Դաշինքներ շարքից. ականապատ դաշտում

Դաշինքներ շարքից. ականապատ դաշտում

Սեյրան Օհանյանից, ըստ երևույթին, բախտը երես է թեքել: Նրա նորամուտը քաղաքականություն արդեն իսկ վտանգված է` չնայած իշխանությունների հանդես բերած լոյալությանն այն դաշինքի հանդեպ, որ նա է գլխավորում:



Զերծ մնալով Պարույր Հայրիկյանին այդ դաշինքում իշխանության միակ մարդը համարելու գայթակղությունից` կարելի է պնդել, որ առաջին հայացքից Օհանյանի դաշինքում ականների պակաս չի զգացվում: Եթե ռազմական տերմինալոգիայով արտահայտվենք, կարելի է ասել` ՀՀ նախկին Պնախարարը, չկողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է մի ականապատ դաշտում, որտեղ ամեն տեսակի ու նշանակության ականներ կան: Հայրիկյանը, տվյալ պարագայում նախազգուշական ականն է, ով ոչ միայն Ֆեյսբուքում, այլև իր մամլո ասուլիսներում դուզ-դուզ պատմում է այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում դեռ կարգին չկազմակերպված դաշինքի ներսում: Այնտեղ ցուցակի գզվռտոց է գնում, փոխանակ գործով զբաղվեն` ուրիշ բանով են զբաղված, եթե այսպես շարունակվի, ես կլքեմ դաշինքը: Հայրիկյանի նման հայտարարությունները, բնականաբար, դաշինքի վարկը չեն բարձրացնում, բայց մյուս կողմից էլ սա ընդամենը նախազգուշական պայթյուն է, որից, սովորաբար, զոհեր չեն լինում:



Ո՞ր ականը կպայթի հաջորդիվ, երբ Սեյրան Օհանյանը որոշի առաջ տալ իր «զորքը»: Սա բավականին հետաքրքիր հարց է, եթե հաշվի առնենք Սեյրան Օհանյանի ոչ վաղ անցյալի մասնագիտությունը: Առաջին հերթին, կարծում ենք, պետք է զգուշանալ հակատանկային ականներից, որովհետև պաշտպանվող հակառակորդը միշտ ձգտում է շարքից հանել գրոհի առաջին գծում գտնվող տանկերը: Ո՞վ է այդ ականը: Անուններ չտանք, որովհետև դա կարող է բերել դիսկուսիաների: Ավելի լավ է` Սեյրան Օհանյանն ինքը պարզի դա, որովհետև քաղաքականության մեջ, ի տարբերություն ռազմական գործի, շատ ավելի հեշտ է սեփական սխալները ուրիշի վրա գցելը: Եվ ապա` չլինելով այդ դաշինքի կազմում, մենք ի՞նչ բարոյական իրավունք ունենք որևէ մեկին, դեռ չպայթած, ական անվանելու:



Կա մեկ այլ խանգարիչ հանգամանք, որ թույլ չի տալիս հստակ մատնանշել, որ դաշինքի այս կամ այն անդամը ական է: Բանն այն է, որ տակավին խոսակցություններ են պտտվում այն մասին, որ այս դաշինքի ամենամեծ ականը հենց Սեյրան Օհանյանն է: Այս տեսակետն, իհարկե, դավադրությունների տեսությունից է, բայց, ամեն դեպքում, առայժմ պատասխան չունի այն հարցը, թե ինչո՞ւ պետք է Սեյրան Օհանյանը դաշինքում իր մենիշխանությունը կիսի Վարդան Օսկանյանի հետ: Մյուս կողմից էլ` դա կարող է դուր չգալ իշխանություններին, որոնք առայժմ, քանի դեռ Օհանյանը հաղթական ձիու վրա է, լոյալություն են դրսևորում դաշինքի հանդեպ:



Այսուհանդերձ` իրադարձություններից առաջ չանցնենք: Իշխանների ու գեներալների մեջ էլ, ճիշտ է, հազվադեպ, բայց Ալեքսանդր Մատրոսովներ ու Հունան Ավետիսյաններ են պատահում: Ի՞նչ իմանաս` Օսկանյանն ու Օհանյանը չե՞ն, արդյոք, մեր բազմաչարչար ժողովրդի վաղվա փրկիչները:



Էդիկ Անդրեասյան