ՀՀԿ-ն տանը մնացած օրիորդի պես բոլորին քարշ է տալիս զագս

ՀՀԿ-ն տանը մնացած օրիորդի պես բոլորին քարշ է տալիս զագս

Վարչապետ Կարեն Կարապետյանը թերեւս միակն է, որ փորձեց քիչ թե շատ տրամաբանորեն բացատրել իր «զագսավորումը». երեկ կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ նա իր «հանրապետականացման» 7 պատճառները նշեց։ Թվարկենք կարճ։ Սա Սերժ Սարգսյանի կառավարությունն է, որի հենարանը Հանրապետականն է։ Արդարացված չէր լինի սեփական հենարանի, սեփական կուսակցության ստեղծումը, քանի որ ունենք Արցախի հիմնահարց եւ անվտանգությանն ուղղված սպառնալիքներ։ Իրեն հոգեհարազատ է ՀՀԿ-ի պահպանողական գաղափարախոսությունը, այնտեղ իր համար «ընդունելի» մարդիկ կան: Եվ վերջապես, նա «հանրապետականացավ», որպեսզի փոխի Հանրապետականը՝ «վերցնելով պատասխանատվության իր բաժին բեռը»։ «Ըստ իս, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը, գիտակցելով երկրի անվտանգության եւ զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել եւ ունի իր մեջ այդ ներուժը»,- ասաց Կարեն Կարապետյանը, եւ նրա բացատրությունը հնչեց որպես արդարացում։ Առհասարակ, բոլոր բացատրություններն են հնչում որպես արդարացումներ։ 



Անգամ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը ՀՀԿ ամենաբարձր հայեցողական պաշտոնն զբաղեցնելով հանդերձ՝ լինելով նախագահի աշխատակազմի ղեկավար, նրա կուսակցությանը չէր անդամակցում, որոշեց կուսակցություն մտնելու դիմում գրել։ Նրա բացատրությունը ոմանց կարող է փաստարկված թվալ. «Հաշվի առնելով Հայաստանում իրականացված սահմանադրական փոփոխությունները, այսուհետ կարծում եմ՝ անհնար պետք է լինի անկուսակցական գործունեությունը»: Միեւնույն է, ամենաանկուսակցական կառույցի՝ բանակի հարցերով զբաղվող պաշտպանական գերատեսչության կուսակցականացումը չի տեղավորվում ընդունված պատկերացումների մեջ։ Ահա ինչու երեկ կառավարության նիստից հետո լրագրողները «հավատաքննում» էին նախարարներին գաղափարական հարցերի շուրջ։ Իսկ նախարարները նման էին «2» ստացող աշակերտների, որոնք դասը չեն սովորել եւ միայն վերնագիրը հիշելով, ջանում են տակից դուրս գալ։ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ դեռ դիմում չի գրել, բայց օրվա մեջ գրելու է։



- Պարտադրանք կա՞։



- Չէ, պարտադիր չէ, բայց ես թիմային աշխատող եմ։ Գաղափարախոսությունը Հանրապետականի ինձ մոտիկ է։



-Օրինակ, ո՞ր կետն է Ձեզ մոտիկ։



- Բոլորը կետերը, որ դա Հանրապետական է, եւ դա հանրապետության անվտանգությունը, եւ զարգացումը, եւ ընդհանրապես բոլոր գաղափարախոսությունները կուսակցության կանոնադրության կամ կանոնակարգի մեջ շատ մոտիկ են ինձ։



- Ի՞նչ կասեք նժդեհյան գաղափարախոսության մասին։



- Չեմ կարող ասել, կուսակցությունից դուրս կարող եք հարցնել, գյուղատնտեսության մասին հարցրեք։



- Դուք ասում եք՝ գաղափարախոսությունը, բայց գաղափարախոսությունից ի՞նչը կառանձնացնեիք։



- Ես չեմ կարող էսօր ոչ մի բան առանձնացնել։



- Իսկ ծանո՞թ եք Նժդեհի գաղափարախոսությանը։



- Ոչ, ծանոթ չեմ, ես համարում եմ, որ այսօր ճիշտ է անդամակցելը, դա իմ անձնական կարծիքն ու որոշումն են, ես որոշումը կայացրել եմ, դիմումը գրելու եմ։ Ընտրությունների ժամանակ միշտ Հանրապետականին եմ ընտրել, նախագահի ընտրությանը նախագահին եմ ընտրել, ամեն ինչ տրամաբանական է։



Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը եւս իր «հանրապետականացումը» թիմով աշխատելու ցանկությամբ բացատրեց, կարծես ՀՀԿ մտնող նախարարներին հուշել էին՝ հենց չիմանաք ինչ ասեք, թիմով աշխատելը մեջբերեք։ «Մենք թիմային աշխատող ենք եւ թիմային ձեւով կմիանանք Հանրապետականին»,- այսպես նա պարզաբանեց ՀՀԿ մտնելու իր ցանկությունը։ Փաստորեն, առանց ՀՀԿ տոմսի նրանք թիմ չէին, եւ այդ փաստաթուղթն էր պետք, որ նախարարներն իրար չխաբեն, չգցեն, չդավաճանեն, ուրիշ կուսակցությունների անդամների հետ «չքնեն», այլ վատ բաներ չանեն։ Մշակույթի նախարարն ամենադանդաղկոտն է նժդեհականության առումով։ Նա ասաց, որ դեռ դիմում չի գրել, մտածելու ժամանակ ունի եւ լրագրողներին լավ օր ցանկացավ։ Այսպես, Կոմկուսի նման ՀՀԿ-ն օրեցօր ուռճանում է, պարտիական տոմսը կարիերա անելու պարտադիր կետ է դառնում, իսկ ԳՄ-ն աստիճանաբար կառավարության գործառույթներ է ստանձնում, որտեղ, ինչպես օրերս ասաց պաշտպանության նախարարը, «կայացվում են կարեւորագույն որոշումներ»։