Հասմիկ Պապյանի Տոսկան գերեց բոլորին (լուսանկարներ)

Հասմիկ Պապյանի Տոսկան գերեց բոլորին (լուսանկարներ)

Այսօր Օպերային թատրոնում անշլագ էր, ներկայացվեց Պուչչինիի «Տոսկա» օպերան՝ սիրված օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի մասնակցությամբ: Օրը հիշարժան էր նրանով, որ 30 տարի առաջ, Օպերային թատրոնում առաջին անգամ տեղի ունեցավ երգչուհու բեմելը: Դահլիճը լեփ լեցուն էր, տոմսերը վաճառվել էին դեռ 6 օր առաջ, հանդիսատեսի շարքերում էին թե մտավորականներ, թե քաղաքական գործիչներ, թե զինվորներ Արցախից եւ թե կուրսանտներ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից։ Միջանցքներում նույնպես աննախադեպ իրարանցում էր, թատրոնի աշխատողները միմյանց ասում էին․ «բա դահլիճն այսպես լիքը չլինե՞ր ամեն ներկայացման»։ Հանդիսատեսի շարքերում էին նաեւ մշակույթի նախկին եւ ներկա նախարարները՝ Հասմիկ Պողոսյանն ու Արմեն Ամիրյանը, ինչպես նաեւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ով նստած էր առանձին օթյակում՝ նախարարներից անկախ։



Հասմիկ Պապյանն իր հմայքով կրկին անգամ գերեց բոլորին, ում կատարումները հանդիսատեսը ընդհատում էր ծափահարություններով։ Ու թեեւ երգչուհին նախօրեին իր ֆեյսբուքյան էջում խնդրել էր հանդիսատեսին գալ առանց ծաղկեփնջերի, մասնավորապես գրելով․ «Շատ կուզենայի, որ այդ գումարը ծախսեինք ավելի նպատակային: Մենք բոլորս բազում կարիքներ ունենք: Ես ուզում եմ միայն ձեր ներկայությունը, որպեսզի միասին վայելենք երեկոն», բայց ծաղկեփնջերի պակաս չեղավ, ավելին՝ վերջում հանդիսավոր կերպով բեմ բերվեց 2 մեծ ծաղկե կոմպոզիցիա, որից հետո միկրոֆոնով հայտարարվեց, որ մեկը առաջին տիկնոջ կողմից է, մյուսն էլ թատրոնի գեղ․ղեկավար Կոնստանտին Օրբելյանի։ Հանդիսատեսը երգչուհուն բաց չէր թողնում, ով բեմում նաեւ ծնկեց ու այդպես իր շնորհակալությունը հայտնեց իր հանդիսատեսին ու Օպերային թատրոնին։