Ի՞նչ է Բաքու «տարել» Պատրուշեւը

Ի՞նչ է Բաքու «տարել» Պատրուշեւը

Անցյալ ուրբաթ ԱՄՆ-ն հրթիռային հարված հասցրեց Սիրիայի կառավարական ուժերի ռազմական օդանավակայաններից մեկին: Գուցե պատահական զուգադիպություն է, բայց դա տեղի ունեցավ պետքարտուղար Թիլերսոնի՝ Անկարա այցելությունից կարճ ժամանակ անց: Ուշագրավ է նաեւ, որ Թուրքիայի նախագահը հանդես եկավ ԱՄՆ գործողություններին աջակցող հայտարարությամբ եւ վերստին խոսեց Ասադին անհապաղ հեռացնելու մասին: Այսպիսով նա հակադրվեց Ռուսաստանին, որը Միացյալ Նահանգների քայլը որակել էր «ինքնիշխան պետության դեմ ագրեսիա»:



Այս իրավիճակում Բաքու է այցելել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը: Պաշտոնական տեղեկատվությունից հայտնի է, որ նա, «ըստ արարողակարգի՝ հարգանքի տուրք է մատուցել Հեյդար Ալիեւի հիշատակին, ինչպես նաեւ այցելել շեհիդների ծառուղի», այնուհետեւ նրան ընդունել է Իլհամ Ալիեւը: Ինչպես փոխանցում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, «քննարկվել են անվտանգության հետ կապված հարցեր»: Նույն օրը Ռուսաստանի Կասպյան նավատորմիղում հայտարարվել է մարտական տագնապ: Ինչպես հայտնի է, անցյալ տարի Ռուսաստանը Սիրիայում թիրախներ խոցելու նպատակով հրթիռներ է արձակել նաեւ Կասպից ծովից:



Իհարկե, դժվար է վստահաբար ասել, որ ՌԴ ԱԽ քարտուղարը Բաքվում քննարկել է Սիրիայում նոր իրավիճակի հետ կապված «անվտանգության հարցեր»: Բայց այդ դեպքում ի՞նչ է Բաքու «տարել» Պատրուշեւը, ո՞րն է նրա կարճատեւ աշխատանքային այցի նպատակը: Բացառված չէ, որ Մոսկվան փորձում է հասկանալ, թե Սիրիայի հարցում ռուս-թուրքական պայմանավորվածությունների չեղարկման դեպքում ի՞նչ դիրքորոշում կունենա Ադրբեջանը: Հարկ է նաեւ ուշադրություն դարձնել, որ Սիրիայում ԱՄՆ հրթիռային հարվածներից երկու օր առաջ Բաքու էր այցելել Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, իսկ ավելի վաղ պաշտոնապես հաստատվել էր, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի ներդրում ունեցել են նաեւ Նազարբաեւը եւ Ալիեւը:



Ինչ-որ արտառոց բան, երեւի, տեղի է ունենում, եթե նկատենք, որ Սիրիայում ռուս-ամերիկյան հավանական դիմակայությունից ենթադրվող՝ անվտանգության հետ կապված հարցերը Մոսկվան քննարկում է ոչ թե ՀԱՊԿ անդամ երկրների, այլ՝ այդ կազմակերպության չանդամակցող Ադրբեջանի հետ, իսկ նույն օրը ռուսական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ղազախստանի նախագահը հայտարարում է, որ դեմ է ՀԱՊԿ-ն քաղաքականացնելուն...



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ