Տնտեսության մեջ չեն լինում Ձմեռ պապի նվերներ․ տնտեսագետ

Տնտեսության մեջ չեն լինում Ձմեռ պապի նվերներ․ տնտեսագետ

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նշեց, որ վերջին օրերին տեղի ունեցան սպասելի իրադարձություններ։ Երեկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հայտարարությունից Վահագն Խաչատրյանը եկել է այն եզրակացության, որ կարեւոր են ոչ թե ինստիտուտները, այլ՝ անձերը։ Նա նկատեց, որ կառավարություն փոխելով՝ անընդհատ փորձում են ներկայացնել, որ կգան փրկիչներ եւ մեր կյանքը կփոխեն։ Սակայն, դատելով աղքատության աճից, Հայաստանում ծայրահեղ ծանր վիճակից, մարդիկ համոզվում են, որ չկան փրկիչներ։



Անդրադառնալով ՊԵԿ նախագահի հայտարարությանը, որ պետությունը պետք է «փայ» ունենա բիզնեսում, տնտեսագետը նշեց, որ այդպիսով խաթարվում է այն սկզբունքը, որը բնորոշ է շուկայական ազատ տնտեսությանը։ «Սա շատ վատ նախադեպ է»,- այսպես է գնահատում Վահագն Խաչատրյանը ՊԵԿ նախագահի հայտարարությունը։ Նա ուշագրավ է համարում, որ կառավարության անդամներից շատերը եկել են բիզնեսից եւ պետք է հասկանան այդ սկզբունքները։ Վահագն Խաչատրյանի բնորոշմամբ՝ 2017թ․ բյուջեն զիջում է նախորդ տարվա բյուջեին։



Նրա դիտարկմամբ՝ անցած ամիսների ընթացքում մենք ունեցել ենք հետընթաց, ինչը ցույց է տալիս, որ նախորդ տարիների տնտեսական քաղաքականությունն իրեն սպառել է եւ մատնվել է անհաջողության։ «Ո՛չ տրանսֆերտներն են ավելանում, ո՛չ ներմուծման ծավալները»,- եզրակացնում է տնտեսագետը։ Բյուջեն, ըստ նրա, չի կատարվում, սակայն ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում։ «Ի վերջո, բյուջեն օրենք է, իսկ չկատարման դեպքում պետք է պատասխան տալ։ Որեւէ մեկը պատասխան տալի՞ս է դրա համար»,- հարցնում է տնտեսագետը։ 



Ինչ վերաբերում է գալիք տարվա բյուջեին, ապա Վահագն Խաչատրյանը կարծում է, որ չունենալով պատասխանատվություն, մեզ մատուցում են մի քիչ գրագետ հիմնավորումներով փաստաթուղթ, որի արդյունքում մեր քաղաքացիների կյանքում չի լինում որեւէ բարելավվում։ Պետական պարտքին անդրադառնալով՝ Վահագն Խաչատրյանը նշեց, որ այն հատել է վտանգավոր սահմանագիծը։ Նա նշեց, որ մենք պետք է գոնե տարեկան տնտեսական հինգ տոկոս աճ ունենանք, որ կարողանանք պետական պարտքը վճարել եւ չկանգնել փակուղու առաջ։



Վահագն Խաչատրյանը նկատեց, որ աշխարհում գազի գինն իջել է, այդ իսկ պատճառով ուզում են գազի գինն իջեցնել։ Տնտեսագետը նշեց, որ տնտեսություն մեջ չեն լինում Ձմեռ պապի նվերներ։ Նա ասաց, որ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է անելանելի վիճակում, եւ հիմա այլ ելք չի մնում, քան՝ ցույց տալ, որ իշխանություններն ինչ-որ քայլեր են փորձում անել 2017թ․ ընտրություններից առաջ։