Ինչու՞ չեն արտահանձնում ՌԴ-ում դատապարտված հայ վարորդներին

Ինչու՞ չեն արտահանձնում ՌԴ-ում դատապարտված հայ վարորդներին

Ինչու՞ չեն արտահանձնում Ռուսաստանի Դաշնությունում իրենց պատիժը կրող երկու հայ վարորդներին՝ Հրաչյա Հարությունյանին և Գառնիկ Հարությունյանին։ Այս հարցը «Հրապարակն» ուղղել էր ՀՀ արդարաատության նախարարությանը՝ պարզելու, թե արդյոք կա՞ արտահանձնման գործընթաց և, եթե այո, ապա ինչու՞ մինչ օրս չի իրականանում նրանց արտահանձնումը ՀՀ-ին։



Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման 2013 հուլիսի 13-ին Պոդոլսկում իր բեռնատարով ավտոբուսի մեջ մխրճվելու և ակամա 18 հոգու մահվան պատճառ դառնալու համար։ Իսկ Գառնիկ Հարությունյանը 2015 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում վթարված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդն է։ Վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Տուլայի դատարանը Գ․ Հարությունյանին դատապարտել է 4.5 տարվա ազատազրկման։



Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունից Հրաչյա Հարությունյանի մասով ասացին, որ նրա հարցով ՀՀ ԱՆ-ն դիմել է Ռուսաստանի Դաշնությանը, այնուհետև հիշեցումներ ուղարկել գործի վերաբերյալ: ՌԴ արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ նախապատրաստվում է Դատապարատյալների փոխանցման մասին միջազգային պայմանագրով անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Նախարարությունից, սակայն, չէին տեղեկացրել մի կարևոր հանգամանքի մասին, որն ավելու ուշ հայտարարեց արդեն նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նախարարը, մասավորապես, հայտնեց, որ իր տեղեկություններով՝ Հ․ Հարությունյանի դեմ քաղաքացիական հայցեր կան, ինչը դիտարկվում է որպես նրան արտահանձնելու խոչընդոտ։ Հովհաննիսյանի խոսքով՝ այս հանգամանքը պարզվել է 2016 թվականի առաջին ամիսներին։



Իսկ Գառնիկ Հարությունյանի մասով էլ արդարադատության նախարարությունից մեզ հայտնեցին, որ Գ․ Հարությունյանին Հայաստան տեղափոխելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը ո՛չ նրա հարազատներից, ո՛չ էլ ՌԴ իրավասու մարմիններից որևէ դիմում չի ստացել: Հետևաբար, որևէ գործընթաց ներկայում չկա:



Այս հարցով մենք զրուցեցինք նաև Մոսկվայի իրավաբանական ակադեմիայի ասպիրանտ Արթուր Դաշյանի հետ։ Վերջինս գործող իրավաբան է Մոսկվայում և հաճախ է առիթ ունենում առնչվել արտահանձնման գործընթացներին։ Հրաչյա Հարությունյանի մասով նա ասաց, որ քաղաքացիական հայցերը, ինչի մասին հայտնել էր նախարարը, ամենայն հավանականությամբ տուժածների հարազատների կողմից ֆինանսական փոխհատուցումներին են վերաբերում։ «Այս իմաստով ես համաձայն եմ նախարարի հետ, քանզի մինչև այդօրինակ դատավարական գործընթացները չավարտվեն, Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործընթացը չի կարող տեղի ունենալ»,-ասաց Ա․ Դաշյանը։



Ինչ վերաբերում է Գառնիկ Հարությունյանին, ապա Դաշյանի խոսքով՝ նրա արտահանձնումը հնարավոր է կազմակերպել, եթե նախ դատապարտյալը ցանկանա և նա կամ նրա հարազատները դիմեն այդ հարցով իրավաբանի կամ համապատասխան մարմինների։ Մյուս կողմից, ինչպես Հրաչյա Հարությունյանի պարագայում, նրա դեպքում ևս անհրաժեշտ է, որ քաղհայցեր և խոչընդոտող այլ հանգամանքներ չլինեն։



Իրավաբանի խոսքով՝ թեպետ ինքը գործին ծանոթ չէ, բայց միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ դիմելու դեպքում հնարավոր է արտահանձում կազմակերպել օպտիմալ ժամկետներում։ Ճիշտ է, իրավաբանները սովորաբար նման դեպքերում խուսափում են հստակ ժամկետներ նշել, բայց Դաշյանի խոսքով՝ պրակտիկան ցույց է տալիս, որ ընթացիկ խոչընդոտներ չառաջանալու պարագայում այդ օպտիմալ ժամկետը կարող է լինել 1-1.5 տարի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ