Լրագրողների նկատմամբ ճնշումների շրջան է սկսվում

Լրագրողների նկատմամբ ճնշումների շրջան է սկսվում

Իշխանությունն սկսել է 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ուժեղացնել ճնշումները լրագրողների նկատմամբ։ Առայժմ այդ մասին են վկայում տարբեր կառույցներում «ախրանայի» միջոցով լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակելու, նրանց աշխատանքը խոչընդոտելու փաստերը։ Օրերս դրան ավելացան նաեւ հայտարարությունները ՊՆ լրատվականի նախկին պետ, ԿԸՀ նորընտիր անդամ Սեյրան Շահսուվարյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի կողմից։ Նրանք ԱԺ բարձր ամբիոնից կոչ էին անում օրենք ընդունել՝ արգելելու լրագրողներին գրել այն, ինչը թույլ է տալիս ազատ մամուլի գաղափարը։ ՀՀԿ-ական Ավետիսյանը, ով նաեւ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահն է, առաջարկում է խիստ պատասխանատվության ենթարկել հակաքարոզչությամբ զբաղվող ԶԼՄ-ներին։



Փաստորեն, այն լրատվամիջոցները, որոնք իր ներկայացրած Հանրապետական կուսակցությանը, օրինակ, սազը ձեռքներն առած՝ 24 ժամ չեն գովում եւ մատնանշում են Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի քաղաքականության կործանարար հետեւանքները Հայաստանում, պետք է պատժվեն։ Այսինքն՝ այն լրատվամիջոցը, որն ասում է, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանի պետական պարտքն ավելացել է մոտ 3 անգամ, կամ որ Հայաստանից գնացել ու չեն վերադարձել հարյուրհազարավոր քաղաքացիներ, որ նրա կառուցած «ապահով Հայաստանում» ՀՀ քաղաքացին իրեն անպաշտպան է զգում, որ նրա օրոք ունեցանք 800 հեկտարի կորուստ եւ 100 անմեղ զոհ, տեղի ունեցավ Մարտի 1 եւ այլն, պետք է խստագույնս պատժվի։ Նման բռնապետական նկրտումներով տարածաշրջանում առաջին տեղում է Ադրբեջանը՝ իր ալիեւյան տոտալիտար ռեժիմով։ Հիմա մերոնք ուզում են Ալիեւին այս հարցում էլ տան-անցնեն։ Թեեւ Շարմազանովի խոսքում ամեն երկրորդ բառը «ժողովրդավարությունն» է։ 



Ամենատարօրինակն այն է, որ այնպիսի մարդիկ են նման հայտարարություններ անում, որոնց հանդեպ մամուլը չափազանց խնայող է գտնվել։ Հենց թեկուզ Սուքիաս Ավետիսյանը։ Ի դեպ, նա մի ուշագրավ հայտարարություն էլ արեց. «Առաջիկայում, քանի որ ունենք համապետական ընտրություններ, բացառենք լրագրողի կամ լրատվամիջոցի նման դրսեւորումները», անգամ առաջարկեց լիցենզիայից զրկել նման լրատվամիջոցներին՝ չիմանալով, որ Հայաստանում ԶԼՄ-ների լիցենզիա գոյություն չունի։ Ակնհայտ է, որ իշխանական օղակներում անհանգիստ են 2017-ի ընտրությունների հետ կապված եւ կարծում են, որ միայն լրատվամիջոցների «օդերը» փակելու պարագայում կկարողանան անհրաժեշտ ձայներ հավաքել։



Այս ամենն ուղեկցվում է նաեւ կոնկրետ գործողություններով․ Ազգային ժողովը, որ հատուկ պահպանվող տարածքների մեջ առանձնացել է լրագրողների համար լիբերալ պայմանների ապահովմամբ, գնալով փոխում է իր վեկտորը։ Չորեքշաբթի, կառավարության հետ հարցուպատասխանի օրը, երբ պետք է ժամանեին վարչապետն ու նախարարները, ԱԺ անվտանգությունը հատուկ միջոցառումներ էր ձեռնարկել՝ խոչընդոտելով լրագրողների ազատ տեղաշարժն ու աշխատանքը ԱԺ տարածքում։



Նրանք մի քանի մետր շառավղով փակել էին դեպի վարչապետը տանող բոլոր ճանապարհները։ Նախորդ շաբաթ էլ էր գրեթե նույն վիճակը։ Գնալով օղակը սեղմում են։ Եվ որեւէ մեկը տրամաբանական պատասխան չտվեց, թե ով եւ ինչու է նման հրաման արձակել՝ թույլ չտալ լրագրողներին մոտենալ վարչապետին։ Վարչապետի խոսնակ Շուշան Սարդարյանն ասաց, որ դա վարչապետի ցանկությունը չի եղել, իրենք կապ չունեն ԱԺ անվտանգության հետ։ ԱԺ լրատվականի պետ Արսեն Բաբայանն էլ իրեն հատուկ ոճի մեջ լղոզված մի պատասխան տվեց. «Անվտանգության ծառայությունը, իր ծառայողական պարտականություններին, գործառույթներին համապատասխան, կարող է սահմանել հատուկ վերահսկելի գոտիներ այն ժամանակ, երբ գտել է դրա անհրաժեշտությունը»։ Սակայն չկարողացավ բացատրել, թե ինչու են հենց այդ օրը գտել նման անհրաժեշտություն։ Անվտանգության ծառայության աշխատակիցներն էլ չպատասխանեցին մեր հարցերին՝ խնդրելով դիմել ԱԺ լրատվականին։



Նշենք, որ ԱԺ-ում լրագրողների նկատմամբ իբր «խիստ կարգեր» սահմանվեցին այն օրվանից, երբ ԱԺ նախագահ դարձավ Գալուստ Սահակյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար՝ Հրայր Թովմասյանը, եւ ԱԺ լրատվականի պետ՝ Արսեն Բաբայանը։ Այդ շրջանում մտածեցին, որ եկել է ժամանակը լրագրողներին նեղելու, եւ սկսեցին տեսախցիկներ տեղադրել ԱԺ-ում, պահանջել, որ լրագրողները բեյջերը կախեն կրծքից, «ակտեր» ուղարկել խմբագիրներին՝ սպառնալով չենթարկվող լրագրողներին զրկել հավատարմագրումից, նիստից հետո թույլ չտալ մուտք գործել ԱԺ ու նմանատիպ բազմաթիվ էժանագին քայլեր, որով բնական լարվածություն առաջացրին լրագրողների եւ ԱԺ աշխատակազմի միջեւ։



ԱԺ-ից բացի, խստացումներ են սկսվել նաեւ ՀՀԿ գրասենյակում։ Արդեն երկու հինգշաբթի է, ինչ լրագրողներին ՀՀԿ ԳՄ նիստի լուսաբանման համար ցուցակագրում են, ստուգում բեյջերն ու հատուկ հսկողության ներքո ուղեկցում շենքի երրորդ հարկում գտնվող մամուլի սրահ։ Մինչ այդ ներքեւում գտնվող առավել հարմարավետ ու ընդարձակ սրահում, կլոր սեղանի շուրջ էին տեղի ունենում ՀՀԿ խոսնակի եւ լրագրողների ճեպազրույցները։ Նոր սրահն այս տեսակետից առավել անհարմար է։ Բայց սա դեռ ոչինչ՝ եթե դու մեկ րոպե անգամ ուշացել ես, եւ Շարմազանովն արդեն սկսել է խոսել, քեզ ՀՀԿ-ի «ախրանան», որն այդ պահին հսկում է շենքում գտնվող Սերժ Սարգսյանին, թույլ չի տա վերեւ բարձրանալ։ Հարց է ծագում՝ մի՞թե լրագրողներն այդպիսի սպառնալիք են ներկայացնում Հայաստանի իշխանության եւ նրա նախագահի համար, որ նման արտակարգ միջոցներ են ձեռնարկվում նրանց սահմանափակելու ուղղությամբ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ