Դեռ մեկ տարի առաջ Ջաղինյանը ցանկացել է փակել «Մարտիկ» հաղորդաշարը

Դեռ մեկ տարի առաջ Ջաղինյանը ցանկացել է փակել «Մարտիկ» հաղորդաշարը

23 տարի եթեր հեռարձակվող «Մարտիկ» հաղորդաշարը փակվել է․ այդ մասին նախօրեին ֆեյսբուքյան իր էջում գրել էր հաղորդման ռեժիսոր Արման Վարդանյանը։ ««Մարտիկ» հաղորդաշարի ղեկավար Սեյրան Շահսուվարյանը հայտնեց ինձ, որ հեռախոսազրույց է ունեցել Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ, վերջինս նրան հայտնել է. «Շատ եմ ցավում, բայց եթեր չի գնալու «Մարտիկը»»: Պարոն Շահսուվարյանի այն հարցին, թե որն է հաղորդաշարի փակման պատճառը, Ջաղինյանը պատասխանել է՝ պատճառաբանություն չկա: Իրավիճակը հասկանալու համար կապ հաստատեցի Հ1-ի ծրագրերի բաժնի հետ: Իմ այն հարցին, թե ինչու «Մարտիկը» եթերում չէ, պատասխանեցին․ «ա. մենք «Մարտիկի» հետ պայմանագիր չունենք, բ. ես չունեմ հանձնարարական, որ պետք ա «Մարտիկը» լինի եթերում»: Իմ հավելմանը՝ այսինքն տնօրինությո՞ւնն է որոշել, որ «Մարտիկը» պետք է եթեր չգնա, պատասխանեցին. «Նու, հա, կարելի է էդպես մեկնաբանել…հա՛»: «Մարտիկը» Հանրային հեռուստատեսության ստրատեգիական նշանակության հաղորդում է, եւ «Մարտիկը» փակելը չի կարող լինել գաղտնի ու ոչ էլ առանց «պատճառաբանության»: Հաղորդումն ստեղծվել է եռակողմ համաձայնության արդյունքում, եւ չի կարող Հանրային հեռուստատեսությունը միակողմանի, առանց կողմերի եւ հանրության կարծիքը հաշվի առնելու կամայական որոշում կայացնել: «Մարտիկի» փակումը հասարակական քննարկման առարկա է: Ակնկալում ենք հանրության աջակցությունն այս կամայական որոշման դեմ»,-գրել էր հաղորդման ռեժիսոր Արման Վարդանյանն ու ընդգծել, որ հաղորդման ստեղծագործական կազմում աշխատում են ռազմական լրագրության եւ օպերատորության վարպետներ, որոնցից շատերը նախարարի կողմից վերջերս պարգեւատրվեցին ՀՀ ԶՈւ գերատեսչական մեդալներով՝ քառօրյա պատերազմին մասնակցելու, լուսաբանելու համար: Դրանից բացի, ընդամենը երկու ամիս առաջ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից «Մարտիկ» հաղորդաշարը Հանրային հեռուստատեսության 60 եւ Հանրային ռադիոընկերության 90-րդ տարեդարձների կապակցությամբ, նաեւ զանգվածային լրատվամիջոցներով ԶՈւ առօրյան լուսաբանելու համար պարգեւատրվում է պատվոգրով։ Այսքանից հետո հաղորդումը փակելու որոշումը բազմաթիվ տարակուսանքների տեղիք է տվել ստեղծագործական թիմին։



«Մարտիկ» հաղորդաշարի հեղինակ, ծրագրի ղեկավար, պահեստազորի գնդապետ Սեյրան Շահսուվարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել դեռ անցած տարի՝ դեկտեմբերի վերջին. «Ինձ զանգեց-ասաց՝ մենք դա հանում ենք, ու վերջ, հետո իրենց ծրագրերի տնօրենն իմ ռեժիսորին ասել է՝ նպատակահարմար չենք գտնում»։ Այդուհանդերձ, հնչե՞լ է գոնե մեկ պատճառաբանություն։ «Չեն ասում, եթե ասեն, որ այս պատճառով են հանում, ես գոնե կհասկանամ, ասում են՝ նպատակահարմար չեն գտնում»,-ասում է Շահսուվարյանն ու հավելում, որ «Մարտիկը» փակելու փաստը չի կարող կապ ունենալ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ հաղորդման հետ, որն Ամանորին եթեր գնաց եւ մեծ աղմուկ առաջացրեց. «Այդ խոսակցությունն անցած տարի է եղել, երբ դեռ չէինք նկարել ամանորյա հաղորդումը»։



Շահսուվարյանը նշեց, որ հաղորդումը պայմանագրային հիմունքներով էր եթեր գնում, եւ ամեն տարի իր հետ պայմանագիր էին կնքում. «Այս տարի չեն արել, երեւի միտումնավոր, որպեսզի ասեն՝ պայմանագիր չունեք։ Չգիտեմ ինչի հետ է դա կապված, համենայնդեպս, անցյալ տարի էլ նույն բանն արեց, էլի տարվա վերջին ասաց՝ հանում եմ, մի կերպ հարթեցի, մի տարի շարունակեցինք աշխատել, հիմա այս տարի՝ նույնը։ Սա առաջին անգամը չէր, հենց ինքը եկել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, զանգել-ասել է՝ հանում եմ։ Ես էլ, քանի որ հիմա Երեւանում չեմ, դրանով չեմ կարողանում զբաղվել»։



«Մարտիկ» հաղորդումն ստեղծվել է 1993թ․-ին՝ եռակողմ համաձայնությամբ՝ art 13-ի, բանակի եւ Հանրային հեռուստատեսության կողմից։ Այս դեպքում ՊՆ-ի համաձայնությունը պետք չէ՞ր արդյոք, Շահսուվարյանը պատասխանում է. «Դե, եթե փակում են՝ մի հատ էլ ՊՆ-ին պետք է ասեին, ես ինչքան գիտեմ, ՊՆ-ն էլ տեղյակ չէ, որովհետեւ ՊՆ-ից ինձ զանգող չի եղել, եւ ամբողջ աղմուկն այսօր է բարձրացվել։ Ես ուզում եմ նաեւ մի բան ասել, որ այս 23 տարիների ընթացքում հազարավոր մտավորականների եմ տարել բանակ, ու գրեթե բոլորը հաղորդման ավարտին ասել են, որ սա իմ կյանքի լավագույն օրերից մեկն էր։ Ի վերջո, ցանկացած հաղորդում բացեք-նայեք, երբ մենք տուն ենք տանում այդ զինվորին, ծնողներն ասում են՝ ամբողջ տարին սպասում էի ու գիտեի, որ մի օր էլ իմ էրեխուն իմ տուն կբերեք, միայն այդ 2 փաստը հերիք է, որ ինքն իր գործն արած լինի։ Ի վերջո, սա ոչ քաղաքականություն է, ոչ էլ զինվորական գաղտնիքներ ենք բացում, որ դրա համար փակում են, անկաշառ հաղորդում է, մտավորականը գնում, ինչքան ուզում՝ մնում է, ճաշում է զինվորների հետ, պոստում կանգնում, ավտո է քշում, տանկ, ինչ ուզում են, իրենց տրամադրում ենք։ Սա է հաղորդման նպատակը՝ նաեւ մտավորականությանը կապել բանակի հետ»։ Շահսուվարյանը նկատում է, որ հիմա առնվազն ակնկալում են նաեւ այդ մտավորականների աջակցությունը հաղորդումը փակելու առնչությամբ։



ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանին խնդրեցինք գնահատել բանակին նվիրված հաղորդման փակվելու փաստը, որի ստեղծմանն աջակցում էր նաեւ ՊՆ-ն։ Տեղեկացվա՞ծ էին, որ այն փակվելու է։ «Մենք լսել էինք, որ այդպիսի ծրագրեր կան, այդ հարցը հիմա մեր կողմից ուսումնասիրման փուլում է։ Մենք հիմնականում աջակցել ենք այդ հաղորդաշարին ինչով կարողացել ենք, բայց, ամեն դեպքում, այդ խնդիրը Հանրային հեռուստաընկերության ներքին խնդիրն է, մենք հիմա փորձում ենք հասկանալ, թե ինչ է կատարվել, եւ որն է խնդիրը, բայց էլի եմ ասում՝ խառնվել հեռուստաընկերության խմբագրական քաղաքականությանը՝ ճիշտ չէր լինի»։



Այդուհանդերձ, հաղորդումը բացի հասարակական նշանակությունից, ուներ նաեւ ստրատեգիական նշանակություն եւ չէր կարող առանց պատճառի փակվել։ «Դա հեռուստաընկերության խնդիրն է, մենք ունենք մեր մեդիա ռեսուրսները եւ զբաղվում ենք դրանցով, ընթացքում փորձում ենք աջակցել նաեւ լրատվական դաշտին, որը ցանկություն ունի որեւէ հեռուստապրոդուկտ տալու։ Ամեն դեպքում, փորձում ենք հասկանալ պատճառները, որովհետեւ ցանկացած հաղորդում, որը լուսաբանում է բանակի գործունեությունը, մեզ համար կարեւոր է»,-ասաց նա՝ բացառելով «Մարտիկ» հաղորդաշարի ամանորյա թողարկման մեջ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ դրվագի առնչությունը հաղորդումը եթերից դուրս թողնելու փաստի հետ. «Չեմ կարծում, որ դա այնպիսի մի սկանդալային հաղորդում էր, որ դրա համար պետք էր հաղորդում փակել, եւ չեմ կարծում, որ հիմա մենք այն երկրում ենք ապրում, որ այդ կարգի բանի համար հաղորդում են փակում»։



Ինչ վերաբերում է Հ1-ին, ապա Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ