Կամ ընտրել է իշխանությանը, կամ չի ընտրել եւ չի հետեւել, որ իր ընտրած իշխանությունը լինի

Կամ ընտրել է իշխանությանը, կամ չի ընտրել եւ չի հետեւել, որ իր ընտրած իշխանությունը լինի

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում քաղաքապետ էին ընտրում եւ, ավանդույթի համաձայն, թե՛ ընտրության օրը, թե՛ ընտրությունից հետո խոսում էին ընտրախախտումների, կեղծիքների, ընտրակաշառքի մասին՝ մեղադրելով իշխանական թեկնածուներին։ Այդ օրը Գյումրու տիկնիկային թատրոնում տեղակայված 34/44 ընտրատեղամասում քվեարկում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ Նրա հետ զրուցեցինք այն պահին, երբ նոր էր քվեարկել եւ դուրս եկել տեղամասից, խնդրեցինք գնահատել ընտրությունների ընթացքը։ Սրբազանն ասաց, որ եթե վատ լուր չկա, արդեն լավ է։



-Վատ լուրը եղավ ընտրություններից մի քանի օր առաջ, երբ գուժեցին թեկնածուներից մեկի որդու մահվան մասին։



-Դե, հա, բայց դա ընտրությունների հետ կապված չէ։



-Ամեն դեպքում, դրան որոշակի նախընտրական, քաղաքական ենթատեքստ տրվեց, հատկապես, որ մահվան հանգամանքները դեռ լիարժեք պարզված չեն։



-Շատ ափսոս, այդտեղ ոչ մի նախընտրական բան չկա, ընտրությունների հետ բացարձակ կապ չունի։ Անշուշտ, բնական է, որ այդ ողբերգությունն ընտրությունների ընթացքի հետ չէ, բայց ինչ-որ ազդեցություն ունեցավ, որովհետեւ թեկնածուներից մեկի անձնական եւ ընտանեկան ողբերգությունն էր։ Բայց դա ոչ մի կապ չունի ընտրական գործընթացների հետ։



-Ի՞նչ կասեք «Բալասանյան դաշինքի» մասին, որի հետ կապված դժգոհություններ կան։



-Միշտ էլ գործող քաղաքապետի, գործող նախագահի, գործող իշխանության նկատմամբ պահանջներն էլ շատ կլինեն, ասեկոսեներն էլ շատ կլինեն, ամեն տեսակի խոսակցություններն էլ շատ կլինեն, դա բնական է։ Քանի որ այսօր ինքն է գործող քաղաքապետը, բնականաբար, բոլոր մեղադրանքները պետք է ուղղվեն իրեն։



-Ինչպե՞ս եք գնահատում նրա աշխատանքն այս տարիներին, գո՞հ եք եղել նրանից՝ որպես քաղաքապետ։



-Դժգոհ չեմ եղել։



-Կցանկանայի՞ք նորից շարունակեր կառավարել։ Ժողովրդի մի մասնիկն էլ Դուք եք, կարծեմ՝ քվեարկեցիք քիչ առաջ։



-Այո, քվեարկեցի, քվեարկությունը, կարծեմ թե, գաղտնի է, եւ ես՝ ինքս, ընտրական գործընթացին չեմ մասնակցել, չեմ սատարել որեւիցե մեկին բացեիբաց, ժողովուրդը դա տեսել է, որ ես որեւէ մեկին չեմ սատարում։ Եվ չեմ սատարում ոչ թե որ կողմնորոշում չունեմ, այլ չեմ ուզում ազդել ժողովրդի կարծիքի վրա։



-Մարդկանց մոտ այն կարծիքն է տարածված, որ եկեղեցին ընտրությունների ժամանակ մշտապես իշխանության կողմն է բռնել։ Պրոիշխանական կեցվածքը սովորաբար ինչո՞վ է պայմանավորված։



-Շիրակի թեմում նման բան չկա, չի եղել, առաջիկայում էլ դժվար թե լինի։ Ես երբեւիցե որեւէ մի իշխանական թեկնածուի չեմ սատարել, բոլորն էլ մեր եկեղեցու զավակներն են՝ իշխանական կողմից, ընդդիմության կողմից, եւ դրա համար ժողովուրդն ում էլ որ քվեն տա, նա ընդունելի անձ է մեզ համար։



-Կարո՞ղ ենք ասել, որ Գյումրին, լինելով ընդդիմադիր քաղաք, Շիրակի թեմն էլ՝ իր մասով, Գյումրիի նման ընդդիմադիր է։



-Շիրակի թեմը որեւիցե մեկին ընդդիմադիր լինելու խնդիր չունի, ինչո՞ւ, որովհետեւ մենք հայրենի պետության մեջ ենք, օտար պետության մեջ չենք, բարեբախտաբար, օկուպացիոն ռեժիմի մեջ չենք, որպեսզի օկուպացիոն ռեժիմի դեմ արտահայտվենք։ Այն իշխանությունը, որ ունենք, հայրենի իշխանությունն է, եւ մենք էլ արժանի ենք այն իշխանությանը, որին ընտրում ենք։



-Բայց եթե Դուք չեք ընտրել, նաեւ ասացիք, որ երբեւէ իշխանության որեւէ թեկնածուի չի սատարել Շիրակի թեմը․․․



-Ընտրություններից առաջ որեւիցե կերպ մենք չենք սատարել, որեւիցե կերպ չենք քարոզել որեւիցե թեկնածուի օգտին։



-Բայց գուցե քվեով նպաստե՞լ եք իշխանության հաղթանակին։



-Քվեով նպաստել ենք, դա կերեւա, ի՞նչ իմանանք։ Ո՞վ գիտի՝ ում քվեով է ընտրվել, մեծամասնությա՞ն մեջ է մեր քվեն, թե՞ փոքրամասնության։



-Ի՞նչ եք կարծում, հիմա մեր եկեղեցին, այդ թվում՝ Շիրակի թեմը, իր քվեով ավելի շատ իշխանությա՞ն կողմն է, թե՞ հակառակը։



-Ուրեմն այս բոլոր տարիներին ես մեր ժողովրդին դաստիարակել եմ ազատության սկզբունքով, սովորեցրել եմ ազատ ապրել, լինել ազատ, առաջինը ես եմ հարգել ազատության իրավունքը։ Սա կրոնական կողմնորոշում չէ, որ պետք է ընդունել ավանդություն եւ այլն, սա քաղաքացիական դիրքորոշում է, որտեղ կարող է նույնիսկ ընտանիքի անդամները տարբեր կերպ քվեարկեն։



-Հայ ժողովուրդն արժանի՞ է այն իշխանությանը, որի օրոք շարունակ սոցիալական պրոբլեմներ ունի, ստիպված է արտագաղթի ճամփան բռնել․․․



-Անշուշտ՝ արժանի է, որովհետեւ կա՛մ ընտրել է այդ իշխանությանը, կա՛մ չի ընտրել եւ չի հետեւել, որ իր ընտրած իշխանությունը լիներ։



-Դո՞ւք էլ եք արժանի։



-Անշուշտ՝ արժանի եմ։



-Դուք էլ եք ընտրել այդ իշխանությանը, փաստորեն։



-Ես ի՞նչ իմանամ՝ ում եմ ընտրել, ես կարող է ընտրել եմ մեկ ուրիշի, բայց ժողովրդի մեծամասնությամբ ընտրվել է մեկ ուրիշը, քանի որ չեմ կարողացել մեծամասնությանը տանել իմ հետեւից։ Նշանակում է՝ արժանի եմ պարտվելուն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ