Թեկնածությունս առաջադրեցի, որովհետեւ պարտավորվածություն էի զգում

Թեկնածությունս առաջադրեցի, որովհետեւ պարտավորվածություն էի զգում

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքի կողմից ռեյտինգային կարգով Շենգավիթ վարչական շրջանում կառաջադրվի նաեւ գրող Համբարձում Համբարձումյանը, ում հետ զրուցեցինք իր առաջադրման եւ առաջիկա ընտրությունների շուրջ։



- Համբարձում, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել, ի՞նչ եք անելու խորհրդարանում, որը չեք կարողանում անել որպես գրող։



- Որոշեցի թեկնածությունս առաջադրել, որովհետեւ պարտավորվածություն էի զգում։ Սովորաբար թվում է՝ մարդիկ հեշտ են ներգրավվում քաղաքական գործընթացներին, բայց իրականում այդպես չէ, նույնիսկ վստահված անձ գտնելու՝ ավելի քիչ պատասխանատվություն վերցնելու համար շատ բարդ է մարդկանց համոզել, որ մասնակցեն ընտրական գործընթացին։ Ինձ թվում է՝ արդեն մեր սերունդը պետք է զբաղվի դրանով, եւ քանի որ դաշտում շատ մարդ չկա, որ պատրաստ է այդ պատասխանատվությունն իր վրա վերցնել, որոշեցի ես դա անել։ Թե ինչով եմ զբաղվելու խորհրդարանում, ապա մարդու իրավունքների, սոցիալական, մշակութային ոլորտներում կարող եմ օրենսդրական գործունեություն ծավալել եւ օգտակար լինել։ Առաջադրվելու եմ Շենգավիթ- Մալաթիա վարչական շրջանում, որովհետեւ ծնունդով շենգավիթցի եմ, հետո՝ սա բանվորական թաղամաս է եղել, իսկ պարզ, աշխատավոր մարդկանց հետ իմ շփումն ստացվում է, եւ կարծում եմ՝ կկարողանամ ընտրողների հետ աշխատել:



- Այսօր մտավորականության մի որոշ մասն էլ ապաքաղաքականացված է, ինչպե՞ս եք դրան նայում, քիչ գրողներ, ռեժիսորներ, երաժիշտներ կտեսնենք, ովքեր պատրաստ են այդ պատասխանատվությունն իրենց վրա վերցնել եւ մտնել նաեւ ընտրական պրոցեսների մեջ։



- Կարծում եմ՝ զգալի մի հատված քաղաքականացված է եւ իշխանության կուսակցության հետ է համագործակցում, ավագանիներ են ընտրվում այնտեղից, այսինքն՝ մտավորականության մի մեծ շերտ իշխանության հետ է, այդ թիմի անդամ է։ Մի մասն այն պատկերացումն ունի, որ քաղաքականությունը կեղտոտ զբաղմունք է, դրանից պետք է հեռու մնալ։ Այդպիսի պատկերացում ունեցող մարդիկ իրականում 2 տեսակի են բաժանվում՝ մի մասն իսկապես մտածում է, որ արվեստագետը չպետք է գործ ունենա քաղաքականության հետ՝ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա» տրամաբանության մեջ, որն ինձ համար հասկանալի է, բայց նաեւ մի մաս կա, որի համար դա ուղղակի պատասխանատվությունից խուսափելու ձեւ է՝ քաղաքականությունը կեղտոտ բան է, եւ դրանով իրենք չեն զբաղվում, բայց հետո պարզվում է, որ իրականում լավ էլ զբաղվում են, եւ դա ընդամենը իշխանությանն իրենց լոյալությունը հայտնելու ձեւ է:



- Ինչքանո՞վ եք կարեւորում այս ընտրությունները մեր կյանքում։



- Շատ կարեւոր ընտրություններ են 2017-ի ընտրությունները, որովհետեւ ընտրական համակարգ է փոխվել, եւ վճռորոշ տարի է լինելու։ Եթե Հանրապետական կուսակցությունը կարողացավ նաեւ այս համակարգին հարմարվել եւ գերակշիռ մեծամասնություն ստանալ խորհրդարանում, հետագայում շատ ավելի դժվար է լինելու որեւէ փոփոխության հասնել։ Ինչ-որ առումով բեկումնային տարի է, եւ բեկումնային ընտրություններ են լինելու, դրա համար պարտավորվածություն զգացի իմ ներդրումն ունենալ այդ գործընթացում։



- Ի՞նչ եք կարծում, ընտրություններին դաշինքով մասնակցելը որքանո՞վ է մեծացնում հաղթելու հնարավորությունը։



- Գիտեք, ինձ թվում է՝ ընդդիմության խնդիրները բոլորին պարզ են, հիմնական խնդիրն այն է, որ ռեսուրսները սակավ են, լինի դա մարդկային, թե ֆինանսական, եւ իրավիճակն ստիպում է, որ դաշինքներ կազմեն։ Հիմնականում երիտասարդներ են ներգրավված դաշինքում, հենց դրա համար էլ ես ընտրեցի «Քաղաքացիական պայմանագիրը» եւ «Ելք» դաշինքը, որտեղ իմ սերնդակիցներն են ներգրավված, եւ կարծում եմ՝ հաջողություն կունենանք, որովհետեւ մարդիկ պետք է որ հոգնած լինեն հին դեմքերից։ Իհարկե, ամեն ինչ կախված է նաեւ քարոզարշավից: Կարծում եմ՝ ճիշտ է նաեւ, որ կուսակցության ներսում, ինչպեսեւ երկրի ներսում, ամեն ինչ արդար, թափանցիկ քվեարկությամբ որոշվի, սա ամենաճիշտ ձեւն է՝ քվեարկությամբ որոշելը։ Բայց քանի որ ես հավակնություններ չունեի բարձր հորիզոնականներ զբաղեցնել համամասնական ցուցակում, ինձ համար ավելի կարեւոր էր ռեյտինգայինով մասնակցելը եւ ընտրողների հետ աշխատելը։



- Այս ընտրություններում ընտրողն ինչպե՞ս պետք է կողմնորոշվի, ի՞նչ աշխատանք պետք է տարվի նրա հետ, որ այս անգամ էլ իշխանությունն իր վարչական ռեսուրսներով ընտրողին չօգտագործի։



- Իրականում ամեն ինչ բոլորին պարզ է, ընտրողը վաղուց գիտի, թե որն է ընդդիմադիր ուժը, որն է ոչ իշխանականը, ով իշխանության հետ չէ, բայց կարող է կոալիցիա կազմել իշխանության հետ, այդ ամեն ինչը պարզ է։ Ընդդիմության խնդիրն այն է, որ այնպիսի քարոզարշավ տանի, որ համոզի ընտրողին գնալ ընտրատեղամաս, ընտրակաշառք չվերցնել։ Ասելիքն այնպիսին պետք է լինի, որ կարողանա ոգեւորել ընտրողին, նաեւ հույս, հավատ տալ, որ հենց այդ պահին իրեն տրվող նյութական շահը ստորադասի ընդդիմության ասելիքին։ Իսկ վարչական ռեսուրսը միշտ օգտագործվել եւ օգտագործվելու է, դա անմիջապես առնչվում է մարդու աշխատանքին, նրա սոցիալական ապահովվածությանը։ Եթե մարզպետների ու քաղաքապետների հրահանգով դպրոցի կամ մանկապարտեզի տնօրենն սկսում է կոնկրետ քարոզարշավ անել եւ ուսուցիչներին ներգրավել այդ պրոցեսում, շատ դժվար է այդ ուսուցիչների համար չներգրավվելը, այսինքն՝ այդ ամենն անձնական դաշտ է տեղափոխվում, ու իրենք չեն կարողանում հրաժարվել։ Բայց քարոզարշավի ընթացքում պետք է դա էլ կոտրենք, եւ եթե 1-2 դեպք բարձրաձայնվի, ուսուցիչները, պետական աշխատողները բողոքեն, դա անձնական դաշտից դուրս կգա եւ հասարակական քննարկման առարկա կդառնա։



Լուսանկարը՝ «Գրանիշից»