Ոչ ինձ, ոչ Ձեզ, ոչ էլ Հովիկ Աբրահամյանին որեւէ մեկը չի կարող փոխարինել

Ոչ ինձ, ոչ Ձեզ, ոչ էլ Հովիկ Աբրահամյանին որեւէ մեկը չի կարող փոխարինել

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, կրթության հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը դժվարանում է մեկնաբանել ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշումը, որովհետեւ իր համար անսպասելի էր այն։ «Ամեն դեպքում ես ափսոսանքով եմ վերաբերվում»։



- Պարոն Դավթյան, կարծես թե ՀՀԿ-ի կարկառուն դեմքերը լքում են Հանրապետականը։ Անգամ խորտակվող նավի թեզն են շրջանառում մամուլում։ Կա՞ նման բան։



- Բնականաբար, գիտե՞ք, ավելի շատ ինտրիգներ փնտրել եւ այլն․․․ կոնկրետ եթե մենք խոսում ենք Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու հետ կապված, ես չգիտեմ՝ էլ ինչ կարկառուն դեմքեր գիտեք, որ բացի Հովիկ Աբրահամյանից, նմանատիպ ցանկություն են հայտնել։ Կյանքը հենց հետաքրքիր է էդ դինամիկայի մեջ։ Եթե հաշվի առնենք նաեւ, որ առաջիկայում հենց համապետական ընտրություններն են, բնականաբար, որոշակի նոր դասավորվածություններ, նոր սխեմաներ առաջ կգան։ Բնական է, որ անընդհատ նաեւ հանրությանը որոշակի ինտրիգային սցենարներ պիտի փորձ արվի ներկայացնել։



- Իսկ այդ սցենարների հեղինակներն ովքե՞ր են։ Մարդիկ այդ սցենարիստներին իշխանության կազմում են փնտրում։



- Գիտե՞ք ինչ, դա էլ բնական է, որովհետեւ ՀՀԿ-ն, փաստորեն, ամենամեծն է, ամենախոշորն է, տարիներ շարունակ ՀՀԿ-ն է ձեւավորել քաղաքական օրակարգը, դրա հետ է կապված։



- Եթե դիտարկենք հեռացումների հարցը, ապա Հովիկ Աբրահամյանը հեռանում է, Սեյրան Օհանյանը ՀՀԿ-ից չէր, բայց իշխանության կարկառուն դեմքերից էր, նա էլ դուրս եկավ իշխանությունից եւ դարձավ ընդդիմադիր, Սուրիկ Խաչատրյանը թեպետ չի լքել ՀՀԿ-ն, բայց հեռացվեց Սյունիքի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից, Գագիկ Բեգլարյանը, ասում են, նեղացած է ՀՀԿ-ից եւ գուցե ինքն էլ հեռանա, Գայանե Սողոմոնյանն էլ երեկ է լքել ՀՀԿ-ն։ Այս ամենը ինչպե՞ս եք գնահատում։



- Այս ամենը գնահատվում է այսպես․ տեղի է ունեցել Սահմանադրության փոփոխություն, այ, երբ այդ փոփոխությունները տեղի էին ունենում, այդ ժամանակ ասվում էր, որ դա բերելու է գլոբալ փոփոխությունների, որոնք նաեւ որոշակի վերադասավորումներ էին ենթադրում։ Հիմա այդ ամեն ինչը դրա արդյունքն է, հատկապես, որ համապետական ընտրություններ էլ պիտի լինեն։



- Բայց այն ոգով ու տրամաբանությամբ, ինչպես ՀՀԿ-ն էր ներկայացնում սահմանադրական այս փոփոխությունները, որ սրանով ուժեղանալու են կուսակցությունները, դրանց դերի բարձրացմանն է ուղղված եւ այլն, այսօր կարծես հակառակն է՝ ի վնաս ՀՀԿ-ի է աշխատում, ՀՀԿ-ն, փաստորեն, թուլանում է։



- Ճիշտ եք ասում, բայց մենք ասում ենք՝ կուսակցությունների։ Իսկ երբ որ մենք ասում ենք՝ կուսակցությունների, բոլորը մատնացույց են անում ՀՀԿ-ին, որ ամեն ինչ ձեւվում է Հանրապետականի հագով։ Բայց հիմա կյանքը ցույց է տալիս, որ ոչ։ Որովհետեւ մենք կարեւորում ենք պետությունն ու պետականությունը, ամենեւին առաջնային պլանում չենք դնում կուսակցությունը։



- Հիմա Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու պատճառները որո՞նք են, ըստ Ձեզ։



- Ինձ թվում է՝ Հովիկ Աբրահամյանն ինքը կանդրադառնա այդ հարցին առաջիկայում, եւ եկեք սպասենք, թե ինչ մեկնաբանություններ կլինեն։



- Մի տեսակ զավեշտի չի՞ վերածվի, որ պարզվի՝ նախկին վարչապետն էլ ընդդիմադիր դաշտ տեղափոխվի, հետո դժգոհի իշխանություններից, որ երկրի վիճակը վատացել է, ասի, որ ինքն ի պաշտոնե կաշկանդված էր բարձրաձայնել այդ մասին ու հիմա, փաստորեն, «հանուն երկրի» դուրս է գալիս ՀՀԿ-ից։



- Մենք հիմա վերագրում ենք մեր երեւակայությանն էնպիսի բաներ, որոնք չեն արտաբերվել նրա կողմից։ Մի փոքր սպասենք, ինքը կմեկնաբանի իր որոշումը։



- ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի հեռանալը մե՞ծ կորուստ կարելի է համարել Հանրապետականի համար, թե՞ գուցե դա օգտակար լինի նրան։



- Ես մի բառով ասացի՝ ափսոսանք եմ արտահայտում, եւ եկեք բավարարվենք այս պահին այդքանով։



- Դա Ձեր անձնակա՞ն ափսոսանքն է, թե՞ ՀՀԿ-ում եւս ափսոսում են Աբրահամյանի հեռացմամբ։



- Դուք ինձ հետ եք խոսում, ես իմ տեսակետն եմ արտահայտում։



- Ի դեպ, անընդհատ ձգձգվում է ՀՀԿ փոխնախագահների նշանակման հարցը, եւ մամուլում տեսակետ շրջանառվեց, որ գուցե Աբրահամյանին կուսակցությունում չէին ցանկանում ոչ փոխնախագահ, ոչ ՀՀԿ շտաբի պետ նշանակել, եւ դա էր նաեւ նրա հեռանալու պատճառը։



- Ես ասեմ՝ այդ հարցերը ՀՀԿ գործադիրի եւ խորհրդի նիստերի ժամանակ պիտի քննարկվեին։ Դա հարցերից մեկն էր, ու ես չեմ կարծում, որ հենց միայն այդ հարցն էր պատճառը։ Տեսնում եք նաեւ, որ մնացած ուժերը եւս դեռ վերջնական չեն ձեւավորել իրենց որոշումները։



- Նկատի ունեմ՝ ՀՀԿ-ում չէին ցանկանում Հովիկ Աբրահամյանին կրկին առանցքային դեր վստահել այս շրջանում, եւ դա՞ էր պատճառը, որ Աբրահամյանը չցանկացավ մնալ։



- Ամեն դեպքում, ինչի մասին որ Դուք խոսում եք, ինձ հայտնի չէ նման պատճառահետեւանքային կապ… Ես, համենայնդեպս, նորից պիտի ասեմ՝ սպասենք Հովիկ Աբրահամյանի մեկնաբանությանը։



- Վերջին հարցը․ այն 7 հազար հոգին, որ անդամակցեցին ՀՀԿ-ին Կարեն Կարապետյանի գալուց հետո, նրանք կարո՞ղ են փոխարինել Հովիկ Աբրահամյանին, թե՞ նա էլ կարող է իր հերթին 7 հազար հոգի տանել ՀՀԿ-ից։



- Ես էսպես ասեմ՝ յուրաքանչյուրն ունի իր տեղը։ Եվ որեւէ մեկը մյուսին չի փոխարինի։ Էն, որ ասում են՝ անփոխարինելի մարդիկ գոյություն չունեն, եթե չեմ սխալվում, այդ խոսքերը Ստալինին են վերագրվում, ես էդպես չեմ կարծում, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի իր ուրույն տեղը։ Եվ, այս առումով, ոչ ինձ, ոչ Ձեզ, ոչ էլ Հովիկ Աբրահամյանին, էնպես, ինչպես կանք, եւ յուրաքանչյուր քաղաքացու որեւէ մեկը չի կարող փոխարինել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ