Քաղաքական եւ մշակութային գործիչները Արագած Ախոյանի ցուցահանդեսին (լուսանկարներ)

Քաղաքական եւ մշակութային գործիչները Արագած Ախոյանի ցուցահանդեսին (լուսանկարներ)

Այսօր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվեց Արագած Ախոյանի՝ «Վերադարձ…» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքների առաջին ցուցահանդեսը, որը կգործի մինչև հունվարի 31-ը: Արագած Ախոյանի գործերը դիտելու էին եկել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ նկարիչների միության անդամներ, արվեստագետներ և բազմաթիվ արվեստասերներ:



«Օտարման եւ օտարացման դեմ գեղանկարիչ է Արագած Ախոյանը, թե առօրիայում, թե օրենսդիր իր գործնեության մեջ, թե սահմանակից Թուրքիայում Արագած Ախոյանը փնտրում է իր երկրի, հայրենիքի պատառոտված քարտեզը եւ այդ քարտեզի ծաղկաթերթերով էլ ստեղծում է իր գեղանկարչական աշխատանքները։ Զարմացնում է մանկան անմիջականությամբ, պատրաստակամ է, այսօրինակ մտավորականն ու մտավորականների ջոկատը շատ կարեւոր գործեր ունի անելու եւ պետք է անի»,-իր խոսքում նշեց թանգարանի տնօրեն, բանաստեղծ Հովիկ Հովեյանը։



Աժ նախագահ Գալուստ Սահակյանն էլ մասնավորապես նկատեց․«Պատգամավոր է, ով ընդգծված է իր ազնիվ, հայրենասեր գործերով, բավականին լավ մտքեր ունի։ Նկարները կարծեք թե ժպիտ ունեն, ուրախ կեցվածք ունեն»,- ասաց Գալուստ Սահակյանն, ապա հավելեց, որ պետք է այսօրինակ աշխատանքները պրոպագանդեն, որ ժողովուրդը զգա պատգամավորները միայն «կոճակ սեղմողներ» չեն, այլ որ նրանց մեջ կան նաեւ բանաստեղծներ, գեղանկարիչներ։



«Սա ընդունեք, որպես հոգու լվացք»,-իր ցուցահանդեսի բացմանն ասաց ԱԺ պատգամավոր, գեղանկարիչ Արագած Ախոյանն ու ավելացրեց․«30 տարի ես վրձին չէի վերցրել ձեռքս, սա կենսական պահանջ էր ու որոշեցի ամռանը նկարել, գնացի ներկեր առա, բերեցի ու սկսեցի նկարել։ Կներեք իմ համարձակության համար, երեւի վերջին տարիներին նման բան չէր եղել, որ գիշերը չքնեի եւ այսօր քննության պես ներկայանում եմ ձեզ արդեն մշակույթի ոլորտում։ Ինչպես տեսնում եք ամբողջը բնապատկերներ են, որովհետեւ մտովի միշտ նկարել եմ, մեքենա վարելուց էլ մեքենայի դիմապակին ինձ համար եղել է շրջանակ, մնացածը նկարներ»,-ասաց Ախոյանն, ով համոզված է, որ ամենագեղեցիկ արվեստը դա ապրելու արվեստն է։



Ցուցահանդեսին ներկա նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ հրավիրեց Արագած Ախոյանին դառնալու նկարիչների միության պատվավոր անդամ, ինչը սիրով ընդունվեց Ախոյանի կողմից։