Էլեկտրոնային սարքերում որոշակի խնդիրներ են առաջացել

Էլեկտրոնային սարքերում որոշակի խնդիրներ են առաջացել

Կիրակի օրը՝ փետրվարի 12-ին, ՀՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին։ Դրանցից երկուսում՝ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա եւ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում, ԿԸՀ-ն փորձարկեց այն սարքավորումները, որոնցով պետք է ապրիլյան համապետական ընտրություններին առաջին անգամ իրականացվի ընտրողների էլեկտրոնային գրանցումը։



Սարքերն օգտագործվել են փորձնական նպատակով՝ հասկանալու համար, թե արդարացնո՞ւմ են իրենց, խնդիրներ հարուցո՞ւմ են, թե՞ ոչ, որքանո՞վ են արդյունավետ եւ անխափան աշխատում։ Նշենք, որ խոսքը մատնահետքով գրանցման մասին է, այդ սարքերում են պահպանվում նաեւ ընտրողների անձնագրային տվյալները։ Համայնքներից մեկում սարքի փորձարկմանը ներկա է եղել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, մյուսում՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ընդհանուր առմամբ գոհ է սարքերի աշխատանքից, բայց եղել են նաեւ թերություններ։



«Ըստ էության՝ կարելի է փաստել մի բան, որ այն պահանջները, որոնք ամրագրված էին օրենսդրության մեջ, սարքերը հիմնականում ապահովեցին։ Իհարկե, նաեւ ի հայտ եկան առանձին խնդիրներ, որոնք մանրամասն գույքագրվել են։ Մենք այստեղ ունենք երկու խումբ խնդիրներ։ Առաջինը վերաբերում էր սարքն աշխատեցնելու հետ կապված խնդիրներին՝ ինչի վրա պետք է ուշադրություն դարձնի մասնագետը, ինչ հնարավոր իրավիճակներ կարող են առաջանալ սարքի կիրառման ընթացքում։ Երկրորդ խումբ խնդիրները հետեւյալն էին․ օրինակ՝ սինխրոնիզացիայի հետ կապված խնդիրներ կային, հենց տեղում առաջացան որոշակի նկատառումներ՝ կապված կտրոնների դիզայնի հետ, տեղեկանքի դիզայնի, բովանդակության հետ։ Կարեւորն այն է, որ այդ փորձարկմանը մասնակցում էին համապատասխան ծրագրային ապահովում մշակող «Սմարթ մատիկ» կազմակերպության փորձագետները»,-փորձարկման արդյունքները նկարագրեց ԿԸՀ նախագահը։



Նա նշեց, որ սարքերի փորձնական կիրառումը որեւէ կերպ չի անդրադարձել քվեարկության հաշվարկի եւ արդյունքների վրա, քանզի առայժմ գործում է դեռ հին Ընտրական օրենսգիրքը, որով այս սարքերի կիրառում նախատեսված չէ։ Հետեւաբար, ձայների հաշվարկը տեղի է ունեցել հին տարբերակով, իրենք ուղղակի այս երկու տեղամասերում փորձարկել են սարքերը, որ ի հայտ բերեն թերությունները։ Մուկուչյանի խոսքով՝ հիմնական թերությունները ծրագրային են, որոնք ծրագրավորողների կողմից կշտկվեն, ապա կմեկնարկի նաեւ դրանց կիրառման ուսուցման գործընթացը։



«Օրինակ՝ ծրագրային ապահովման մեջ որոշակի փոփոխություններ կարվեն, նոր լուծումներ կտրվեն։ Ես խոսեցի դիզայնի հետ կապված խնդիրների մասին, բնական է՝ դրանց վերաբերյալ կլինեն որոշակի շտկումներ։ Սարքերի նույն սինխրոնիզացիայի խնդիրները, որոնք առաջ եկան, նորից պահանջում են ծրագրային լուծումներ։ Կարելի է ասել՝ մոտավորապես 90 տոկոսով ծրագրային ապահովումն ապահովված է»,-մանրամասնեց Մուկուչյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ