«Ժառանգության» վարչությունը լեգիտիմ չէր

«Ժառանգության» վարչությունը լեգիտիմ չէր

«Ժառանգություն» կուսակցության համար այս ուիքենդը ճակատագրական էր՝ սկզբում վարչության նիստով վերջնական եզրահանգման եկան, ապա երեկ կնքվեց երկար սպասված դաշինքի համաձայնությունը։ Րաֆֆին իր ազգանվան Հ-ն ավելացրեց երկու կլոր Օ-երին՝ այն դարձնելով ՕՕՀ, ՀՕՕ կամ ՕՀՕ։ Բայց հայտարարվեց, որ դաշինքը կոչվելու է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան։ Արտաքին գործերի երկու նախկին նախարարներին միացավ պաշտպանության մեկ նախկին նախարար, եւ ստեղծվեց նոր ընդդիմադիր դաշինք։



Սակայն «Ժառանգությունում» այս պրոցեսը խաղաղ չի եղել՝ Զարուհի Փոստանջյանը եւ վարչության մեկ այլ անդամ՝ Ստեփան Հասան-Ջալալյանը, դեմ են արտահայտվել այս միությանը։ Իշխանություններին մշտապես ընդդիմացող Զառան այս օրերին ընդդիմություն է դարձել նաեւ սեփական կուսակցության ներսում։ Նա բոյկոտել է վարչության նիստը, ներկա չի եղել նաեւ հուշագրի ստորագրմանը։ Բայց «Ժառանգությունն» այլընտրանք չի տեսել․ ընտրություններին միայնակ մասնակցելու համար կուսակցությունը ֆինանսական եւ այլ ռեսուրսների խնդիր ուներ, նախկին փառքն ու հեղինակությունն էլ կարծես թե խամրել են։



«Ժառանգությունից» այս տարիներին դուրս եկան ոչ միայն այն դեմքերը, որոնք ներմուծվել էին կուսակցությունը կազմաքանդելու նպատակով, այլեւ նախկին կորիզը, որոնք հեղինակություն էին ապահովում նրան։ Ոմանք չեն պատկերացնում «Ժառանգության» հետագա ընթացքն առանց նրա «բրենդի»՝ Զառայի, բայց նա անհողդողդ է՝ ընդդեմ Րաֆֆի, Արմեն Մարտիրոսյան, Հովսեփ Խուրշուդյան թեւի։ Այստեղ մի խնդիր էլ կա․ բանն այն է, որ կուսակցությունը 2 տարի է՝ համագումար չի արել, ինչն օրենքի խախտում է։ Համագումարով պետք է նոր վարչություն ընտրվեր, նոր նախագահ, եւ որոշվեր ընտրությունների փուլում իրենց անելիքը։ Այնպես որ, շաբաթ օրը որոշում կայացրած հին վարչությունը լեգիտիմ չէ՝ ընտրված չէ համագումարի կողմից։ Սա էլ է հարուցել «Ժառանգության» ընդդիմադիր թեւի դժգոհությունը։



Այս տեսակետը պաշտպանողներից մեկը «Ժառանգության» Սյունիքի մարզային գրասենյակի համակարգող Աննա Հակոբյանն է։ Նա թեեւ կուսակցական չէ, բայց կարծում է, որ կուսակցական պատկանելությունը որոշիչ չէ։



«Ես այսքան տարի իմ աշխատանքում չեմ թերացել։ Ավելին՝ իմ կատարածի, իմ գործընկերների կատարած գործի համաձայն, Սյունիքի մարզում «Ժառանգություն» կուսակցության հետ մարդիկ միշտ էլ հաշվի են նստում, այսինքն՝ գիտեն, որ գոյություն ունի մի պատնեշ, որ իրենք չեն կարող անցնել»,-ասաց Աննա Հակոբյանը, որը չի ընդունում ոչ մի տեսակի դաշինք․ «Գտնում եմ, որ դա մեզ համահունչ չէ, մեր կուսակցությանը, մեր գաղափարախոսությանը։ Երկրորդ․ ես չեմ պատկերացնում, որ այդ մարդկանց հետ մենք ինչ-որ ընդհանուր բան ունենանք ու այդ դաշինքի մեջ լինենք։ Եվ ես այս ընտրություններին ոչ աշխատանքները կհամակարգեմ, ոչ էլ ինչ-որ մի գործի կմասնակցեմ»։ Անդրադառնալով համագումարին՝ տիկին Հակոբյանն ասաց, որ իրենք նախ պահանջել էին համագումար անցկացնել, որ վարչությունը լինի լեգիտիմ։



«Այսինքն՝ էդ վարչությունն իրավունք չունի ինչ-որ բան որոշելու, որովհետեւ ինքը չի անցել էն օրինաչափությունները, ինչոր նախատեսվում է»,-ասաց նա։ Այս հարցում իրենց համախոհները երկու-երեք հոգի չեն, ավելին են՝ հարյուրավոր, հազար հոգի։
Մենք զրուցեցինք նաեւ հակառակ թեւի մոդերատոր Հովսեփ Խուրշուդյանի հետ, ով երեկ մասնակցում էր հուշագրի ստորագրմանը։ Նա նախ ափսոսանք հայտնեց, որ Փոստանջյանը մինչեւ վերջ մնաց իր տեսակետին եւ իրենց հետ չէ, իսկ իրենց համար շատ հարգելի է նրա տեսակետը, քանի որ Զարուհին իրենց կարեւոր դեմքերից է։ «Ինքն ունի տեսակետ, որը շատ հարգելի է մեզ համար։ Ինքը կարծում է, որ եթե մենք առանձին գնայինք, ավելի ճիշտ մթնոլորտ կապահովեինք մեզ համար, մեր շարքերի համար, որը, իհարկե, քաղաքական տեսակետից, անխոցելի մնալու տեսակետից, նաեւ ինքնությունը պահպանելու տեսակետից բավականին հարգելի մոտեցում է, եւ ես ինչ-որ իմաստով կիսում եմ այդ մոտեցումը։



Բայց եթե մենք խնդիր ենք դնում՝ գլոբալ իշխանափոխության հարց, որը, ցավոք սրտի, ռեալիստ լինենք, «Ժառանգությունը» միայնակ չի կարող լուծել, ապա, ուզենք թե չուզենք, պետք է որոշակի տարակարծություններ կողք դնենք այն ուժերի հետ, որոնց հետ այսօր միավորվում ենք, եւ հիմնվենք այն ընդհանրությունների վրա, որոնք ունենք»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը։




Ինչ վերաբերում է համագումար չանելու եւ վարչության որոշումը ոչ լեգիտիմ համարելու հայտարարություններին, պարոն Խուրշուդյանն ասաց, որ ապրիլին այդ համագումարը հրավիրելու են։ «Տեխնիկապես ուղղակի հնարավոր չէր հասցնել, որ մինչեւ փաստաթղթերը հանձնելը բավարարվեր իրենց պահանջը։ Դա եւս շատ հարգելի պահանջ է, առանց այդ պահանջի էլ, իրոք, ժամանակը եկել է, եւ մենք պետք է համագումար հրավիրեինք։ Իսկ համագումար չհրավիրելու պատճառը, եթե նույնիսկ ինչ-որ խախտում եղել է, ֆորսմաժորային իրավիճակն էր»։



Նա նաեւ կարծում է, որ եթե Սյունիքի իրենց կառույցը կամ այլ կառույցներ որոշեն չմասնակցել նախընտրական գործընթացին ու չսատարեն կուսակցությանը, ապա դրանով օգուտ կտան Հանրապետականին։ «Մեզ պետք չէ մի քանի մանդատ, եթե մեզ ընդամենը մի քանի մանդատ պետք լիներ, կարող էինք մտնել մեր բյուրեղյա ընդդիմադիր կերպարով պառլամենտ, շարունակեինք եւս հինգ տարի ամենասուր ձեւով քննադատել իշխանություններին, եւ ի՞նչ։ Ժողովուրդը դրանից կշահե՞ր»,-իրենց քայլն այսպես է բացատրում «Ժառանգության» անդամը։



Մեր նկատեցինք, որ Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը, այդուհանդերձ, հասարակության մեջ ոչ միանշանակ են ընկալվում, խնդրահարույց կերպարներ են իրենց անցած ճանապարհով՝ Մարտի 1, ապրիլյան պատերազմ, իշխանության կազմում լինել եւ այլն, ինչպե՞ս են համոզելու հանրությանը՝ մոռանալ այս ամենը եւ կենտրոնանալ միայն դրականի վրա։



«Ես կտրականապես դեմ եմ որեւէ բան մոռանալուն։ Մենք երբեք մեր դիրքորոշումը չենք փոխել։ Եվ ես շատ ուրախ եմ, որ պարոն Օսկանյանն էլ, պարոն Օհանյանն էլ հատուկ նշել են, որ իրենք պատրաստ են դատարանի առջեւ, եթե մարդիկ կան, որոնք գտնում են, որ իրենք ինչ-որ հանցանքներ են գործել, պատրաստ են այդ դատավարությանը մասնակցել, ցուցմունքներ տալ, եւ թող դատարանը որոշի, եթե իրենք ինչ-որ բանում իրոք մեղավոր են։ Բայց մինչեւ էդ մի հատ ստեղծենք էդ արդարադատության համակարգը»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ