Չգիտենք՝ ով ա գալուբոյը, ով՝ ազգայնականը, ով՝ արեւմտամետը

Չգիտենք՝ ով ա գալուբոյը, ով՝ ազգայնականը, ով՝ արեւմտամետը

Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը, ով պայքարում է գեներալ Մանվելի թիմի եւ նրա ձեւավորած կարգերի դեմ, ամիսներ առաջ որոշել էր անդամակցել «Հայկական վերածնունդ» կուսակցությանն ու ՀՎԿ ցուցակով մասնակցել ընտրություններին։ Երեկ լուրեր տարածվեցին, որ Աբգարյանը հետ է կանգնել իր մտքից եւ որոշել է ընտրությունների գնալ ՀՀԿ-ի հետ։ Դրան թերեւս նպաստել է նաեւ այն, որ Մանվել Գրիգորյանը չի լինելու ՀՀԿ ցուցակում, եւ նրա ընտանիքից էլ ոչ ոք չի առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով։ Մեր հարցին Աբգարյանը պատասխանեց․ «Մի երկու օրից կպատասխանեմ, ամեն ինչ ընթացքի մեջ է, տեսնենք։ Կոնկրետ դեռ ոչինչ չկա»։



- Դուք ՀՎԿ անդա՞մ եք հիմա։



- Դե, տենց կոնկրետ՝ դեռ չէ, բայց ընթացքի մեջ է։



- Բայց ուզո՞ւմ եք անդամակցել «Հայկական վերածնունդին» եւ իրենց ցուցակով մասնակցել ընտրություններին։



- Ամեն դեպքում՝ նենց խմբի հետ պետք է գնամ, որոնք ուղիղ քայլեն, ոտները կախ չգցեն, ու էդ ընթացքում պրոբլեմներ չլինեն։



- Իսկ ինչ-որ ծուռ բա՞ն եք տեսել «Հայկական վերածնունդում»։



- Առայժմ ոչինչ չեմ կարող ասել, ես հետեւից խոսել չգիտեմ, ուղղակի դեռեւս խնդիրներն ենք վերլուծում։ Մենք ես չեմ, իմ հետեւից ահագին մեծ քանակ կա, ինքս ինձ չեմ որոշում, էլի։



- Իսկ ի՞նչն է խնդիրը, Դո՞ւք եք մեծ պահանջներ ներկայացրել «Հայկական վերածնունդին», թե՞ իրենք են այնպիսի պահանջներ դնում Ձեր առաջ, որոնք անընդունելի են Ձեզ համար։



- Իմ առաջ ոչ ոք ոչ մի պահանջ չի կարող դնել, ուղղակի անհասկանալի լիքը բաներ կան։ Հասկանո՞ւմ եք, մարդ եթե ասում է, որ ես ընդդիմություն եմ, ուրեմն պիտի ընդդիմություն լինի, եթե ասում է, որ ես դիմություն եմ, դիմություն պետք է լինի։ Որովհետեւ էսօր չգիտենք՝ ով ա գալուբոյը, ով՝ ազգայնականը, ով ա, չգիտեմ, արեւմտամետը, սաղ խառնվել ա իրար։



-Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ իրենք ընդդիմություն են, կասկածի տեղիք տվող ինչ-որ բանե՞ր եք նկատել։



- Ես հիմա ՀՎԿ-ի մասին ոչ մի բան չեմ կարող ասել, էնտեղ ահագին լավ, կարգին մարդիկ կան՝ գրագետ, դաստիարակված, ուղղակի քաղաքական խնդիրները հիմա մի քիչ խառն են, մի քանի օրից եթե զանգեք, կպատասխանեմ նորմալ։



- Ամեն դեպքում ուզում եմ հստակ իմանալ՝ Դուք հիմա ո՞ր կուսակցության անդամ եք։



- Ուրեմն ես կյանքումս մի անգամ եղել եմ Հանրապետական, որ մի շարք ռեգիոններում ՀՀԿ-ն ես եմ ստեղծել, դա 94, 95, 96 թվերին էր։ Բայց ես արդեն 13-14 տարի է՝ էդ կուսակցության հետ կապ չունեմ մի շարք խնդիրներով։ Իսկ ՀՎԿ-ի հետ պայմանավորվել եմ, խոսել ենք, բայց էնտեղ ինչ-որ խնդիրներ եղան անդամների մեջ, ես առայժմ դեռ․․․ մի քանի օրից կասեմ․․․ Մարդ եթե քայլն անում է, պետք է ճիշտ քայլ անի մինչեւ վերջ։



- Իսկ հնարավո՞ր է՝ համամասնական ցուցակում անցողիկ տեղերի հետ կապված խնդիր կա, որ գուցե Ձեզ ավելի առաջնային տեղ չեն առաջարկել։



- Մի երկու օրից կխոսենք։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ