Բոլորը վարչապետի մոտ էին եկել (Ֆոտո,վիդեո)

Բոլորը վարչապետի մոտ էին եկել (Ֆոտո,վիդեո)

Այսօր կառավարության շենքի դիմաց մարդաշատ էր: Եկել էին ինչպես հին, այնպես էլ նոր «հյուրեր»: Այստեղ էին Կոնդի, Ֆիրդուսի բնակիչները, ովքեր պահանջում են՝ պետության կողմից գերակա շահ ճանաչված իրեն բնակարանների ետ վերադարձը կամ համարժեք փոխհատուցում: Հաշմանդամ օդաչուները, ովքեր հաշմանդամություն են ձեռքբ բերել պետական աշխատանքի ժամանակ, պահանջում են վերականգնել իրենց ամսական 40 հազար դրամ հաշմանդամության թոշակը: Անհատ անձիք, ովքեր խնդրում են վարչապետից սնունդի գումար, կացարան, ընտանիքին աջակցություն:



Այսօր Վանաձորից Երևան էին եկել նաև «Վանաձոր ՋԷԿ»-ի աշխատակիցները, որոնց գումարները մի քանի ամիս է, ինչ չեն վճարել: Նրանց խոսքով՝ նամակով դիմել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն այդպես էլ պատասխան չեն ստացել: Նրանց միակն պահանջն է՝ վճարել 5 ամսվա իրենց աշխատավարձը:



Կառավարության դիմաց էին նաև ՏՏ ոլորտի մի խումբ մասնագետներ: «Եվրոֆուտբոլ» ընկերության իրավաբանական վարչության ներկայացուցիչ Մառլեն Սմբատյանի խոսքով՝ իրենց բողոքը նոր ընդունած Հարկային օրենսգրքի անցումային դրույթներում մեկ հոդվածի ավելացման դեմ է. վիճակախաղերի կազմակերպման և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիաների տարեկան պետական տուրքերը հնգապատիկ ավելացվել է: «Այդ ամենը բերելու է ոլորտում աշխատող մի քանի ընկերությունների փակման, գործատեղերի կրճատման: Մենք ուզում ենք, որ վարչապետը մեզ ընդունի, մենք ունենք խնդրի մի քանի լուծման տարբերակներ»:



Կառավարության բակում հավաքվել էին նաև նաիրիտցիները, նրանք հույս ունեն, որ Նաիրիտը կվերագործարկվի: Այսօր վարչապետի հետ հանդիպում պետք է ունենա «Եվրոպա-Ասիա» հոլդինգը՝ առաջարկելով ինքը վերաբացի Նաիրիտը: Նաիրիտցիները սպասում են հանդիպման ավարտին: Նրանցից ամենաակտիվներից Նորիկն իր սիրելի գործարանին նվիրված բանաստեղծություններ է գրել. «Տարիքս առել, անգործ եմ դառել, ոչ մի տնօրեն գործ չի տալիս հարմար: Ախ իմ հայրենիք, տուն Նաիրիտ, իզուր չի անցել օրերս քո տան, քեզնով եմ ես հպարտացել, որ ազնիվ եմ եղել, քեզ նմանվել: Հիմա ծերացել, անգործ եմ դարձել, հաշվի չեն առնում իմ տարիները»:



Մարամասները՝ տեսանյութում: