ՊԵԿ-ի հերթական «զավեշտը»

ՊԵԿ-ի հերթական «զավեշտը»

Օրեր առաջ գրել էինք ՊԵԿ-ի կողմից իրականացվող մի զավեշտալի երևույթի մասին։ Չարենցավանում գրանցված «ՎԻՍԼԱ» ՍՊԸ-ի նկատմամբ Պետեկամուտների կոմիտեն անցյալ տարվա վերջին 20 հազար դրամի վարչական ակտ էր կայացրել։ Ընկերության տնօրեն Գևորգ Հակոբյանը Կոմիտեի գանգատարկման հանձնաժողովում փորձել էր վիճարկել կայացված ակտը։ 2016 թ․ դեկտեմբերի 23-ին նշանակել էին նիստ, բայց, չգիտես որ տրամաբանությամբ, ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի ստորագրությամբ ծանուցագիրը, որով հրավիրում են նշյալ նիստին, տնտեսվարողին են ուղարկել նիստից մեկ օր հետո՝ դեկտեմբերի 24-ին։ Այս զավեշտին ՊԵԿ-ից փորձեցին բացատրություն տալ կամ որևէ կերպ արդարանալ այն «հիմնավորմամբ», թե իրենք նիստից երկու ժամ առաջ զանգել տեղեկացրել են՝ դա համարելով իբրև «պատշաճ ծանուցում»։



Բայց նրանք մոռացել էին, երևի, որ նամակն ուղարկել են մեկ օր հետո, գումարած դրան՝ երկու ժամ առաջ կատարած զանգն էլ մարզում գտնվող բնակչի համար բնավ էլ պատշաճ ծանուցում չի համարվում։ Ինչևէ, նրանք նիստն անցկացնում են առանց Գ․ Հակոբյանի մասնակցության՝ չլսելով նրա բերած փաստարկներն ու ակտը թողնում անփոփոխ՝ այդ մասին տեղեկացնելով կրկին Միրումյանի ստորագրությամբ ծանուցագրով։



Հակոբյանը առանց իր մասնակցությամբ, խախտումով անցկացված նիստում կայացած այս որոշումը բողոքարկելու համար երկու ամիս ժամանակ ուներ։ Այդ մասին անգամ նշված էր Միրումյանի ուղարկած ծանուցագրում, որ «Սույն որոշմանը չհամաձայնելու դեպքում այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել տեսչական մարմինների միասնական հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատարան»։



Բայց Գևորգ Հակոբյանը չի հասցնում բողոքարկել։ ՊԵԿ-ից շտապել են դեռ երկու ամիսը չլրացած՝ ԴԱՀԿ ծառայության միջոցով անմիջապես կալանք դնել նրա հաշվիվների վրա՝ նախատեսված տուգանքի չափով (20.000 դրամ)։ Իսկ դրա իրավունքը, ըստ Հակոբյանի, իրենք չունեին։ Փաստորեն, ՊԵԿ-ը սխալը սխալի հետևից է թույլ տալիս կամ ուղղակի ՊԵԿ-ում շարունակում է զավեշտների շարքը։



«Ես կարող է բողոքարկում եմ դատարան, ու դատարանը չեղյալ է համարում իրենց կայացրած որոշումը, և դա կարող է տևել մի քանի ամիս։ Մինչև էդ պրոցեսը չավարտվեր, իրենք իրավունք չունեին էդ գումարը ինձանից տանեին կամ սառեցնեին իմ հաշիվները։ Փաստորեն, ներկա պահին անօրինական ձևով կալանքի տակ է դրված այդ գումարը»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Հակոբյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ