Իսկ եթե Երեւանում միացնե՞նք ընտրությունները

Իսկ եթե Երեւանում միացնե՞նք ընտրությունները

Վերջերս շատ խոսվեց այն մասին, որ ապրիլի 2-ն ԱԺ ընտրությունների օր նշանակելը ճիշտ չէր: Մի կողմից ասում են` Սահմանադրությունը չի ներում, եւ մյուս կողմից էլ՝ այդ օրը 100 հերոս տղաների զոհվելու մեկ տարին է լրանում, եւ սիրուն չէ, որ հենց այդ օրը տեղի ունենան ընտրությունները:



Մենք գիտենք, չէ՞, թե ինչպես են մարդկանց «գազելները» լցրած տանում-բերում, «գազելների» մեջ «բացատրում», թե ինչպես պետք է ընտրել, ձեռքի հետ էլ՝ 5 հազարականներ: Ահավոր տգեղ կլինի, հավատացեք, որ նախագահը գնա Եռաբլուր, ծանր-ծանր խոսքեր ասի, իսկ մի տեղ մի զոռբա, մարդկանց առաջն արած՝ քշի ընտրության:



Բայց իշխանությունները կարծես դիմադրում են եւ ցանկանում են հենց ապրիլի 2-ին ընտրություն անցկացնել, որովհետեւ դրանից հետո գալիս է Երեւանի ավագանու ընտրությունը, եւ ժամանակ չի մնում քարոզարշավի համար:



Եթե դու անկախ երկիր ես, ելք միշտ էլ կա: Կարծում ենք` կարելի է հարցը մտցնել ԱԺ եւ քննարկման արդյունքում Երեւանի ընտրատարածքներում միավորել ԱԺ եւ Երեւանի ընտրությունները: Այդ դեպքում խախտած չենք լինի Սահմանադրությունը, մյուս կողմից էլ՝ Լոռու ընտրողներն ստիպված չեն լինի ընտրություններին մասնակցելու համար ենթարկվել Երեւանի գրաֆիկին:



Հավանաբար կասեք` ավելի կբարդանա առանց այն էլ բարդ ընտրությունը: Չի բարդանա: Կէժանանա ընդամենը: Տնտեսված միջոցները կարելի է ուղղել բանակին: Պարզապես Երեւանի ավագանու ընտրության համար պետք է տպագրել այլ գույնի քվեաթերթիկներ եւ երեւանցուն տալ քվեաթերթիկների 2 կապ եւ 2 ծրար:



Սա նորություն չէ: Նախադեպեր կան շատ երկրներում: Ռուսաստանում, օրինակ, Պետդումայի ընտրությունները միավորվեցին նահանգապետերի ընտրությունների հետ` հասկանալի է, ամեն նահանգում իր քվեաթերթիկներով: Իսկ եթե շատ հեռու էլ չգնանք, ապա կարելի է հիշել մեր ընտրությունները, երբ համամասնական ու մեծամասնական էինք ընտրում, թաղապետ ու ավագանի:



Իսկ ինչ վերաբերում է մտավախությանը, թե ԱԺ-ի եւ Երեւանի ընտրությունների քարոզարշավները կխառնվեն իրար, ընտրողը չի հասկանա՝ ով ով է, ապա դա միանգամայն անհիմն է, որովհետեւ քարոզարշավը խելացի կազմակերպելու դեպքում դրանք կլրացնեն միմյանց եւ ոչ թե կխանգարեն, մանավանդ, որ երկու ընտրությունն էլ համամասնական ընտրակարգով է կատարվում:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ