Ազգային երգի-պարի նոր ծրագիր

Ազգային երգի-պարի նոր ծրագիր

«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնի պատասխանատու, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը նախաձեռնել է ազգային երգի-պարի նոր ծրագիր. ստեղծել ազգագրական համույթներ բոլոր այն բնակավայրերում, որտեղ դրանք չկան կամ չեն գործում։



Ինչպես նշում է երգիչը, Հայաստանի տարբեր շրջաններում ազգագրական խմբեր ստեղծելու այս ծրագիրը վաղուց ուներ, բայց Արմեն Ամիրյանի նշանակումից հետո հնարավոր եղավ այդ ծրագիրն իրականություն դարձնել. «Առաջինն սկսելու ենք Արտաշատում, որտեղ ազգագրական խումբ չկա։ Միաժամանակ ուսումնասիրում ենք բոլոր շրջանները, թե որտեղ ինչ է հնարավոր անել։ Մենք ունենք պարի եւ երգի շատ լավ մասնագետ՝ Սերոբ Վարդանյանը, եւ իր հետ միասին ենք Արտաշատում ստեղծելու այդ խումբը, որը միգուցե «Խոյ» կամ «Սալմաստ» կոչենք, որովհետեւ շատ շատերն այնտեղ Խոյից ու Սալմաստից գաղթածների թոռներ են, ծոռներ»։ Արսեն Գրիգորյանը կարծում է, որ դիմորդներ շատ կլինեն, ամեն դեպքում ուզում է, որ ավելի շատ երեխաներ ներգրավվեն այս գործի մեջ, չնայած տարիքային ոչ մի սահմանափակում չի լինի։ Ըստ նրա, կարեւորը սկզբի համար խումբ հավաքելն է՝ իբրեւ ուսուցման մի կենտրոն, որտեղ կսովորեցնեն երեխաների, պատանիների, մեծերի, հետո կստեղծեն խմբեր՝ տարանջատելով մեծերին եւ փոքրերին։



Երգիչը համոզված է, որ ազգային երգը, պարը միշտ էլ արդիական են, դա նման է նրան, որ մարդուն հարցնես՝ արդյո՞ք ուզում է իր լեզուն սովորել, թե՞ ոչ։ «Հենց երիտասարդների շրջանում շատ մեծ ցանկություն կա ազգային երգի-պարի կրողը լինել։ Մենք շրջել ենք տարբեր քաղաքներում, գյուղերում ու տեսել, թե ինչ մեծ ցանկություն կա»,-ասում է Գրիգորյանն ու նշում, որ Արտաշատից հետո նույնը կնախաձեռնեն նաեւ Գորիսում. «Գորիսն ունի բավականին հարուստ մշակույթ, հիմա փորձենք վեր հանել այդ ամեն ինչը։ Վերջիվերջո, պետք է մեր մշակույթի տերը լինենք, եւ դա անելու համար պետք է քայլ արվի»։ Երգիչը նշում է, որ եղանակները տաքանալուն պես կվերսկսեն նաեւ իրենց բացօթյա երգի-պարի համերգ-դասերը, որոնք այս անգամ կանցկացնեն նաեւ սահմանամերձ գյուղերում. «Ավելի քան 20 համերգ մենք արդեն իրականացրել ենք»։ Արսեն Գրիգորյանը կարծում է, որ նման ծրագրեր իրականացնելու համար առաջին հերթին ցանկություն է պետք, 2-րդը՝ բավականաչափ մասնագիտական հմտություն եւ, իհարկե, ֆինանսական աջակցություն, որն այս ցանկում ամենավերջինն է։



Ինչ վերաբերում է հեռուստաեթերով հնչող երգ-երաժշտությանը, ապա Գրիգորյանը չի կարծում, թե բոլոր հեռուստաընկերություններն օր ու գիշեր ազգագրական երգ պետք է հնչեցնեն, բայց պետք է գոնե ինչ-որ ժամանակ հատկացնեն. «Որովհետեւ այդ ժամանակը կլինի հենց իրենց երեխաների համար։ Մեր սերունդը պետք է պատկանելության զգացում ունենա, եւ դա միայն կենսաբանական երեւույթ չէ, որ ծնվել է հայի արգանդից, ուրեմն հայ է։ Ոչ, խոսքը մշակութային, բարոյական պատկանելության մասին է։ Ազգային մշակույթին տեր դառնալու այդ կարեւոր խնդիրը կարող ենք լուծել նաեւ հեռուստատեսությունների ու ռադիոեթերների միջոցով»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ