Մի ստիպեք լինել հանցագործ. Հրանտ Անանյանը՝ տեխզննման կտրոնների մասին

Մի ստիպեք լինել հանցագործ. Հրանտ Անանյանը՝ տեխզննման կտրոնների մասին

«Ըստ էության, վարորդներին ստիպում են կեղծ փաստաթուղթ օգտագործել».- ահազանգում է փաստաբան Հրանտ Անանյանը, հինավորելով, որ կեղծ է ոչ միայն այն փաստաթուղթը, որn արտատպություն է, կամ ոչ օրիգինալ, այլև այն փաստաթուղթը, որը բովանդակային առումով կեղծ տեղեկատվություն է պարունակում:



Տոներից առաջ ավտովարորդների Նոր տարին նախապես «շնորհավորել են»՝ ամենամյա «պես-պես» տուրքեր ավտոմեքենայի համար, տեխզննման կտրոններ, դրանց դիֆիցիտ և այլն:



Փաստաբան Հրանտ Անանյանի խոսքերով, մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, ոչ միայն կեղծ փաստաթղթեր ենք օգտագործում, այլև՝ անտեղի գումարներ ենք վճարում. «Փաստաթուղթը կեղծ է համարվում այդ թվում քրեական օրենսգրքի 325 հոդվածի իմաստով ոչ միայն դրա ձևական (արտաքին) պահանջները խեղաթյուրելու համար, այլև բովանդակային իմաստով։ Օրինակ՝ տրամադրվում է տեղեկանք ինչ-որ փաստ ստուգված լինելու մասին, սակայն այն չի ստուգվել։ Նույնն ավտոմեքենների տեխզննության կտրոնի դեպքում է։ Տեղեկանք են տրամադրում, որ մեքենան ստուգել են, ամեն ինչ նորմալ է, բայց նման բան չկա: Հայաստանում մի իրավիճակ է, որ նախ տեխզննությունը երբեք չի կատարվել, հիմա առավել ևս չի կատարվում: Դու գնում ես կտրոնը, վճարում ես, որ քեզ ծառայություն մատուցվի, բայց այդ ծառայությունը քեզ չի մատուցվում, ոչ մեկին չի էլ հետաքրքրում այդ ծառայությունը քեզ կմատուցվի, թե ոչ».- նշում է Հրանտ Անանյանն ու հավելում, որ քրեական իրավունքի տեսանկյունից դա հանցագործություն է. «Այդ տեխկտրոններից բացի, այլ դեպքերում մարդիկ դատվում են: Նման փաստաթղթեր թե տրամադրողներն են դատվում, թե օգտագործողները»:



Ի դեպ, ամիսներ առաջ ԱԱԾ-ն առնվազն 9 անձի առաջադրել էր մեղադրանքներ կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման համար, Հրանտ Անանյանը համարում է, տեխզննման կտրոնների դեպքում նույն կեղծիքն է, բայց չգիտես ինչու ոչ-ոք պատասխանատվության չի ենթարկվում, երբ կտրոնը տրամադրվում է բանկից հավաստելու համար, որ մեքենան սարքին է, սակայն ոչ մեկ այն չի ստուգել։



«Բոլորի թյուրընկալմամբ՝ տեխզննության կտրոնի դիմաց վճարելով նշված գումարը գնում է պետբյուջե, պետության հանդեպ պարտավորություն է: Իրականում դա ամենևին այդպես չէ, նշված գումարը մեքենայի տեխնիկական վիճակը ստուգելու ծառայություններ վատուցող ՍՊԸ-ների վճարն է, սակայն նման բան գոյություն չունի: Նույնիսկ վարչապետի մակարդակով հայտարարություն է կատարվում, որ կտրոնի հետևի կնիքը, որը դնում է նշված ՍՊԸ-ն, պարտադիր չէ։ Ստացվում է բոլորիս ստիպում են վճարել ծառայության դիմաց, որը չի մատուցվում, կենցաղում՝ ընդհուպ պետավտեսուչի մակարդակով «էշ-էշ» անունը դրվում է բյուջեյի փող, դրա հետ մեկտեղ ստիպում են վարորդներին հանցագործություն կատարել՝ օգտագործել կեղծ, փաստաթուղթ»։



Փաստաբանը խնդրի լուծումը տեսնում է օրենքի փոփոխության մեջ, նա գտնում է, որ տեխզննումը պետք է պարտադիր չլինի. «Ենթադրենք դեպք պատահեց, քշեցիր, ավտոմեքենայիդ արգելակները խափանվեց, ինչ-որ մեկին վրաերթի ենթարկեցիր, պատասխանատուն վարորդն է, որովհետև օրենսդրությունն ասում է, որ ցանկացած պահին պետք է հետևես քո ավտոմեքենայի տեխնիկական վիճակին, ամբողջությամբ պատասխանատվությունը քո վրա է: Ստացվում է, որ ՍՊԸ-ն միայն գումար հավաքողի դերում է, պատասխանատվություն չի կիսում, ոչ մի հարցում: Մենք դառնում ենք հանցագործ, դառնում ենք անիմաստ փող տվող, նրանք դառնում են անիմաստ փող ստացող, կեղծ տեղեկանք տրամադրող: Ի վերջո, 400 հազար մեքենա ունենք գրանցված, միջին թվով, բազմապատկում ենք 7-8 հազար դրամ, կազմում է 7 միլիոն դոլար: Ու այդ գումարները գնում են մի քանի հոգու գրպանը»: