«Ժամանակ». Սերժ Սարգսյանն ամբողջացրեց եռանկյունին

«Ժամանակ». Սերժ Սարգսյանն ամբողջացրեց եռանկյունին

«Ժամանակ» թերթը գրում է. «Արթուր Դավթյանը ԱԺ քվեարկությամբ, 97 կողմ եւ 3 դեմ ձայնով, նշանակվեց Հայաստանի Հնրապետության գլխավոր դատախազ վեց տարի ժամկետով:



Հետաքրքրական է, որ գլխավոր դատախազի հերթական թեկնածությանը ԱԺ-ում դեմ է քվեարկել երեք պատգամավոր, ինչպես Գեւորգ Կոստանյանին գլխավոր դատախազ նշանակելիս: Այն ժամանակ քվեարկությունը դարձավ սկանդալային, երբ Նիկոլ Փաշինյանը լուսանկարեց իր քվեաթերթիկը, որից հետո առաջ եկավ հարցը, թե ինչպես է Սերժ Սարգսյանի ներկայացրած գլխավոր դատախազի թեկնածուին կողմ քվեարկել ընդդիմությունը: Այս անգամ, սակայն, կարծեք թե ոչ մի սկանդալ չկա, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած գլխավոր դատախազի թեկնածուի հարցում կա երեք ընդդիմադիր ձայն եւ 97 կողմ: Վերջիվերջո, մի քանի օր առաջ տեղի է ունեցել ընդդիմություն-իշխանություն կամ 3+2 համաձայնությունը Ընտրական օրենսգրիք շուրջ՝ մի կողմից ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, իսկ մյուս կողմից՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ: Իսկ այդ համաձայնությունը, անկասկած, միայն Ընտրական օրենսգրքի շուրջ դրույթներ ու մոտեցումներ չէ, որ ներառում է, այլ նաեւ մի շարք այլ առանցքային խնդիրներ եւ, անկասկած, նաեւ գլխավոր դատախազի հարցը:



Տվյալ պարագայում բանն այն չէ, որ ՀՀԿ-ն չէր կարող ՀՅԴ-ի հետ միասին անցկացնել դատախազին, որին ներկայացրել էր Սերժ Սարգսյանը: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանին նաեւ շատ կարեւոր է ստուգել, թե ինչպես է աշխատում «լայն կոնսենսուսը»:



Կոնսենսուսը փաստորեն աշխատում է: Իսկ ինչպես կաշխատի նոր գլխավոր դատախազը՝ ըստ էության այդ հարցում կարեւոր չէ ոչ մեկի համար, քանի որ այդ կառույցը ներկայումս դուրս է ներքաղաքական զարգացումների տրամաբանությունից, ֆունկցիոնալ առումով չկա այդ զարգացումների, այսպես ասած, ճանապարհային քարտեզում: Մյուս կողմից՝ այստեղ իհարկե նկատելի է նաեւ, որ Սերժ Սարգսյանն ըստ էության ամբողջացնում է իրավապահ «եռանկյունին»՝ ԱԱԾ, ոստիկանություն, գլխավոր դատախազություն, ամբողջացնում է այդ «եռանկյունու» վստահելիությունն իր հանդեպ, եւ սա թերեւս այն կոնսենսուսի գինն է, որ վճարվում է նախընտրական գործընթացի շուրջ փոխհամաձայնությունների համար:



Ըստ որում՝ այդ հարցում մեծ հաշվով ընդդիմադիր ալիքի բացակայությունը երեւի թե պայմանավորված է ոչ միայն դրա դիմաց նախընտրական կոմպրոմիսներ ստանալով, վերջին հաշվով, Սերժ Սարգսյանն անկասկած որեւէ դեպքում չի գնա նախընտրական որեւէ լիարժեք երաշխիքի, որքան նրանով, որ իրավապահ «եռանկյունին» ֆունկցիոնալ առումով ներկայումս ավելի շուտ Սարգսյանի ձեռքին գործիք է լինելու ներիշխանական, քան լայն ներքաղաքական հարցերում»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում