«Ձեռքներդ հեռու՛ Սեյրան Օհանյանից». Արշակյանը՝ «դատարկ վագոններին»

«Ձեռքներդ հեռու՛ Սեյրան Օհանյանից». Արշակյանը՝ «դատարկ վագոններին»

«Քանի որ էդ ինտրիգները, գզվռտոցը կա, մեզ դա խանգարում է։ Ես կարծում եմ, որ դա փոխում է, ընդհանրապես ձևաչափն է փոխվում, ծրագրերն են փոխվում։ Ու մենք ասում ենք՝ ձեռքներդ հեռու՛ Սեյրան Օհանյանից։ Ձեր քաղաքական ինտրիգների մեջ մի՛ ներքաշեք Սեյրան Օհանյանին»,-Օհանյան-Օսկանյան դաշինքի շուրջ ընթացքող խմորումների մասին խոսելով՝ Hraparak.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց Ազատ Արշակյանը։ Նա, հիշեցնենք, Սեյրան Օհանյանին աջակցող «Միցյալ հայեր» շարժման անդամներից է։



Նա կարծում է, որ եթե Սեյրան Օհանյանը չլինի այդ դաշինքում, այդ դաշինքը կդառնա գնացք առանց շոգեքարշի՝ դատարկ վագոններով։ «Սա նշանակում է՝ ոչ թե գնացք է, այլ դատարկ վագոնների շարք։ Ուրեմն պետք է հոգատար լինեն Սեյրան Օհանյանի նկատմամբ։ Սեյրան Օհանյանն է լիդերը, Սեյրան Օհանյանը ծրագիր ունի և նա կարող է նրանց տանել»,-ասաց նա։

Մեր հարցին, թե ովքե՞ր են այդ դատարկ վագոնները, Արշակյանն ասաց․ «Բոլոր իրեն միացած կուսակցությունները։ Նրանց մեջ չկա ռեյտինգային կազմակերպխություն, չկա որևէ մեկը, որ բացասական ռեյտինգ չունենա։ Նրանք բացասական ռեյտինգով են, ուրեմն պետք է հոգատար լինեն և իմանան, որ նա է իրենց տանողը»։



Այսինքն՝ ինքը որևէ միտու՞մ է նկատում, որ այդ «դատարկ վագոնները» ուզում են շոգեքարշի դեր կատարել։ «Դե, չէ, նրանք շոգեքարշին թելադրում են իրենց կամքը, իրենք են հրում շոգեքարշին։ Դոնորը, շոգեքարշը Սեյրան Օհանյանն է, էն մնացածները չունեն տեսակարար կշիռ։ Եթե Սեյրան Օհանյանը չլինի այդ դաշինքում, նրանք էլ չեն լինի իշխանությունում որևէ ձևով, նրանք շանս չունեն այնտեղ հայտնվելու»,-նկատեց պարոն Արշակյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ