«Վատ» հարց՝ «երկրագնդի ամենաչքնաղ նախարարին»

«Վատ» հարց՝ «երկրագնդի ամենաչքնաղ նախարարին»

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հարց ուղղելիս ԱԺ տղամարդ պատգամավորները հաճախ դժվարությամբ են զսպում իրենց կոմպլիմենտները։ Այս հարցում հատկապես առաջամարտիկ է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով առաջին անգամ չէ, որ հրապարակավ գովերգում է Արփինե Հովհաննիսյանին՝ անբռնազբոս կերպով գնահատելով նրա արտաքին հմայքը։



Այսօր էլ, Ազգային ժողովում ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հարց ուղղելուց առաջ կրկին հաճոյախոսություններ շռայլեց նախարարին: «Երկրագնդի ամենաչքնաղ նախարար օրիորդ Հովհաննիսյան»,- դիմելով նախարարին՝ ասաց Ուրիխանյանը, ինչն առաջացրեց դահլիճում ներկաների ծիծաղը: Ուրիխանյանի հաճոյախոսությանն արձագանքելով, Արփինե Հովհաննիսյանը կատակեց. «Վատ հարց եք տալու, նախաբանը լա՞վ եք սկսում»:



Հաճոյախոսությունից հետո Տիգրան Ուրիխանյանն անցավ բուն գործին՝ հարց տալուն։ Նա նշեց, որ ինքը մասնակցել է մի քննարկման, որի թեման եղել է չհիմնավորված հարստացումը: Պատգամավորն ընդգծեց, որ ապօրինի հարստացում եզրույթը սխալ է, քանի որ եթե ապօրինի է հարստացել, ապա այսպես թե այնպես, դա ենթադրում է քրեական պատասխանատվություն: «Եթե ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիային միանալու խնդիր ենք լուծում սրանով, ապա ասեք այդպես էլ իմանանք, ընդունենք, գնանք առաջ, բայց եթե մենք սրանով ցանկանում ենք խնդիր լուծել, ապա պետք է հետաքննության առարկա դարձնենք չհիմնավորված հարստացումը, որովհետև եթե ասում ենք ապօրինի, ապա դա արդեն քրեական պատասխանատվություն է ենթադրում, որովհետև մարդը հարստացել է ապօրինի ճանապարհով»,- ասաց Ուրիխանյանը:



Ի պատասխան՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ «չհիմնավորված հարստացում» եզրույթ որևէ տեղ չի օգտագործվում: «Բոլոր երկրներում օգտագործվում է հենց «ապօրինի հարստացում» եզրույթը: Եթե Դուք ուշադիր նայեք հանցակազմի ձևակերպմանը, կտեսնեք, որ այս նախաձեռնությունը հենց նրա մասին է, ինչից դուք խոսում եք: Կոնվենցիային միանալու խնդիր չկա, մենք վաղուց միացել ենք այդ կոնվենցիային և վավերացրել ենք այն: Այն, ինչ Դուք նկատի ունեք, ինչի մասին խոսում եք, մենք այս նախաձեռնությամբ ենք կարգավորում»,-նշեց նախարարը։



Այնուհետև նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դիմեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին. «Նորմա՞լ է, պարոն Ուրիխանյան, թե՞ ցանկանում եք չքնաղ նախարարին ևս մեկ հարց տալ»:



«Հիանալի է, երբ չքնաղությունը զուգորդվում է բարձր ինտելեկտով»,- շարունակեց հաճոյախոսել ԱԺ ռոմանտիկ պատգամավորը՝ հավելելով, որ իր ասածն այն էր, որ իրավապահ մարմիններն ավելի ակտիվ, «դրայվով» աշխատեն և բռնեն ապօրինի հարստացողներին: