Ինչ էր պատահել Աֆրիկայում

Ինչ էր պատահել Աֆրիկայում

Այսպիսի առնետավազք ես չեմ հիշում 1991 թվականից այսկողմ: Մասշտաբների առումով մեկ էլ, երևի, ԽՍՀՄ փլուզման ժամանակ է նման բան եղել, սակայն, ի տարբերություն Կոմկուսից սկսված առնետավազքի, այս մեկը շատ անկանոն բնույթ է կրում: Այն ժամանակ լքում էին միակ կուսակցությունը` Կոմկուսը, իսկ այսօր բոլորը լքում են բոլորին, բոլորը վազում են բոլորի մոտ, և քաղաքական դաշտում կատարյալ բրոունյան շարժում է սկսվել:



Ընդհանուր ժխորում բացակայում է ոչ միայն պրոցեսի գաղափարական հենքը, այլև նորին մեծություն քաղաքականությունն ինքը: Ինչքան էլ ասենք, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, միևնույն է` վազքի մասնակիցները պետք է հասկանան, որ քաղաքականությամբ զբաղվելու և, օրինակ, լվացքի մեքենա գնելու ցանկությունները տարբեր բաներ են, և իրականանալու դեպքում բավարարում են միանգամայն տարբեր պահանջարկներ:



Այս իրավիճակում ուզում ես անկեղծորեն հավատալ, որ սա գոնե վերահսկվող քաոս է, որ սրա նպատակը քաղաքական ուժերի խոշորացումն է` թեկուզ արհեստական ճանապարհով, որ սա մի գործընթաց է, որ տանում համակարգային փոփոխությունների, իշխանության միահեծան բուրգի խաղաղ փլուզման: Հուսանք: Հուսանք, որ այսօրվա Հայաստանի մասին չէ Վլադիմիր Վիսոցկու հայտնի երգը:



Էդիկ Անդրեասյան