Լրագրողներն ու պատգամավորներն «ապաքաղաքական» ձնագնդի են խաղում (լուսանկարներ)

Լրագրողներն ու պատգամավորներն «ապաքաղաքական» ձնագնդի են խաղում (լուսանկարներ)

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն այսօր ԱԺ արատահերթ նիստի ընդմիջմանը որոշեցին իջնել խորհրդարանի բակ՝ ձնագնի խաղալու և վայելելու այս տարվա առաջին առատ ձյան գեղեցկությունը։ Նաև լիցքաթափվելու խորհդրարանական ծանր աշխատանքից։ Մեր մանկության ամենազվարճալի ու հետաքրքիր խաղերից մեկին հրավիրեցինք մասնակից դառնալ նաև պատգամավորներին՝ իրենց քաղաքական ներկայությամբ հետաքրքրացնելու այս պարզ ու ապաքաղաքական խաղը։ Լրագրողների հրավերը չմերժեցին երկու ՀՀԿ-ական պատգամավոր՝ Հովհաննես Սահակյանն ու Մարգարիտ Եսայանը։ Նրանք երկուսն էլ բավականին ակտիվ մասնակցեցին «ձնագնդիին»՝ տեղ-տեղ այդ ամենը համեմելով լրագրողաքաղաքական բնույթի հումորներով։ Խաղի սկզբում այդ տարածքով անցնում էին ՀԱԿ խմբակցության երկու պատգամավորներ՝ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նրանք, ճիշտ է, չհամաձայնեցին մասնակցել խաղին, բայց Հովհաննես Սահակյանը հասցրեց ձնագնդիով մի ապաքաղաքական հարված հասցնել իր ընդդիմադիր գործընկերոջը՝ կատակելով․ «Առաջին հարվածը՝ իշխանությունից»։ Զուրաբյանն էլ պատասխանեց, թե «մենք ձեր հարվածին այլ կերպ կպատասխանենք»։



ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն էլ նպատակ էր դրել մեզ՝ Hraparak.am-ի ներկայացուցչին գլորել ձների մեջ։ Երևի ցանկանում էր այս ճանապարհով հանել իր «մուռը» իրեն «փիս» հարցեր տվող լրագրողից։ Դե մենք էլ, բնականաբար, ջենթլմենաբար չմերժեցինք տիկին Եսայանի այդ «դավադիր» ցանկությունը՝ թույլ տալով հեշտությամբ իրականացնել այն։



Ձնագնդին ավարտվեց բարեհաջող, ընդմիջումն էլ՝ հետը, և պատգամավորներն ու լրագրողները, թափ տալով իրենց վրայի ձյունը, բարձրացան խորհրդարան՝ աշխատելու։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ