Ուշագրավ «ընդդիմադիր» իրավիճակ` իշխանամետ ՀԺԱՄ-ի նիստում

Ուշագրավ «ընդդիմադիր» իրավիճակ` իշխանամետ ՀԺԱՄ-ի նիստում

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր տեղի ունեցավ ՀԺԱՄ կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը, որտեղ որոշվեց, որ կուսակցությունն ապրիլյան ընտրություններում սատարելու է իշխող ՀՀԿ-ին:



Իշխանամետ կուսակցության այս նիստի ընթացքում բավականի ուշագրավ, կարելի է ասել` ընդդիմադիր իրավիճակ ստեղծվեց, երբ ելույթ ունեցավ ՀԺԱՄ վարչության երիտասարդ անդամ Վահագն Հակոբյանը:



Նա բավականին սուր, քննադատական ձևակերպումներ հնչեցրեց` հիշելով երկրում տիրող հավատի ճգնաժամի մասին:



«Կարծում ենք` նման իրավիճակի համար պատասխանատու է հասարակության յուրաքանչյուր անդամ` սկսած իշխանության գագաթում հայտնված որոշ օլիգարխներից, որոնք պետության հաշվին հսկայական բիզնես կայսրությունների սեփականատեր են դարձել»-ասաց Վահագն Հակոբյանը` հիշելով նաև մեր «չաղ ու բախտավոր» գեներալիտետի մասին: Այստեղ էլ նա կասկածի տակ դրեց այդ գեներալների ռազմական կրթությունն ու այն, որ նրանք իրենց հարստությունը դիզել են ոչ թե սեփական կյանքի գնով հայրենիքին ծառայելով, այլ կատարելով շատ լավ հաշվարկված խաղադրույք:



ՀԺԱՄ վարչության երիտասարդ անդամի այս ելույթը կարծես այնքան էլ դուր չեկավ ՀԺԱՄ խորհրդի նախագահ Աշոտ Ավալյանին, ով հայտարարեց, որ սա Վահագն Հակոբյանի անձնական դիրքորոշումն է և կապ չունի ՀԺԱՄ կուսակցության դիրքորոշման հետ:



Hraparak.am-ը հետաքրքրվեց Ավալյանից, թե Վ. Հակոբյանի ելույթի հատկապես ի՞նչը իր սրտով չէր, որ կետերի հետ հարցերում համաձայն չէր:



«Ես չեմ ուզում էս պահին կենտրոնանալ որևիցե առանձին կետի վրա, ուղղակի որոշակի շեշտադրումներ կային, որոնք իր առանձին կարծիքն էին, և ելույթից առաջ էլ ես իր հետ խոսել եմ, ու քանի որ մեզ մոտ բոլոր կարծիքներն իրավունք ունեն հնչելու, նրան իրավունք տրվեց, որպեսզի նա իր կարծիքն արտահայտի»-ասաց Աշոտ Ավալյանը:



Այսինքն` ենթադրելի է, որ հատկապես գեներալիտետին և օլիգարխներին «նվիրված» հատվածը իրենց դուր չի եկել, Ավալյանն ասաց. «Չեմ ուզում հիմա մանրամասնել, տեքստը կարդացվեց, ասվեց այնպես, որ բոլորը լսեցին: Առանձին կետերի վրա չեմ ուզում ծանրանալ»:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ