Առաջարկել են կուսակցության շարքերը մտնել՝ «մենք ձեզ կպաշտպանենք» հիմնավորումով

Առաջարկել են կուսակցության շարքերը մտնել՝ «մենք ձեզ կպաշտպանենք» հիմնավորումով

Տարիներ շարունակ ձեւավորված «ավանդույթի» համաձայն, քաղաքական ուժերն ու կուսակցությունները նախընտրական եւ ընտրական գործընթացներում ձգտում են ներգրավել նաեւ մտավորականներին՝ մշակութային գործիչներին։ Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները նույնպես բացառություն չեն։ 



Բեմադրիչ Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում տարբեր կուսակցություններից, որոնց անունները չցանկացավ տալ, եղել են առաջարկներ ցուցակներում ընդգրկվելու համար, բայց բոլորին մերժել է, որովհետեւ չի տեսնում իրեն կուսակցական գործընթացների մեջ. «Կարծում եմ՝ իմ հիմնական ֆունկցիան ոչ այնքան ուղղված է կուսակցական պայքարին, որքան հասարակության հետ շփմանը, հասարակության պահանջները ներկայացնելուն, իսկ թե որ կուսակցությունն ինչքանով կբավարարի այդ պահանջները, դա արդեն զուտ կուսակցության գործն է։ Ավելի կարեւոր է, որ հասարակությունը ձեւավորի իր պահանջները եւ թելադրի դրանք կուսակցությանը, այլ ոչ թե սպասի որեւէ կուսակցության կողմից առաջարկված ուղղություններին»։



Բաբայանը մերժել է այդ առաջարկները ոչ թե այն պատճառով, որ չի կիսում նրանց գաղափարները, այլ սկզբունքորեն, քանի որ չի ուզում որեւէ քաղաքական պայքարի մեջ լինել եւ իր գործառույթներն ավելի շատ տեսնում է քաղաքացիական գործընթացներում, քան քաղաքական․«Ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով, քաղաքական ուժերն էլ՝ իրենց գործով, հետո քաղաքական պայքարը թելադրում է որոշակի ջրբաժան, տարանջատում, իսկ ես ավելի կողմնակից եմ կամուրջներ կառուցելուն, ընդհանուր եզրեր գտնելուն»։
Այն, որ նախընտրական շրջանում մտավորականներին ներգրավում են կուսակցական խաղերի եւ քաղաքական գործընթացների մեջ, Ռուբեն Բաբայանի կարծիքով, դա անհատական խնդիր է եւ յուրաքանչյուրի լուծելու հարցը․«Սա շատ անձնական հարց է, եւ այստեղ չի կարող լինել ինչ-որ ընդհանուր մոտեցում։ Շատ հաճախ լինում է առաջարկություն՝ հետեւյալ հիմնավորումով՝ մենք ձեզ կպաշտպանենք։ Ես, ճիշտն ասած, իմ պաշտպանությունն ուրիշ տեղ եմ տեսնում եւ, այսպես ասած՝ որեւէ կուսակցության պաշտպանության կարիքը չունեմ, շատ հարգելով բոլորին, ես չեմ համարում, որ դրա կարիքն ունեմ։ Ես շատ վաղուց հասկացել եմ, որ բոլոր կուսակցությունները բոլոր դեպքերում այդ առաջարկություններով ուզում են ինչ-որ ձեւով մտավորականի անունը կամ վաստակն օգտագործած լինել, իսկ ես այդքան էլ կողմնակից չեմ օգտագործվելուն»։



Ռեժիսոր Հրանտ Վարդանյանն ասում է, որ տարբեր ժամանակներում իրեն հրավիրել են այս կամ այն կուսակցության շարքերն ընդգրկվելու, բայց միշտ մերժել է, ասելով. «Ոչ, եղբայր, ես կուսակցական աշխատանքների մարդ չեմ։ Լավ կլինի, որ ամեն մարդ իր մասնագիտությամբ զբաղվի։ Իմ կուսակցությունը մշակույթն ու արվեստն է, ես ոչ մեկի կուսակցական խաղերի մեջ չկամ, երբեւիցե չեմ եղել եւ չեմ էլ պատրաստվում որեւէ կուսակցության անդամ դառնալ, որովհետեւ իմ ազատությունն ավելի թանկ եմ գնահատում, քան որեւէ կուսակցության մեջ լինելը, դա ուղղակի քաղաքացիական կեցվածք է, որին չեմ դավաճանել երբեք, դա իմ ապրելակերպն է։ Ազատ շինականի ստատուսն ինձ ավելի շատ է հրապուրել, քան կուսակցականի ճանապարհը»։



Ըստ Վարդանյանի, ամբողջ աշխարհում կան հանրային մարդիկ, որոնք մտնում են քաղաքականություն՝ թողնելով իրենց հիմնական գործը: Կան նաեւ այնպիսիները, որոնք ձայն են տալիս ոչ թե քաղաքական իրենց հայացքների համար, այլ ընդամենը դիվիդենտ են հավաքում եւ դա անում են անձնական ինչ-որ մի շահի համար: «Ուրիշ բան է, երբ հանրահայտ մարդիկ իրենց քաղաքացիական կարծիքն ունեն տարբեր բաների մասին: Իսկ երբ թողնում են իրենց մասնագիտությունը եւ սկսում են զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն ես նրանց նայում եմ արդեն որպես քաղաքական գործիչների եւ ոչ թե կոմպոզիտորի կամ դերասանի, որովհետեւ պրոֆեսիոնալիզմը պետք է լինի նաեւ քաղաքականության մեջ, մարդու ամբողջ գիտակից օրը պետք է անցնի այն գործի մեջ, որով նախընտրում է զբաղվել: Մարդիկ կան, որոնք մի քանի մասնագիտություն կարող են փոխել իրենց կյանքում, գալիս է ինչ-որ մի տարիք, որ մարդը հասկանում է՝ ավելի լավ գործունեություն կարող է ծավալել քաղաքականության մեջ, քան իր գրած երաժշտությունն է կամ գիտության բնագավառում իր անելիքը: Ես նորմալ եմ համարում դա։ Նաեւ մարդկանց տեսակ կա, որոնք անձնական շահերից ելնելով՝ ընդգրկվում են կուսակցության շարքերում, որովհետեւ նյութական կամ ինչ-որ հարցեր են ուզում լուծած լինել իրենց սոցիումում։ Կարծում եմ՝ այսօր պակասում են հենց անկախ մտածողները, որոնք երբեմն ավելի կարեւոր քայլեր են անում, քան մի ամբողջ քաղաքական կուսակցություն: Այսօր ազատ մտածողների, ստեղծագործողների թիվն է պակաս, որոնք ազատ են իրենց անելիքի ու կարծիքի մեջ»։



Երգահան Արթուր Իսպիրյանին չեն առաջարկել ընդգրկվել որեւէ կուսակցության ցուցակում, ասում է՝ այն մարդկանցից չէ, որին կարողանան համոզել, որովհետեւ մտադիր չէ որեւէ կուսակցություն մտնել։ «Ինձ հետաքրքիր չէ քաղաքականությունը, բայց ինձ հետաքրքիր է քաղաքացիական ակտիվությունը։ Ես միշտ ակտիվ կլինեմ, բայց ոչ մի կուսակցության հետ չեմ համագործակցելու, որովհետեւ չեմ գտնում այն կուսակցությունը, որի հետ կարող եմ համագործակցել»,-ասում է Իսպիրյանն ու խոսքի մեջ նկատում, որ եթե քաղաքապետ լիներ, շատ ու շատ պրոբլեմներ կլուծեր մեր քաղաքի համար․«Ես շատ եմ ուզում մասնակցել Երեւանի թե ճարտարապետական, թե էկոլոգիական, թե կանաչապատման հարցերին ու բավականին մեծ շրջապատ ունեմ ամբողջ աշխարհով մեկ, որոնք խելացի խորհուրդներ կտան այդ հարցերում եւ ճիշտ լուծումներ կառաջարկեն։ Այսօր այն, ինչ կատարվում է մեր քաղաքում ճարտարապետության, էկոլոգիայի, կանաչապատման առումով, ուղղակի անթույլատրելի է»։



Մեր այն դիտարկմանը, որ եթե ուզում է քաղաքապետ դառնալ, ապա գուցե ընդգրկվի որեւէ քաղաքական ցուցակում, Իսպիրյանն ասաց, որ չի ուզում քաղաքականության մեջ հայտնվել, բայց ուզում է մեր քաղաքի համար շատ օգտակար բան անել․ «Օրինակ՝ մենք Երեւանը սիրողների խումբ ունենք, որի անդամներով պարբերաբար հավաքվում ու քննարկում ենք Երեւանի հետ կապված տարբեր պրոբլեմներ ու ինչ-որ առաջարկություններ ենք անում քաղաքապետարանին կամ վարչապետի աշխատակազմին։ Կարծում եմ՝ դա քաղաքականության հետ հեչ կապ չունի, դա կապ ունի քաղաքը սիրելու հետ։ Ես շատ եմ սիրում իմ քաղաքը, բայց քաղաքականության մեջ ինձ չեմ տեսնում։ Ամեն ոլորտում բազմաթիվ կարծրացած հարցեր կան, որոնք չեն լուծվում, եւ չի էլ երեւում, որ սկսել են լուծել, անպատժելիության մթնոլորտի վերջը պետք է տրվի, ով ինչ ուզում, անում է։ Այն, որ ասում են՝ պետք է մտնել քաղաքականության մեջ, որ այդ հարցերը բարձրացնել, ես չեմ կարծում, որ միայն դա է ճանապարհը, ուրիշ ճանապարհներ էլ կան, եւ ես ուզում եմ, որ իմ ձայնը տեղ հասնի՝ չլինելով որեւէ կուսակցության մեջ»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ