Եթե չես դրայվում, դրայվն է զբաղվում քեզնով

Եթե չես դրայվում, դրայվն է զբաղվում քեզնով

Գործ: Սա միակ բանն է, որ այսօր պակասում է Կարեն Կարապետյանին: Ամեն ինչ տեղն է: Մանավանդ` դրայվը: Գեղեցիկ խոսքերի պակաս չկա` մենք քարերից չենք մաքրում այն հողը, որտեղ պետք է սերմ ցանենք, որ այդ սերմը բարիք տա: Ուզում ես հարյուր անգամ լսել այդ իմաստությունը: Ահա, կանգնած ես հողի գլխին, եւ առաջին գործդ պետք է լինի այն քարերից մաքրելը: «Նահապետը» ֆիլմում կա մի հրաշք տեսարան, ուր մարդ ու կնիկ քթոցով քարերը շալակում, բերում-շարում են հողամասը եզրագծող պատի վրա: Այդ պահից պատի` ցանկապատի ներսում ծնունդ է առնում այն հողը, ուր կարելի է սերմ ցանել, տուն կառուցել, արմատ գցել: Մնում է հողը մաքրենք քարերից: Այստեղ արդեն իրար երեսի ենք նայում` բա հողն ո՞վ մաքրի: Վարչապետը սրանից ավելի առաջ չի գնում, որովհետեւ, եթե գնա, պարտավոր է խոստովանել, որ հողը քարերից մաքրելու բուն գործը հենց ինքը եւ կառավարությունն է պարտավոր անել: Ինչպես ասում են` հողը մեզնից, մաքրելը` ձեզնից:



Վարչապետը պետք է գնա հողից մի անպետք քար վերցնի եւ դնի ցանկապատի վրա` օրինակ ծառայելով իր կառավարությանը: Բայց ի՞նչ է անում նա: Ասում է` պրիմիտիվ գողություն ասվածը չի նշանակում պետք է գողին բռնել, այլ պետք է ավելի լավ կառավարել, որ ֆինանսներն իրենց նպատակին ծառայեն, չփոշիացվեն եւ այլն: Այլ խոսքով` իրեն տալիս է գիտությունով չալելուն:



Չեղավ, պարոն վարչապետ: Մենք այդպես սովոր չենք: Դու գողին, թեկուզ պրիմիտիվ, բռնիր, որ նա չշարունակի գողանալ, քանի դեռ դուք սովորում եք լավ կառավարել: Պաշտոնյաների ապօրինի հարստացման մասին ձեր օրենքը, որ ուժի մեջ է մտնելու հունիսի, թե հուլիսի 1-ից, խեղկատակություն է: Դրանով արդարացրել եք մինչ այս եղած ժուլիկությունն ու հարցը տեղափոխել «էշ, մի սատկի, գարուն կգա» հարթություն: Վարչապետի ասուլիսում հնչած միտքը, թե ճիշտ կառավարումով կհասնենք ժուլիկների վերջը տալուն, մեղմ ասած, չի ոգեւորում: Մեր վիճակում հայտնված շատ պետություններ ցեխից դուրս են եկել միայն վճռական քայլերի շնորհիվ: Ուսումնասիրեք Առաջին հանրապետության փորձը: Այն ժամանակ դրայվը նույնիսկ դրայվ էլ չէր կոչվում, բայց մարդիկ կարողանում էին, օրինակ, բամբակի արտադրություն ու արտահանում կազմակերպել` տեղ չթողնելով ոչ միայն բարդ, այլեւ պրիմիտիվ գողությունների:
Տպավորություն է ստեղծվում, որ, դառնալով ՀՀԿ անդամ, վարչապետն ուրիշ կերպ է սկսել մտածել եւ հրաժարվել է պրիմիտիվ գողերին, որոնք հիմնականում հենց այդ կուսակցության ներկայացուցիչներ են, պատասխանատվության կանչելու եւ պատժելու գաղափարից: Չի բացառվում, իհարկե, որ դեր են խաղում նաեւ առաջիկա ընտրությունները, սակայն մենք լավ ենք հիշում, թե ինչի սիմվոլ է լինելու վարչապետ Կարեն Կարապետյանը:



Վարչապետի ասուլիսին ինձ, բնականաբար, չէին հրավիրել: Հարց չկա, ոչ էլ նեղվում եմ, որովհետեւ իմ հարցն այսպես էլ կարող եմ ուղղել կառավարության ղեկավարին: Պարոն վարչապետ, կարո՞ղ եք Ձեր պրոֆեսիոնալ թիմից առանձնացնել մեկին, որն ամեն ինչ մի կողմ դրած` քարեր հավաքելով է զբաղված: Քանի՞ քար են հավաքել Լեւոն Ալթունյանը, Աշոտ Մանուկյանը, Արմեն Ամիրյանը, Վահան Մարտիրոսյանը, Իգնատի Առաքելյանը, Սուրեն Կարայանը եւ Վարդան Արամյանը: Նշվածները նշանակման պահից սկանդալներից աչք չեն բացում: Գուցե դա իրենց պրոֆեսիոնալությունից է գալիս, բայց եկեք նայենք արդյունքին: 3-4 ամիս է արդեն, եւ արդյունքը զրո է: Եվ ի՞նչ պետք է ասի այն կառավարությունը, որ մեկ տարվա մեջ հասցրել է 4 ամիս զրոյական արդյունքով աշխատել:



Այս օրերին մամուլն այնքան է գրել ՀՀԿ ցուցակում Կարեն Կարապետյանի ընդգրկվել-չընդգրկվելու մասին, որ նույնիսկ Կարեն Կարապետյանն է կարեւորում այդ հարցը: Նրա փոխարեն ես լրագրողներին կասեի` այդ հարցն ինձ չի մտահոգում, եւ ես բավականին զբաղված եմ, որպեսզի նման հարցերով հետաքրքրվեմ: Ես բոլորովին այլ առաքելություն ունեմ, քան որեւէ կուսակցության ցուցակում ընդգրկվելն է: Կգնահատեն, կպատվեն` լավ, չեն պատվի` իրենք գիտեն: Մինչդեռ վարչապետն ասում է` եթե ՀՀ քաղաքացիության ցենզի օրերը չբավարարեն, չի լինի ցուցակում: Մարդ Աստծո, դու ՀՀ վարչապետն ես, դու քո անունը գրել ես երկրի պատմության մեջ, դու բոլորովին այլ մասշտաբի գործիչ ես այլեւս` պետական, քո ինչի՞ն է պետք այդ ցուցակը` կընդգրկվես, չես ընդգրկվի: Ամեն ինչ շատ պարզ է, ախր` վերցնում ես քարը, դնում ես պատի վրա, մաքրում ես հողը, սերմ ես ցանում… Ուզում ես ցուցակում ընդգրկվես, որ ի՞նչ անես: Վաղը, ընտրություններից հետո, երբ տեսնեն էլի դու ես հողը մաքրողը, քեզ են խնդրելու, որ մնաս վարչապետ:
Ես հասկանում եմ` քաղաքականությամբ զբաղվելն էլ դրայվի պես բան է: Բայց արժե՞ արդյոք դա շփոթել այն դրայվի հետ, որ ապրում ես ժողովրդի տված գնահատականով` հազիվ մի խելքը գլխին մարդ դարձավ ղեկավար:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ