Արդյոք նորից ծառայություն կմատուցե՞ն 4 դավաճանները

Արդյոք նորից ծառայություն կմատուցե՞ն 4 դավաճանները

Մենք տեղեկացրել էինք, որ Վանաձորի ավագանու նիստում չորս դավաճանների թեթեւ ձեռքով ընդդիմություն դարձած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ բոյկոտելու է ավագանու նիստերը։ Այս որոշումը համաձայնեցրել է իր բախտակից երկու ընդդիմադիր ուժերի՝ ԲՀԿ-ի եւ «Հայկական վերածնունդի» հետ։ 



Բոյկոտի արդյունքում հնարավոր է իսպառ պարալիզվեն Վանաձորի ավագանու նիստերը, եւ նորընտիր ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կանգնի բարդ խնդրի առաջ։ Բանն այն է, որ ավագանու նիստերի կայացման համար անհրաժեշտ է ավագանու 33 անդամների առնվազն կեսի ներկայությունը, որպեսզի քվորում ապահովվի։
«Այսինքն՝ 17 հոգի մարդ պետք է ներկա լինի, որպեսզի նիստը կայանա։ Հետեւաբար, ակնհայտ 15-հոգանոց խմբակցությունը, այսինքն՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին, 15 անդամ ունեն, պետք է ստիպված օգտվեն այն չորս հոգու ծառայություններից»,-ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը։ Եթե նիստը չկայանա, քաղաքապետը չի կարողանա հաստատել նաեւ քաղաքի զարգացման հնգամյա պլանը, բյուջեն եւ այսպես շարունակ։ Բայց եթե այդ չորս հոգին բացահայտվեն եւ գործի անցնեն, ապա ընդդիմության բոյկոտը չի աշխատի, թեպետ նրանք այդպիսով կիմանան, թե ովքեր են այդ չորս դավաճանները։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ ՀՀԿ-ական նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից։ «Ես մեկնաբանություններ էս երկու օրը չեմ տալու, ես նոր պաշտոն եմ ստացել, 100 օր գոնե ինձ պիտի տաք, որ ես կարողանամ մեկնաբանություն տամ։ Ինձ մի ուղղեք որեւէ հարց, ես չեմ պատասխանելու»։



- Բայց ավագանու նիստ պետք է անեք, որը մյուս խմբակցությունները մտադիր են բոյկոտել։



- Ավագանու նիստ չենք անելու առայժմ, ե՞րբ ենք անելու։ Երբ որ անելուց կլինենք, էն ժամանակ կխոսենք։



- Հենց դա է ամբողջ հարցը՝ ինչպե՞ս եք ավագանու նիստ գումարելու, եթե ընդդիմադիր ուժերը բոյկոտեն ու չմասնակցեն իրենց անդամներով, ու քվորում չապահովվի։



- Երբ որ չենք ապահովի, էն ժամանակ Դուք հարցը կտաք, ես էլ կպատասխանեմ։



- Հույս ունեք, որ այդ չորս դավաճանները նորի՞ց Ձեզ կօգնեն։



- Ես չգիտեմ, թե Դուք ում մասին եք ասում, բոլորն էլ հայտարարում են, որ իրենք բոլորը ճիշտ իրենց պայմանավորվածությունները պահել են։



- Դե, չորս հոգի կոնկրետ Ձեր օգտին քվեարկեցին, Դուք հույս ունեք, որ այս անգա՞մ էլ կգան ու Ձեզ աջակից կլինեն։



- Չգիտեմ, ոչ մի բան ես չեմ մեկնաբանում։



- Իսկ գիտե՞ք, թե երբ է նախատեսվում ավագանու առաջին նիստը։



- Չգիտեմ, անկեղծ՝ չգիտեմ։ Ես դեռ չեմ էլ ստանձնել իմ պարտականությունները, նոտարական գործունեությունս պետք է դադարեցնեմ՝ նոր։ Երդման արարողությունը դեռ չի եղել, մոտ օրերս կլինի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ