Ի՞նչ են խոսել Աբել Աղանբեկյանն ու Սերժ Սարգսյանը

Ի՞նչ են խոսել Աբել Աղանբեկյանն ու Սերժ Սարգսյանը

Ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի հետ զրույցի ժամանակ նախ հետաքրքրվեցինք, թե Հայաստանի կառավարությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն իրեն 2009 թվականին հրավիրել էր այստեղ, իրագործե՞լ է արդյոք իր առաջարկներից գոնե մեկը: Նա պատասխանեց, որ Հայաստան էր եկել սեփական նախաձեռնությամբ, ոչ թե վարչապետի հրավերով։ Ինչ վերաբերում է իրագործումներին, ապա՝ այո, որոշ քայլեր արվել են: 



- Հայաստանի տնտեսական զարգացումը շատ բազմազան է, օրինակ` ինֆորմատիզացիայի ծրագիրը, որը համապատասխանում էր իմ առաջարկին, կառավարությունն ընդունեց, բայց չեմ կարող ասել, որ առաջինը ես եմ արել այդ առաջարկը: Ինձնից առաջ էլ են արել։ Իհարկե, շատ բան է արվում իմ նախանշած ուղղություններով: Բայց Հայաստանը զարգանում է շատ ավելի դանդաղ, քան մյուսները, եւ նրա զարգացումն առայժմ չի նկատվում:



- Ի՞նչ պետք է անել, Ձեր կարծիքով:



- Պետք է ծրագիր: Հիմա Հայաստանում նոր կառավարություն է` Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, իմ լավ ծանոթի: Ես նրա հետ առնչվել եմ Հայաստանի տնտեսությամբ զբաղվելու ժամանակ, պետք է ասեմ, որ կարելի է մեծ հույսեր կապել նրա հետ:



- Հույս կա՞, որ նա Ձեզ կլսի:



- Դա այդքան էլ կարեւոր չէ` կլսի նա ինձ, Ձեզ կամ էլի ինչ-որ մեկի: Նա ինքնուրույն մարդ է, եւ կարեւորն այն է, որ գործ լինի:



- Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին, մյուս կողմից փորձում է ԵՄ-ի հետ ինչ-որ ծրագրեր իրագործել. կարո՞ղ ենք մենք միաժամանակ նստել երկու ձիու վրա: Եվ որքանո՞վ է օգտակար մեզ համար ԵՏՄ-ին անդամակցելը:



- Մենք երկու ձիու վրա չենք նստած: Դուք մոռացաք Չինաստանը, որի հետ եւ Հայաստանը, եւ Ռուսաստանն արտաքին առեւտրային շրջանառության խոշոր բաժին ունեն: Հայաստանի դեպքում՝ մի քիչ ավելի փոքր, քան եվրոպական երկրների հետ: Հետո՝ ես չեմ գտնում, որ այդ երկու ձիերը տարբեր են: Պետք է բոլորի հետ ունենալ լայն առեւտրատնտեսական հարաբերությունները: Հնարավոր չէ էֆեկտիվ լինել մեկուսացված վիճակում: Հայաստանը Ռուսաստանից է օգտվում, Ռուսաստանն էլ` Հայաստանից: Հասկանո՞ւմ եք` Հայաստանը շատ նեղ ներքին շուկա ունեցող երկիր է՝ փոքր էկոնոմիկայով, եւ հնարավոր չէ էֆեկտիվ արտադրություն կազմակերպել, եթե այն չես արտահանելու: Իսկ Հայաստանի արտահանումը շատ փոքր է:



- Հիմա Հայաստանի բնակիչներից շատերը բանկերին մեծ պարտքեր ունեն, որոնց վիճակագրությունը չի հրապարակվում: Հայաստանի բնակիչների համար սա արհավիրք է դարձել, շատերը փողոցում են հայտնվում: Ի՞նչ անել:



- Դա ավելի շատ բանկերի գլխացավանքն է: Պետք է վարկերն ավելի հիմնավորված տրամադրեն: Վատ են վարվում քաղաքացիների վարկային պատմությունները: Եթե մի բանկում վերցրել եք, պետք է մյուսն այլեւս չտա գումար, պետք է իմանան, թե դուք որ բանկում ինչքան եք վերցրել:



- Հաճախ բանկերը տալիս են բարձր տոկոսներով վարկ, առանց ամուր երաշխիքի՝ իմանալով, որ վերջում դատերը, միեւնույն է, իրենք են հաղթելու, եւ եթե ոչ տվյալ անձը, ապա նրա ընտանիքի անդամներին կստիպեն վճարել։ Սա արդար չէ:



- Ոչ ոք էլ չպետք է վճարի, դա օրինական չէ: Դա ամբողջությամբ բանկի մեղավորությունն է, նրանց չհաշվարկված ռիսկի հետեւանքը: Ձեր Կենտրոնական բանկն ունի բանկերի պարտքերի վիճակագրությունը, ես չգիտեմ, թե ինչու չի հրապարակում: Ռուսաստանի Կենտրոնական բանկը, օրինակ, հրապարակում է: Բայց ես կարող եմ ասել, որ բանկը երբեք չի նշում, որ մեծ ժամկետանց պարտքեր ունի: Եթե նշի, նրան գումար չեն տա, դրա համար բանկը միշտ ավելի լավ բալանս է ցույց տալիս, քան կա իրականում:



- Դուք ցույց տվեցիք մեր տնտեսության «սեւ անցքերը», բայց դրանք միայն պետական քաղաքականության պայմաններո՞ւմ է հնարավոր վերացնել:



- Իհարկե: 



- Մեր պետությունը մինչեւ հիմա չի կարողացել նեղել մենաշնորհներին, օլիգարխներին: Ի՞նչ կարելի է անել նրանց հետ: Նոր վարչապետի օրոք ինչ-որ հույս, ճիշտ է, հայտնվել է: 



- Ես չեմ կարծում, որ նոր կառավարությունը պատերազմ կսկսի մենաշնորհների դեմ:



- Իսկ ի՞նչ անել, առանց դրա հնարավո՞ր է:



- Դա կարելի է առանց պատերազմ հայտարարելու էլ անել՝ կամաց-կամաց նրանցից ավելի շատ վերցնելով: Օրենքի շրջանակներում՝ իհարկե: Չի կարելի նրանց երես տալ, բայց լիկվիդացնել նույնպես պետք չէ: Իսկ սեղմել, ճնշել նրանց, սահմանափակել, չտալ արտոնություններ, հորինել լրացուցիչ հարկեր նրանց համար, որոնք չափից շատ են վերցրել, միանգամայն կարելի է: Պետք է խստացնել հարկային ծառայությունը: Պետք է բանտ նստեցնել այն պետական պաշտոնյաներին, որոնք արտոնություններ են տալիս մոնոպոլիստներին եւ օլիգարխներին: Ոչ թե օլիգարխներին պատժել, այլ այն չինովնիկներին, որոնք նրանց անօրինական ձեւերով օգնում են: Սա կարելի է անել, բայց ամենակարեւորը ես ասել եմ Սերժ Սարգսյանին, երբ որ նա դարձավ վարչապետ: Նա հարցրեց ինձ՝ ի՞նչ անել: Եվ ես ասացի` մի շատ հասարակ խնդիր է հարկավոր լուծել: Դուք պետք է աշխարհով մեկ, Ռուսաստանում, մյուս երկրներում գտնեք հայերից մոտ 11 հոգու՝ լավագույններին, եւ նրանց հանձնարարեք առանցքային կարեւոր գործեր: Էլ ոչինչ պետք չէ անել: Դուք պետք է գտնեք լավագույն մարդկանց, ստեղծեք նրանց համար պայմաններ, եւ նրանք կանեն ամեն ինչ ձեր փոխարեն:



- Իսկ նա ի՞նչ ասաց:



- Նա հարցրեց՝ երբեւիցե եղե՞լ է այդպիսի փորձ: Ասացի` այո, եւ ես դրան մասնակցել եմ: Գիտնականների վերաբնակեցման ժամանակ, 1957-1961 թվականներին, Մոսկվայից եւ Լենինգրադից Սիբիր տեղափոխվեց ողջ ակադեմիկոսների 20 տոկոսը: Դա ավելի մեծ թիվ է, քան ամբողջ Ուկրաինայում գիտնական կա: Օրինակ, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է տեղափոխել 800 պրոֆեսորի: Մոսկվայից, Լենինգրադից, որտեղ նրանք հայր, մայր, երեխաներ, կանայք ունեին, աղքատ մարդիկ չէին, ունեին լավ բնակարաններ, լավ աշխատանք, պետք է ամեն ինչ թողնեին ու գնային չգիտես որտեղ, իսկ ամենամոտ կետը Նովոսիբիրսկից 30 կմ հեռու էր: Ոչ կապ կար, ոչ ճանապարհներ:



- Իսկ ինչո՞ւ գնացին: Հայրենասիրությունից դրդվա՞ծ:



- Ոչ, ես պետք է ընդամենը 7 հոգու հետ պայմանավորվեի: Ես մեծ ջանքեր թափեցի, որպեսզի համոզեմ ակադեմիկոս Սոբոլեւին: Իսկ ո՞վ էր Սերգեյ Լվովիչ Սոբոլեւը: Այսօրվա մաթեմատիկայի դասականը, որը 15 ակադեմիկոս աշակերտներ ունի, թղթակից անդամներ, հարյուրավոր դոկտորներ ձեռքի տակ, եւ եթե նա գնաց, ուրեմն 3-4 ակադեմիկոս նրա հետ կգնան, որովհետեւ դա Սոբոլեւն էր, որը չէր կարող չստեղծել համաշխարհային մակարդակի ինստիտուտ:



- Ե՞րբ եք տվել այդ խորհուրդը Սերժ Սարգսյանին:



- Վաղուց, կարծեմ՝ 2008 թվականին:



- Իսկ հիմա ի՞նչ խորհուրդ կտայիք:



- Հեռանալ: Նա ցույց տվեց, որ չի կարող ոչինչ անել:



- Բայց Դուք ասացիք, որ Կարեն Կարապետյանի հետ ինչ-որ հույս կապում եք: Նրա հետ կխոսե՞ք, խորհուրդներ կտա՞ք:



- Հիմա` ոչ, մոտ ապագայում նա պետք է յուրացնի հայաստանյան տնտեսությունը, նա դեռ չգիտի էկոնոմիկան, պետք է մի քիչ «եփվի», խորանա, հետո անպայման կխոսեմ:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ