ԱԱԾ-ն զայրացրել է ռեկտորներին

ԱԱԾ-ն զայրացրել է ռեկտորներին

Երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մի հաղորդագրություն տարածեց, որով հայտնում էր ԱԱԾ քննչական վարչությունում քննվող մի քանի քրեական գործերով լայնածավալ օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների մասին, որոնց արդյունքում բացահայտվել են հանրապետության տարբեր ոչ պետական բուհերում բարձրագույն կամ մասնագիտական կրթության վերաբերյալ կեղծ հիմքերով ձեւակերպված պետական նմուշի ավարտական դիպլոմների տրամադրման դեպքեր: Եվ այդ կեղծ դիպլոմները, ըստ ԱԱԾ-ի բացահայտումների, տրամադրվել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ օտարերկրյա, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի եւ Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների, «որպիսի պայմաններում իրական են եղել թե նոր իրավախախտումների կատարման եւ թե այլ անբարենպաստ հետեւանքների առաջացման ռիսկերը»։ Թե ինչ է նշանակում «որպիսի պայմաններում» ձեւակերպումը, եւ ինչու են ԱԱԾ-ում նման բառապաշար օգտագործում, կիմանան իրենք։ Բայց ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ ամենատարօրինակը հետեւյալ նախադասությունն էր․ «Առերեւույթ հանցանքներ կատարելու համար ոչ պետական բուհերի երեք ռեկտորների մեղադրանքներ են առաջադրվել առեւտրային կաշառք ստանալու եւ առեւտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից իր լիազորությունները չարաշահելու համար»։ Այս մեկ նախադասությամբ ԱԱԾ-ն դարձյալ իր գործը կիսատ է թողել՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր ու հարցականներ եւ ալեկոծելով ոչ պետական բուհերի ռեկտորների հոգիները։ Ովքե՞ր են այդ երեք բուհերի ռեկտորները, ինչո՞ւ անուն չեն հրապարակում, ոչ ոք տեղյակ չէ։



ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել այս տեղեկությունը՝ նշելով, որ այս թեմայով հարցերի պատասխանը պետք է փնտրենք ԱԱԾ-ում, քանզի նրանք են տարածել հաղորդագրությունը։ ԱԱԾ-ից էլ չասացին, թե որ բուհերի ռեկտորների մասին է խոսքը, եւ արդյոք ձերբակալված անձինք կա՞ն, թե՞ ոչ։ ԱԱԾ մամուլի կենտրոնից ասացին, որ հաղորդագրությունից դուրս ոչինչ չեն կարող ասել։



Զանգահարեցինք մի քանի բուհերի ռեկտորների։ «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանն ասաց, որ նոր է տեղեկանում այս մասին, եւ իրեն չի էլ հետաքրքրում։ Նա նաեւ վստահեցրեց, որ իրենց բուհում 26 տարի է՝ ստուգումներ անցկացվում են, եւ իրենք անգամ մի կեղծ տեղեկանք չեն տրամադրում, ուր մնաց՝ դիպլոմ տան։



«Գալիք» համալսարանից չպատասխանեցին մեր հարցին։ Մենեջմենթի համալսարանում միայն պահակն էր, երկուշաբթի մյուսները կգան աշխատանքի։ Մյուս ոչ պետական բուհերից էլ շատերը չէին պատասխանում զանգերին, երեւի դեռ աշխատանքի չեն անցել։
Զրուցեցինք Երեւանի Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի հետ, ով նաեւ հավատարմագրված ոչ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահն է։ Այդ խորհրդի մեջ ընդգրկված է 14 այդպիսի բուհ։



Մակիչյանն էլ էր նոր տեղեկացել այդ մասին եւ շատ զայրացած էր ու զարմացած։ Զայրացած էր հատկապես ԱԱԾ-ի տարածած այդ թերի, բազմաթիվ հարցերի տեղիք տվող հաղորդագրության վրա, որ ոչ մի անուն չեն նշել։ Բ․ Մակիչյանը նախ ասաց, որ ինքը մեր զանգից րոպեներ առաջ կրթության նախարարություն է զանգել այս հարցով, բայց նրանք էլ ոչ մի բան չգիտեին։ «Ես զանգեցի բարձրագույն կրթության քաղաքականության բաժին, եւ իրենք էլ ոչ մի բանից տեղյակ չէին»,-ասաց պարոն Մակիչյանը։ Նրա խոսքով, եթե երեկ շաբաթվա վերջին օրը չլիներ, կարելի էր նույնիսկ գնալ Ազգային անվտանգության ծառայություն եւ այնտեղից ճշտել։ «Հավանաբար, մենք պիտի գնանք ԱԱԾ մամուլի կենտրոն։ Ինձ գիտե՞ք ինչի զայրացրեց այս լուրը, որովհետեւ ես համամիտ չեմ անորոշ, վարկաբեկիչ լուրերին։ Եթե այդ երեք բուհերը կային, ու ապացուցված է, ուրեմն այդ երեք բուհերի մասին պիտի գրվեր, իսկ եթե դեռ ապացուցված չէ, ճշգրտվեր՝ նոր։ Սա ուղղակի խառնաշփոթ առաջացնող հրապարակում է, որը, ես կարծում եմ, ոչ մեկին օգուտ չի բերում»,-ասաց Հյուսիսային համալսարանի ռեկտորը։



Նա նաեւ նշեց, որ ինքը՝ որպես 14 ոչ պետական բուհերի խորհրդի նախագահ, երկուշաբթի օրը խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի։ «Ես մեկ-երկու ընկերոջ զանգեցի այս հարցով, նրանք էլ էին զարմացած։ Երկուշաբթի օրը՝ հավանաբար, ժամը 3-ին, ռեկտորների խորհրդի նիստ կհրավիրեմ, որ տեսնենք՝ ով ինչ տվյալներ ունի։ Բայց առաջին հերթին նախ Ազգային անվտանգության ծառայություն կգնամ առավոտ շուտ»,-ասաց նա։



Հարցրինք Բորիս Մակիչյանին՝ իրենց բուհում երբեւէ նմանատիպ ստուգումներ եղե՞լ են։ Պարոն Մակիչյանն ասաց՝ ոչ․ «Որովհետեւ ինձ ճանաչողները գիտեն ես ով եմ, ինձ բոլորը շատ լավ ճանաչում են, ես կրթության համակարգում նոր մարդ չեմ, եղել եմ Մանկավարժական ինստիտուտում բազմաթիվ պաշտոնների, եւ այստեղ էլ, որ եկել եմ ոչ պետական բուհ, արդեն երրորդ կառույցն է, որ ղեկավարում եմ։ Եվ անընդհատ ես մարտնչում եմ ոչ միայն բարձր որակի, այլեւ արդարամիտ կրթության համար»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ