստի դժգոհողների կռվաններն այս մասով չեն դիմանում ամենապրիմիտիվ քննադատության: Գալով արդեն առաջադրված թեկնածուների ոչ կոմպետենտությանը, կարելի է միայն արձանագրել մի պարզ իրողություն. հեռուստատեսություն, ԶԼՄ ղեկավարելը շատ ավելի բարդ է, քան թատրոն ղեկավարելը: Եթե թատրոնում առավելագույնը 300 հանդիսատեսի առաջ է խաղարկվում գեղարվեստական ստեղծագործություն, ապա ԶԼՄ-ն կամ հեռուստատեսությունն ավելի լայն լսարան ունի, ավելի բարդ մրցակցության է ենթակա եւ, հետեւաբար, ավելի նոր լուծումների եւ ստեղծագործական մոտեցումների դաշտ է: Հատկապես, եթե այն մասնավոր հեռուստաընկերություն է, ապա մեջտեղ է գալիս շուկայում պահպանվելու կենսունակությունը, գովազդատու ունենալու անհրաժեշտությունը, որն ինքնին ենթադրում է փորձառու մենեջմենթի կիրառում, ճիշտ քաղաքականության մշակում եւ այլն: Այս համատեքստում Մ. Մինասյանի կողմից 20 տարի ղեկավարվող «Ցայգը» կարելի է համարել իրոք օրինակ ինչպես արդեն նշված մենեջմենթի, այնպես էլ հավասարակշռվածության: Հետեւաբար անկարելի է, որ ՀՀ նախագահի եւ ԱԺ ընտրություններ (չենք հաշվում ՏԻՄ ընտրությունները) անցնցում կերպով լուսաբանած-անցկացրած եւ հեռուստաընկերությունը նաեւ ներքաղաքական թոհուբոհով անցկացրած անձը (հիշենք, որ «Ցայգն» Ավետիսյանների սպանդի օրերին հիմնական աղբյուրն էր եւ ինֆորմացիայի մատակարարը) կոմպետենտության պակաս ունենա եւ չկարողանա թատրոնի կոլեկտիվի հետ աշխատել։ Որքան էլ որ այն արվեստագետների կոլեկտիվ լինի:



Իսկ «Ցայգի» պաշտոնական կայքի մոնիթորինգը ցույց է տալիս, որ ամբողջ 2015-ի ընթացքում «Ցայգը» լուսաբանել է աճեմյանցիների 150-ամյակի հոբելյանական միջոցառումները` սկսած փորձերից մինչեւ պրեմիերաներ եւ թատրոնի մասին աֆորիզմների փոքրիկ հոլովակներ՝ մարզպետի, քաղաքապետի, թեմի առաջնորդի եւ քաղաքի մյուս երեւելիների կողմից արտասանված: Մինչդեռ մասնավոր հեռուստաընկերությունը պարտավորություն չունի լուսաբանելու այն, ինչն իր համար կոնկրետ օգուտ չի բերում, եւ մշակութային լուրերն ամենաքիչ դիտելիություն ունեցողներն են՝ որպես կանոն։ Իսկ դիտելիություն` նշանակում է գովազդ, եկամուտ: Եվ, վերջապես, իր պատմության մեջ նույնիսկ Երեւանի մայր թատրոնն է ունեցել տնօրեններ, որոնք չեն եղել այդ կոլեկտիվի անդամ կամ անմիջական կապ չեն ունեցել թատրոնի հետ: Եթե չենք սխալվում, Գյումրու Աճեմյանի անվան թատրոնը եւս իր պատմության մեջ ունեցել է նման նախադեպեր: Եվ եթե հաշվի առնենք, որ թատրոնն ունի գեղարվեստական խորհուրդ, եւ տնօրենի պաշտոնն արդեն մենեջերի, կազմակերպչի դեր է ենթադրում եւ ոչ թե թատրոնի ներքին ստեղծագործական կյանքին միջամտություն, ապա դժգոհություններն առհասարակ դառնում են անիմաստ: Հատկապես որ քսանմեկերորդ դարում թատրոններն ամբողջ աշխարհում հիմնականում անցում են կատարում դասականից պրոդյուսերական թատրոնի, ինչը ենթադրում է, որ ամեն թատրոն պետք է ունենա լավ մենեջեր եւ կառավարիչ:



Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ