Ազատազրկում և պաշտոնազրկում՝ ապօրինի հարստացածների համար

Ազատազրկում և պաշտոնազրկում՝ ապօրինի հարստացածների համար

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ սկսել է քննարկել ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը: 



Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել այն դեպքերի համար, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնատար անձի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էական չափով գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում այդ եկամուտներով: «Ակնհայտ է, որ մենք խոսում ենք ապօրինի հարստացման և դրա քրեականացման մասին: ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի 20-րդ հոդվածում, որտեղ ամրագրված է ապօրինի հարստացմանը վերաբերող դրույթը և խոսվում է դրա քրեականացման մասին, նշվում է, որ յուրաքանչյուր պետություն իր Սահմանադրության և իրավական համակարգի հիմնական սկզբունքները պահպանելու պայմանով պետք է քննարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որպեսզի քրեական իրավախախտում ճանաչվի ապօրինի հարստացման արարքը, երբ դա կատարվում է դիտավորությամբ»,- իր ելույթում նշեց Հովհաննիսյանը։



Նրա խոսքով՝ ապօրինի հարստացումը դրսևորվում է պաշտոնատար անձի գույքի էական ավելացմամբ կամ պարտավորությունների էական նվազմամբ: «Ընդ որում, այստեղ խոսքը էական չափերի մասին է: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում խոսքը նվազագույն աշխատավարձի շեմը գերազանցող կամ միջինացված գումարի մասին է, որի համար հետևյալ հիմնավորումն է բերվում՝ իրավապահ մարմինները չպետք է իրենց ջանքերը փոշիացնեն՝ մանր խախտումների հետևից գնալով, դրա համար միշտ սահմանվում է որոշակի չափ: Օրինակ՝ Սլովակիայում այդ չափը նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկն է, որը շուրջ 500 հազար եվրոյին համարժեք գումար է: Հայաստանի Հանրապետությունում մենք դա սահմանել ենք հայտարարագիր ներկայացնող ամենաբարձր և ամենաստորին պաշտոնը զբաղեցնողների աշխատավարձի միջին թվաբանականը 6 ամսվա կտրվածքով»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:



Ինչ վերաբերում է ապօրինի հարստացման հանցակազմի սուբյեկտին, ապա այս առումով նախագծի հեղինակներն ապօրինի հարստացման հանցակազմի սուբյեկտ համարել են պաշտոնյային կամ հայտարարագիր ներկայացնող սուբյեկտին։



Նախարարը նշեց, որ ապօրինի հարստացման հանցակազմի համար որպես պատիժ սահմանվել է ազատազրկումը և որոշ պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում:



«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ապօրինի հարստացման հանցակազմի համար սանկցիան հիմնականում այս երկու պատժատեսակներն են»,- նկատեց նախարար Հովհաննիսյանը։