Ես ենթադրում եմ, որ իրեն այնքան են այդ մասին հարցնում, որ ինքը վերջապես ներվայնացել, ասել է․ Ստեփան Մարգարյան

Ես ենթադրում եմ, որ իրեն այնքան են այդ մասին հարցնում, որ ինքը վերջապես ներվայնացել, ասել է․ Ստեփան Մարգարյան

ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ իրենց հետ բանակցած ու հետո ապագա դաշինքից դուրս եկած Վիկտոր Դալլաքյանի հայտարարություններին։ Վերջինս մասնավորապես ասել էր, որ Օհանյանի և Օսկանյանի կողմից ձևավորվող դաշինքի վրա, որին երեկ միացավ նաև «Ժառանգությունը», իրականում Սամվել Բաբայանի ազդեցությունը կա, և որ ինքը «Համախմբման» լոբբինգով է զբաղվում։



«Անկեղծ ասած՝ ինձ համար տարօրինակ է, թե ինչու է Սամվել Բաբայանի անունը հայտարարվում դաշինքների և ցուցակների կազմման համար, որի վերաբերյալ որևէ հայտարարություն չի եղել ոչ մեր կողմից, ոչ Սամվել բաբայանի կողմից։ Մեր կողմից եղել է բանակցող խումբ տարբեր կուսակցությունների, ՀԿ-ների հետ քննարկելու դաշինք կազմելու հարցը, և Սամվել Բաբայանի անունն այնտեղ չի եղել։ Հիմա Սամվել Բաբայանը կարող է ունենալ անձնական վերաբերմունք այս կամ այն կուսակցության կամ քաղաքական գործչի նկատմամբ, որը «դա իր իրավունքն է»-ի պատասխան՝ ասաց Ստեփան Մարգարյանը։



Դիտարկմանը, թե Բաբայանը Tert.am-ին տված հարցազրույցում այս ամսով ասել էր՝ «լավ եմ անում», Մարգարյանն այսպես մեկնաբանեց․ «Ես ենթադրում եմ, որ իրեն այնքան են այդ մասին հարցնում, որ ինքը վերջապես ներվայնացել, ասել է»։



Hraparak.am-ի հարցին, թե իրենք խնդիր ունե՞ն խուսափելու Սամվել Բաբայանի անունը իրենց հետ ասոցացնելուց կամ դաշինքում որևէ կերպ ներառելուց, Ստեփան Մարգարյանն ասաց․ «Ես ասում եմ՝ փաստը։ Իսկ ինչ վերաբերում է բուն բովանդակությանը, Սամվել Բաբայանը հսկայական ավանդ ունի Հայաստանում,Ղարաբաղում, պաշտպանության բնագավառում և քաղաքականության մեջ, և ես կարծում եմ, որ պատիվ կլիներ, եթե նա լիներ մեր ցուցակում։ Բայց ինքն անձամբ հայտարարում է, որ չի ուզում»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ