Հայաստանի քաղաքացիներ, մի միզեք. ակցիա դատարանի դիմաց. Տեսանյութ

Հայաստանի քաղաքացիներ, մի միզեք. ակցիա դատարանի դիմաց. Տեսանյութ

Այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունը։



Դատավորը խորհրդակցական սենյակում է



Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ դատարանին ներկայացրել էին այն փաստական հանգամանքները, որ Արամ Մանուկյանը վատառողջ է, ենթարկվել է ծանր վիրահատությունների, որի հետևանքով չի կարողանում ինքնուրույն շարժվել: Արամը ունի դրական բնութագիր, նա ուսանող է, զրկված է իր ուսումը շարունակելու հնարավորությունից: Փաստաբանի խոսքերով՝ երաշխիք է նաև այն հանգամանքը, որ Արամի հայրը՝ Պավել Մանուկյանը, գտնվում է կալանքի տակ և նա չի կարող պարզապես նրան թողնել այդ վիճակում։ Դատական նիստի ընթացքում դատավորը հետաքրքրվել է՝ որպես գրավ ինչքա՞ն գումար պետք է սահմանվի և ո՞վ պետք է այն վճարի։ Պաշտպանական կողմը պատասխանել է, որ Արամ Մանուկյանի մայրը եւ քույրը կարող են 1 միլիոն դրամ վճարել։ Քննիչը պաշտպանական կողմի հանգամանքներին որպես առարկություն ներկայացրել է, թե Արամը կարող է կատարել գործողություններ՝ հորն ազատի, նոր հանցագործություններ կատարի։ Այս ամբողջից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:



Ի աջակցություն Արամ Մանուկյանի



Արամ Մանուկյանին սատարելու համար դատարանի բակում էին հավաքվել նրա գաղափարակից ընկերները, համակիրները, մտերիմներն ու հարազատները: «Ազատություն Արամ»-ին, «Արամ», «Սասնա ծռեր» վանկարկումները հավաքվածների խոսքերով՝ Արամին ոգևորելու և իրենց աջակցությունը հայտնելու համար էր: Հավաքվածներից մի քանիսը բարձրախոսով հանդես եկան՝ նշելով, որ Հայաստանի բոլոր քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Ուշագրավ էր այն միջադեպը, երբ դերասանուհի Թամարա Հովհաննիսյանը ցանկանում էր օգտվել դատարանի պետքարանից, սակայն նրան թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, որ աշխատանքային ժամից հետո չեն կարող թույլ տալ օգտվել սանհանգույցից: Թամարա Հովհաննիսյանն էլ հայտարարեց. «Ասում են՝ կարգն այդպես է, այսինքն կարգն ասում է՝ Հայաստանի քաղաքացիներ, մի միզեք»:



Արամ Մանուկյանը գրավի դիմաց ազատ չարձակվեց



3 ժամից ավելի խորհրդակցական սենյակում մնալուց հետո դատարանը հրապարակեց որոշումը, ըստ որի` մերժել է միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց Արամի փաստաբաններից Հարություն Բաղդասարյանը: Փաստաբանի խոսքերով՝ դատարանը գտել է, որ որ Արամ Մանուկյանի կատարած գործողությունները հիմք են տվել մտածել, որ գրավով ազատելը այս պահին հիմնավոր չէ, քանի որ թե առաջին ատյանի դատարանը, թե վերաքննիչ դատարանը գտել են, որ այն պայմանները, որոնցով կալանավորել են, դեռևս մնացել են։ Դատարանը կարծում է, որ Արամը կարող է խոչընդոտել նախաքննությանը: Հարություն Բաղդասարյանի կարծիքով՝ ստեղծված պայմաններում ոչ ոք չէր համարձակվի Արամ Մանուկյանի նման անձանց խափանման միջոցը փոխել։ Իսկ թե ինչու Արամը չի ցանկացել ներկա գտնվել դատական նիստին, Հարություն Բաղդասարյանը դա բացատրեց հոգեբանական տեսանկյունից. նրա համար շարժվելը դժվարություն է և պատգարակով գալը անհարմարություն կարող է առաջացնել: