Ինչերի՞ միջով է անցնում 103 հազար աղքատ ընտանիք

Ինչերի՞ միջով է անցնում 103 հազար աղքատ ընտանիք

Հայաստանում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների ծրագրի լավ ու վատ կողմերին շատ ենք անդրադարձել, ներկայացրել ենք խնդիրները, թերությունները, առաջարկներով հանդես եկել: Ընթացիկ տարվա ընթացքում հետազոտությամբ հանդես եկավ նաեւ «Օքսֆամ» ընկերության հայաստանյան գրասենյակը: Այս ընկերության պատվիրած ուսումնասիրությունը վերահաստատեց մեր նշած բազմաթիվ խնդիրները եւ մատնանշեց նորերը:



Կենսաթոշակից հետո հաջորդ խոշոր ծրագիրը նպաստներինն է: 2015 եւ 2016թթ. ուղղվել է 38.4 մլրդ. դրամ: Դա սոցիալական պաշտպանության բյուջեի 9.5 տոկոսն է, պետբյուջեի՝ 2.8 տոկոսը:



Այս ծրագիրը պետք է նպաստեր աղքատության հաղթահարմանը, սակայն ամբողջությամբ չի ծառայել հիմնական նպատակին: Նշվում է, որ ծրագրի արդյունքում ծայրահեղ աղքատությունը կրճատվել է 50 տոկոսով, եւ եթե այն չլիներ, ծայրահեղ աղքատների թիվը 2.3 տոկոսի փոխարեն կլիներ 4.2: Միաժամանակ փաստարկվում է, որ նպաստների համակարգից դուրս է մնացել ծայրահեղ աղքատների 56 տոկոսը: Աղքատ չէ նպաստառուների 43.8 տոկոսը: Ստացվում է, որ բոլոր աղքատները չէ, որ մուտք են գործել համակարգ: Այսինքն` ոչ թե ունեւորները սողոսկել են համակարգ աղքատների հետ մեկտեղ, այլ՝ նրանց փոխարեն: Համակարգի արդյունավետությունը ցածր է, քանի որ ռեսուրսների 25-30 տոկոսը փաստացի հասնում է ոչ աղքատներին:



Համաձայն հետազոտության, Հայաստանում աղքատ է գրեթե ամեն 3-րդ ընտանիքը:
2015 թվականին աղքատների 73, ծայրահեղ աղքատների 56 տոկոսը չի օգտվել ծրագրից:



Այս պահին նպաստառու ընտանիքներում գերակշռում են տարեց, հաշմանդամ, երեխա ու կին ունեցողները, 24 տոկոսն ունի 4 անդամ, 23 տոկոսը՝ 5, 17 տոկոսը` 6 եւ ավելի անդամ: Եթե ընտանիքում կա 6 անդամ եւ ստանում է, ասենք, 60 հազար դրամ նպաստ, այն չի կարող ընտանիքին հանել աղքատության գծից: 2015 թվականին նպաստ է ստացել ամսական միջինում 105 հազար 408 ընտանիք, համակարգում հաշվառված ընտանիքների 77.6 տոկոսը կամ հանրապետության ընտանիքների 13.5 տոկոսը: 2013թ.՝ 103 հազար ընտանիք, 2012 թ.՝ 101 հազար, 2011 թ.՝ 84 հազար: Նպաստ ստացողների թվի մեծացումը հուշում է, որ աղքատությունը խորացել է: Այնինչ, ըստ վիճակագրության, աղքատությունը նվազում է: Տարօրինակ է, բայց՝ փաստ:



Մեկ այլ խնդիր է իրազեկվածությունը: Տնային տնտեսությունների 11 տոկոսը տեղյակ չէ նպաստների համակարգից: Չհաշվառված ՏՏ-ների 51 տոկոսն իրեն աղքատ չի համարել եւ չի դիմել, որովհետեւ իրեն շահառու չի համարում, 9 տոկոսը չի դիմել, որովհետեւ անտեղյակ է, 5.8 տոկոսը չի դիմել, քանի որ բաշխվածությունն անարդար է համարում, 3.4 տոկոսը դժվարացել է հաղթահարել տեղեկանքների ձեռքբերման դժվարությունները, 21 տոկոսը դիմել-մերժվել է:



Բավականին մեծ են դեպքերը, երբ նպաստի ծրագրում ընդգրկվելու համար ոչ ֆորմալ վճարումներ են անում, նպաստի երկու ամիսն են տալիս: Հարցվածների 11 տոկոսը վստահ է, որ համակարգում կա կոռուպցիա, 4 տոկոսը գիտի դեպքեր: Ուշագրավ է, որ ընտանիքների 67 տոկոսը, նպաստ ստացողների 59 տոկոսը կիսում են մոտեցումը, որ շատ ընտանիքներ կան, որ աղքատ են, բայց չեն օգտվում համակարգից: Վերահսկիչ պալատն ունի որոշում` 100 տոկոսով ստուգել բոլոր մարզերի սոցիալական գրասենյակները: Մայիսի 17-ին խորհրդարանում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ասաց, որ դա ահռելի աշխատանք է, ոչ մեկ տարվա: Խնդիր է դրվել մեկառմեկ նայել բոլոր գործերը:



Եվ այսպես, հետազոտության հեղինակներն առաջարկում են հստակեցնել ծրագրի նպատակը եւ թիրախավորել ծայրահեղներին՝ աղքատության կասեցմանը նպաստելով, ուսումնասիրել կատարողականները, ջանքեր ներդնել ծայրահեղ աղքատ եւ շատ աղքատ ընտանիքների բացահայտմանը, տեղեկացման համակարգում խոչընդոտների վերացմանը, արմատական փոփոխությունների ենթարկել ընտանիքի անապահովության գնահատման համակարգը, բնակարանային պայմանների գործակիցը մեղմել, ընտանիքի եկամտի գործակիցը վերանայել, ներդնել մեխանիզմ, որ տարածքային կենտրոնների եզրակացությունները լինեն օբյեկտիվ եւ այլն:



Ծայրահեղ աղքատության վերացման համար հարկավոր է 7.4 մլրդ․ դրամ, իսկ նպաստների այս ծրագրի բյուջեն 38.4 մլրդ․ դրամ է: Այսինքն՝ միջոցները 5 անգամ գերազանցում են երկրում ծայրահեղ աղքատության վերացման համար անհրաժեշտ բյուջեն: Ո՞րն է ավելի լավ՝ նպա՞ստը, թե՞ կայուն աշխատավարձով աշխատանքը:



Իրականում նպաստի համակարգը մարդկանց ընտելացնում է անգործության, բայց դա չի նշանակում, որ մարդիկ չեն ձգտում սեփական քրտինքով եկամուտ ունենալ:
Ընտանիքներ կան, որ մի քանի տարի նպաստ են ստանում, բայց նրանց կյանքում ոչինչ չի փոխվել: Հայտնի չէ, թե որքանով է ծրագիրը նպաստել երկրում աղքատության կրճատմանը, ռեսուրսների ներդրման արդյունավետությանը, հասցեականության բարելավմանը եւ շահառուների գոհունակությանը: Հաշվի առնենք, որ միջին նպաստը 30 հազար 350 դրամ է, ինչը շատ ավելի քիչ է, քան աղքատության շեմը:



2016թ. օգոստոսի 1-ից նպաստները 1000 դրամով բարձրացվեցին՝ հաշվի առնելով հոսանքի թանկացումը: Հաջորդ տարվա բյուջեով նպաստների բարձրացում չի նախատեսվում, միջին սոցիալական նպաստը կլինի 31․4 հազար դրամ:



Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում ամռանը քննարկվել են նպաստների հասցեականության բարձրացման խնդիրները: Ըստ նախարար Արտեմ Սարգսյանի՝ ստեղծվել է օղակ, որն այսուհետ զբաղվելու է տնային տնտեսությունների ամբողջացված հետազոտությունների վերլուծությամբ եւ ուսումնասիրությամբ:



Նախարարը նաեւ անդրադարձել է վերջին տարիներին նպաստների համակարգում կատարված բանաձեւերի, գործակիցների փոփոխություններին եւ վստահություն հայտնել, որ այդ խնդիրները համալիր լուծման արդյունքում ցանկալի արդյունք կտան:
Իսկ այս տարվա հոկտեմբերի 13-ին կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ անհրաժեշտ է օպտիմալացնել թոշակների եւ նպաստների նշանակման առաջարկները։ Սոցիալական ապահովության պետական ծառայությունները, ընդհանուր առմամբ, պետք է ավելի հասանելի դառնան։ Վարչապետը սոցապնախարարին հանձնարարականներ տվեց:



Ըստ ռազմավարության, պետք է մինչեւ 2021 թվականը նպաստառուների թիվը դառնա 89 հազար, մինչեւ 2025 թվականը՝ 66 հազար, իսկ գումարը՝ 52 հազար 390, ապա՝ 106 հազար 600 դրամ: Այսօրվա իրողությունները փաստում են, որ այսպես շարունակվելու դեպքում նպաստառուների թիվը կբազմապատկվի:



Սա այն ամենն է, ինչ կատարվում է ոլորտում, իսկ թե ինչ կլինի հետագայում, կախված է կառավարության քայլերից:



Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ