Անդրանիկ Նիկողոսյանը հիմա էլ ձկնաբույծների նախագահ է դարձել

Անդրանիկ Նիկողոսյանը հիմա էլ ձկնաբույծների նախագահ է դարձել

ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, ոը Հայաստանում հայտնի է մի շարք հավակնոտ նախաձեռնություններով, նոր ամպլուայով է հանդես գալիս Ռուսաստանում։ Պարզվում է, նա ունի ձկնաբուծական ընկերություն՝ «Ցարսկոյե օզերո» անունով, որը պետական ծրագրերում է ներգրավված։ Իսկ այսօր ԱՊՀ երկրների ձկնարտադրողների միությունը Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և մանր ու միջին ձեռնարկատերերի առաջին համատեղ հավաքի ժամանակ Անդրանիկ Նիկողոսյանին ընտրել է կառավարման խորհրդի նախագահ։



Միությունն այս բազմաթիվ նպատակներ ունի՝ կադրերի ուսուցումից մինչև ձկնաբուծության ոլորտում գիտաուսումնական կենտրոնների ստեղծում ԱՊՀ տաբեր երկրներում։ Նորաստեղծ կազմակերպությունը նաև նպաստելու է ԵՏՄ շրջանակներում ընդհանուր սպառողական շուկայի ձևավորմանը։ Կազմակերպությունը նաեւ թերթ է տպելու, ամսագիր, կայք է ունենալու, անգամ դրոշ, Նիկողոսյանի «ձկնաբույծները» բոլորից տարբերվող համազգեստ են ունենալու, ակտիվորեն համագործակցելու են ՌԴ ռեգիոնալ պետական կառույցների հետ, գումարներ են ստանալու Ռուսաստանի Դաշնությունից։



Ուղղակի զարմանալի է, որ այնպիսի կառույցներ, ինչպիսին են ԱՊՀ երկրների կառավարությունները, Գիտությունների ակադեմիաները, ԵՏՄ կառույցները Անդրանիկ Նիկողոսյանի հետ մեծ հույսեր են կապում։ Սա կասկածի տակ է դնում դրանց լրջությունը։ Թեև այս Օստապ Բենդերը ռեգալիաների և մեդալների մի ամբողջ հավաքածու ունի, որոնք վկայում են, որ նրան հավատացողների շարքը բազմամարդ է։ 2008 թվականին նա Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ դարձավ, 2010-ին Մեդվեդևի. հրամանագրով Ռուսաստանի հետ մշակութային կապերի զարգացման գործում ներդրում ունենալու համար նա Բարեկամության շքանշան ստացավ, անգամ ամենայն Ռուսիո Պատրիարքի շքանշանակիր է։ Իսկ Հայաստանում Նիկողոսյանը հայտնի է որպես սկանդալների հերոս։ Նրա նախաձեռնություները միշտ աղմուկ են առաջացնում։ Բավական է հիշել ռուսական գրքի տներում «Պուտինի ակումբներ» բացելու գաղափարը, կամ Գյումրիում «Պատվո բլուր» հուշահամալիրի կառուցումը, որի համար Անդրանիկ Նիկողոսյանը մեծ գումարներ էր խոստացել, որոնք սակայն չէին տվել շինարարներին և անհետացել էր։



Անդրանիկ Նիկողոսյանն ինչի ասես, որ ձեռք չէր գցում, մշտապես պարծենալով իր ռուսական կապերով։ Մի քանի տարի Երևանում անգամ համերգային ծրագրերի կազմակերպմամբ է զբաղվել, որի համար Օպերայի մոտակայքում գրասենյակ էր բացել։ Նա ուզում էր նաև Ջիգարխանյանին Հայաստան հրավիրել, ասելով, որ վերջինս իրեն շատ լավ է ճանաչում։ Բայց նախաձեռնությունն այս մնաց օդում, ինչպես այլ «վառ» պրոյեկտները։ Պետք է ընդունել, որ նա մարդկանց «խանդավառելու», իր հետևից տանելու տաղանդ ունի, բայց անգամ այս փոքրիկ օֆիսի մի քանի աշխատողներին «քցեց», ամիսներով ուշացնելով նրանց չնչին աշխատավարձը։



Ինչ որ շրջան էլ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի խորհրդականն էր։ Ասում են, նաև նախագահ Սերժ Սագսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի հետ ընկերական հարաբերություններ ունի, ինչը ևս զարմանալի է։ Ինչի՞ մասին կարող են խոսել բոլորովին տարբեր այս երկու անձինք։



Սյուզան Սիմոնյան