Նախագահն անբիծ ընտրություններ է պահանջում. չմեռնենք` տեսնենք

Նախագահն անբիծ ընտրություններ է պահանջում. չմեռնենք` տեսնենք

Թերթերից մեկը երեկ դիագնոզ էր տվել, որ ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուներն են Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը եւ Դավիթ Հարությունյանը: Սակայն ԱԺ նախագահը պետք է ուժեղ անձնավորություն լինի, որովհետեւ նոր Սահմանադրությամբ նրա դերակատարությունը չի սահմանափակվելու շուլուխչիությամբ կամ խոսափող անջատել-միացնելով: Մյուս կողմից էլ՝ հեչ պարտադիր չէ, որ ԱԺ նախագահը լինի հենց այն կուսակցությունից, որը ձայների մեծամասնություն ունի ԱԺ-ում: Հնարավոր է` դա լինի կայուն մեծամասնության ներկայացուցիչը:



Այն, որ հավանական թեկնածուների մեջ Սերժ Սարգսյանի անունն այլեւս չեն հոլովում, նշանակում է` որոշակի առաջընթաց ենք ապրել քաղաքական գործընթացներն ընկալելու առումով: Եվ ի՞նչ, Սերժ Սարգսյանը չի՞ ցանկանում հավերժ թագավորել: Փաստորեն, լավ էլ ժողովրդավար նախագահ է, իսկ մենք չեղած բանից մեծ աղմուկ էինք սարքել, հիշել աշխարհի բոլոր ցմահ ղեկավարներին: Նա հայտարարել է, որ ՀՀ նախագահ եւ վարչապետ չի ուզում դառնալ, թերթերը նրա հավանական թեկնածությունն ԱԺ նախագահի պաշտոնում այլեւս չեն քննարկում: Ի՞նչ մնաց տակը` ՀՀԿ նախագահի պաշտո՞նը: Այդ պաշտոնը չէ՞ր, արդյոք, ակնարկել Սերժ Սարգսյանը` նշելով, որ կզբաղվի իր սիրած գործով:



Վերջերս, սակայն, սոցցանցերում վերհիշեցին Սերժ Սարգսյանի մի վաղեմի հարցազրույց, որտեղ նշում է, որ կուսակցություններ չի սիրում, զարմանում է, երբ իր մոտ մարդիկ են գալիս ու հայտարարում, որ այս կամ այն կուսակցությունից են: Արդյոք, Սերժ Սարգսյանը փոխվե՞լ է: Բանն այն է, որ հիմա նա ոչ թե 1, այլ 2, իսկ ոմանց կարծիքով՝ նույնիսկ 3 կուսակցության ներկայացուցիչ է, եթե հաշվենք, որ ՀՀԿ-ն նաեւ ԵԺԿ-ի անդամ է եւ «Եդինայա Ռոսիայի» քույր կուսակցությունը: Բայց սա էլ արգումենտ չէ Սերժ Սարգսյանի` քաղաքականության մեջ հարատեւելը պնդելու համար:



Մենք գիտենք, թե ինչ է կատարվում հեռացող նախագահների հետ Հայաստանում: Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան… Թե առաջինից եւ թե երկրորդից հետո եկածներն իրենց պարտքն են համարել նախորդի վարկանիշը զրոյի հավասարեցնել: Ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ն, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի ՀՀԿ-ն չփրկեցին նրանց քաղաքականությունից հեռանալու հարցում: Ավելին, նրանց քաղաքական հենարանները, կատվի հնարքներ բանեցնելով, մեծ հաջողությամբ ներծծվեցին օրվա իշխանության մեջ` մոռանալով իրենց երբեմնի «աստվածներին»: Երաշխավորվա՞ծ է, արդյոք, Սերժ Սարգսյանն այս հեռանկարից: Չենք կարծում, որովհետեւ այնքան միամիտ չենք, որ հավատանք, թե գալիք իշխանություններն այնքան պրիմիտիվ են լինելու, որ երդվեն նախորդի արեւով:



Իսկ որ Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենալու, դա միանշանակ է: Կմնա՞ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի նախագահ, թե ոչ, կփորձի՞, այնուամենայնիվ, վարչապետ դառնալ կամ մնալ ՀՀ նախագահի պաշտոնում, արդեն էական չէ: Էականը նախընտրական իրականությունն է: Դաշտում են հայտնվել ուժեր ու անհատներ, որոնք պատրաստ են փողի դեմ ավելի մեծ փող դնել եւ պայքարել գերկուսակցության` ՀՀԿ-ի դեմ: Մի պահ պատկերացրեք Ռոբերտ-Քոչարյան-Սեյրան Օհանյան-Գագիկ Ծառուկյան-Վարդան Օսկանյան դաշինքը: Նրանք բարեխիղճ ձեւով սպասել են գործող նախագահի ժամկետն սպառվելուն, չեն խախտել խաղի կանոնները, ավելին` օգնել են գործող նախագահին նավարկել քաղաքական բարդ իրավիճակներում: Եվ ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը փոխի խաղի կանոնները` անիմաստ փող դնելով մեծ փողի դեմ, եթե, միեւնույն է, նոր իշխանությունը, նույնիսկ ՀՀԿ-ի հաղթելուց հետո էլ, առաջվանը չի լինելու եւ չի տեղավորվելու նրա բռի մեջ հենց միայն այն պատճառով, որ նա 2018-ից հետո այլեւս չի ունենալու նախագահի միահեծան իշխանություն:



Նոր Սահմանադրությունը, որքան էլ ոմանք այն չեն ընդունում որպես մեր առաջընթացին միտված քայլ, հենց այն կռվանն է, որ Սերժ Սարգսյանին եւ նրանից հետո եկողներին շանս է տալու ժամկետներն սպառելուց հետո էլ չփակվել ամրոցներում եւ չմնալ ստվերում: Նոր իշխանությունների հետ համագործակցելը կամ ընդդիմադիր դաշտում գործելն այսուհետ լինելու է առավել դյուրին, առավել հասկանալի եւ առավել թափանցիկ: Քաղաքական քամելեոնների ժամանակները մնում են հետեւում, ցինիզմը, ստախոսությունը, լղոզվածությունն այլեւս արդիական որակներ չեն: Գալիս են քաղաքական հստակ պայմանավորվածությունների, գաղափարական դաշինքների, փողը Հայաստանում ներդնելու եւ այն կորցնելուց չվախենալու ժամանակներ: Նոր Սահմանադրությունն այս ամենը թույլ է տալիս իրականություն դարձնել, եւ միայն մեկ բան կխանգարի դրան` առաջիկա ընտրությունների կեղծումը: Դա այսօր չի բխում իշխանության շահերից: Անիմաստ է կառչել իշխանությունից եւ վտանգել ապագան: Կեղծ հաղթանակի բերկրանքը լավագույն դեպքում կտեւի մեկ տարի, իսկ 2018-ից հետո կունենանք նույն տաշտակը, որ ունեինք 1997-ից եւ 2008-ից հետո: Նախագահն անբիծ ընտրություն է պահանջում: Չմեռնենք` տեսնենք:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ