Ձեզ խոսք եմ տալիս, որ եթե ընտրակեղծիք լինի, ես շտաբի պետի պաշտոնից կհրաժարվեմ

Ձեզ խոսք եմ տալիս, որ եթե ընտրակեղծիք լինի, ես շտաբի պետի պաշտոնից կհրաժարվեմ

Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է միանգամից բնապահպանության երկու նախկին նախարարի՝ Արամ Հարությունյանին եւ Չարենցավանի նախկին քաղաքապետ եւ գործող պատգամավոր Վարդան Այվազյանին։ Նա արդեն շտաբ է բացել Չարենցավանում եւ ակտիվ աշխատանքներ է սկսել այստեղ, քանզի նրա հիմնական ձայները թերեւս կգոյանան Չարենցավանի եւ հարակից գյուղերի էլեկտորատից։ Այվազյանին կուսակցության որոշմամբ այս ընտրություններում պարտադրված է աջակցել Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին։ Նրանք թեպետ մի թիմից են, բայց մշտապես սառը հարաբերություններ են ունեցել իրար հետ։



Հատուկ թշնամանք կամ հակամարտություն չի եղել, բայց մշտապես իրար դեմ են աշխատել, հատկապես՝ նախորդ ընտրությունների ժամանակ։ Հիմա, փաստորեն, «վերեւների» հրահանգով ստիպված են իրար հետ գոնե առերեւույթ մտերմանալ՝ մի կողմ թողնելով երբեմնի հակասությունները։ ՀՀԿ-ի նպատակն այս դեպքում ոչ այնքան անձամբ Վարդան Այվազյանի, որքան կուսակցության համար ձայներ ապահովելն է։ Դրա համար էլ Շահգալդյանների թիմը լծվել է Վ․ Այվազյանին աջակցելու գործին։ Հակոբ Շահգալդյանն էլ դարձել է ՀՀԿ-ի՝ Չարենցավանի եւ հարակից գյուղերի միասնական շտաբի պետը։ Շահգալդյանը երեկ մեզ հետ զրույցում չհերքեց, որ աջակցելու է ինչպես ՀՀԿ-ին, այնպես էլ ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ից առաջադրված Վարդան Այվազյանին։



«Դուք գիտեք, որ կուսակցությունն ինչ որոշում ընդունում է, մենք պարտավոր ենք այդ որոշումները կատարել։ Բայց մենք իրար հակառակ․․․ ասենք՝ կարող է որոշ ժամանակ առաջ խնդիրներ են եղել մեր հայացքների հետ կապված, ամեն մեկս մի ձեւ է մտածել էն ժամանակ, հիմա կուսակցությունը որոշում է կայացրել, ես էլ, բնականաբար, կուսակցության որոշումը հարգելով, պետք է ամեն ինչ անեմ»,- ասաց Հակոբ Շահգալդյանը։



- Ամեն դեպքում՝ ժամանակին ձեր միջեւ որոշակի լարվածություն, խնդիրներ են եղել, կկարողանա՞ք հիմա լիարժեք աջակցել Վարդան Այվազյանին։



- Բայց մեր միջեւ էդպես կոնկրետ լարվածություն, որ ասեմ, չի եղել․․․ հիմա էնքան դեպքեր են լինում, որ մարդկանց հայացքները որոշ հարցերում չեն համընկնում, բայց մենք իրար հետ հո կոնֆլիկտ չե՞նք ունեցել։ Ես ոչ միայն Վարդան Այվազյանի շտաբի պետն եմ, այլեւ Հանրապետական կուսակցության Չարենցավանի նախընտրական շտաբի պետն եմ եւ պարտավոր եմ ենթարկվել ՀՀԿ որոշումներին եւ իմ աշխատանքը կատարել՝ անկախ անձի ով լինելուց։



- ՀՀԿ-ի Ձեր թիմակիցներն արդեն ակտիվ նախընտրական պրոցեսի մեջ են։ Ինչպե՞ս եք ապահովելու, որ ընտրություններն անցնեն մաքսիմալ թափանցիկ եւ առանց խախտումների։



- Դուք կարող եք հետեւել եւ համոզվել, ցանկացած բան, ինչ Ձեր կողմից կնկատվի, մենք կարող ենք միասին քննարկել, եւ Դուք կարող եք համոզված լինել, որ որեւէ ընտրախախտումների տարբերակ չկա։ Նույնիսկ դրա մասին մտածելն անիմաստ է։ Ես Ձեզ խոսք եմ տալիս, որ եթե ընտրախախտում որեւէ մեկը նկատի, ես շտաբի պետի պաշտոնից կհրաժարվեմ։



- Ընտրախախտում ասելով՝ Դուք ի՞նչ նկատի ունեք, ընտրատեղամասո՞ւմ խախտումները, թե՞ նաեւ ընտրակաշառքը եւ այլն։



- Ցանկացած ընտրախախտման մասին է խոսքը։



- Ինչպես մյուս տարածքներում, ձեր տարածքում եւս արդեն ընտրակաշառքների մասին խոսակցություններ կան։ Դուք տեղյա՞կ եք, կա՞ Ձեր կողմից հստակ հրահանգ, որ որեւէ մեկը չփորձի նման բան անել։



- Ես նման բան նախ չեմ լսել, երկրորդը՝ դա հերյուրանք է, եւ երրորդը՝ նույնիսկ նման բան լինելու դեպքում ես որեւէ մասնակցություն չեմ ունենա։ Բայց ես բացառում եմ նման դեպքերը։ Ինձ թվում է՝ ժամանակի ընթացքում նման խոսակցությունները կմարեն։ Ես, համենայնդեպս, իմ բոլոր թիմակիցներին որեւէ նման բան անելու հրահանգ չեմ տվել, ով էդ հրահանգը կտա, նա էլ թող դրա պատասխանը տա։



- Իսկ եթե Ձեր աջակցած թեկնածուները փորձեն նման բան անել, Դուք ի՞նչ կանեք։



- Ես ասացի, չէ՞, ես էդ դեպքում կհրաժարվեմ շտաբի պետի պաշտոնից։ Բայց չեմ կարծում, որ բանը դրան կհասնի, որովհետեւ ես շատ լավ գիտեմ, թե հանրապետության նախագահի կողմից խնդիրը ոնց է դրված։



- Իրո՞ք շտաբի պետի պաշտոնից հրաժարական կտաք։



- Այո։ Ես շտաբի պետի պաշտոնից հրաժարական կտամ, կասեմ՝ ես չեմ լինի շտաբի պետը, որտեղ պիտի ընտրակեղծիքներ լինեն։ Որովհետեւ ես կոնկրետ իմ ղեկավարներից հանձնարարություն եմ ստացել, որ ընտրախախտումներ պետք է չլինեն։



- Ի դեպ, այս տարածքից պետք է ռեյտինգայինով առաջադրվեր նաեւ «Ասկե գրուպի» ղեկավար Վահան Հարությունյանը, ով ակտիվ աշխատանքներ էր սկսել Չարենցավանում, շտաբ էր բացել։ Բայց վերջին պահին որոշվեց, որ նա պետք է ընդգրկվի միայն համամասնական ցուցակում։ Դա ինչո՞վ է պայմանավորված։



- Ինքը հիմա ՀՀԿ ցուցակի 23-րդ տեղում է։ Ու քանի որ սկզբից իր թեկնածությունն էր ռեյտինգայինով նախատեսված, դրանից հետո որոշեցին, որ Վարդան Այվազյանի թեկնածությունը պետք է առաջադրեն, ինքը հիմա էլի մնում է Չարենցավանում եւ ինքն իր օգնությունը, էն աշխատանքները, որ մինչեւ հիմա արել էր, կշարունակի ցուցաբերել կուսակցությանը եւ Վարդան Այվազյանին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ