Քաղաքացի Անտոնյա՞ն, թե՞ հարգելի օգտատեր

Քաղաքացի Անտոնյա՞ն, թե՞ հարգելի օգտատեր

Կյանքը բացահայտումների անվերջանալի շղթա է: Ամեն նոր բացահայտման հետ մարդը մի քիչ զարմանում է, մի քիչ անհանգստանում, եթե բացահայտումը հաճելի է լինում` հրճվում: Քչերն են, սակայն, խորանում հերթական բացահայտման փիլիսոփայության մեջ:



Ինձ համար իսկական բացահայտում էր, օրինակ, երբ էլեկտրոնային հասցեիս նամակ ստացա Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող սարքերով ֆքսվող խախտումների բաժնից: Ինձ տեղեկացնում էին, որ մինչև խախտման մասին թղթը կբերեն, կարող եմ նշված հղումով տեսնել իմ կատարած խախտումն ու այդ կապակցությամբ ՃՈ որոշումը:



Կարող եք հարցնել` սրա ի՞նչն էր բացահայտում: Բացահայտումն այն էր, որ Ոստիկանությունից, որտեղ ամենատարածված դիմելաձևը «քաղաքացի Անտոնյան»-ն է, ինձ դիմել էին «հարգելի օգտատեր» ձևով: Եթե ես չխորանայի այս բացահայտման փիլիսոփայության մեջ, գուցե մտածեի, որ հայրենի ոստիկանությունում շատ բան է փոխվել դեպի լավը, որ ոստկանությունը վերջապես սկսել մարդուն մարդու տեղ դնել: Բայց հենց փորձեցի մի քիչ խորաանալ, հանկարծ պարզվեց, որ ես ոստիկանությունից, իրենց իսկ խոսքով, օգուտ ունեմ` «Հարգելի օգտատեր»: Իրավիճակը շատ նման է դատարանի իրավիճակին: Սա նույնն է, թե դատավորը վճիռը կարդալիս մեղադրյալին դիմի «հարգելի օգտատեր» ձևով:



Ո՞րն է իմ օգուտը ՃՈ-ից: Իրենք ինձ տեղեկացնում են, որ պետք է տուգանք վճարեմ, այսինքն, պետք է պետությանը և իրենց օգուտ տամ: Հետևաբար ճիշտ չէ ինձ օգտատեր ասելը մի իրավիճակում, երբ իսկական օգտատերն իրենք են:



Ես, օրինակ, Facebook սոցիալական ցանցի օգտատեր եմ արդեն քանի տարի: Չի եղել մի դեպք, որ այդ ցանցից ինձ նամակ գրեն ու ասեն` դուք տուգանվում եք, հարգելի օգտատեր: Facebook-ում էլ կան վճարովի ծառայություններ, բայց այդ վճարումը կատարում ես կամովի` փոխարենն ինչ որ բան ստանալու համար: Սա միանգամայն հասկանալի է: ՃՈ ցանցի հետ «բարեկամությունը» և դրա դիմաց մատուցված ծառայությունները, սակայն, ավարտվում են քեզ տուգանելու մասին «աչքալուսանքով»: Մտածում եմ` բա դա ինձ պե՞տք ա...:



Եվս մի հետաքրքիր բան: Facebook-ից ջնջվելը մեկ-երկու վայրկյանի հարց է: ՃՈ ստեղծած «սոցիալական ցանցից» ջնջվել, նրա մատուցած «ծառայությունից» չօգտվել չկա: Մի անգամ որ մտել ես, էլ վերջ: Դա ողջ կյանքի համար է: Երեկ գրել էին` հարգելի օգտատեր, դուք մեզ 5 հազար պետք է վճարեք: Վաղը կարող են գրել` 10 հազար պետք է վճարեք: Ամեն անգամ փոստդ բացելիս պետք է մտածես` տեսնես այսօ՞ր որքան պետք է վճարեմ: Եվ այսպես ողջ կյանքում... Բա դա ինձ պե՞տք ա...



Էդիկ Անդրեասյան