Ո՞վ գցեց ժուչոկը

Ո՞վ գցեց ժուչոկը

Ո՞ւմ էր ամենաշատը պետք ձայնագրել ՍԱՍ-ի հանրահայտ ժողովը: Կարծիքները շատ են, որոնցից մեկն էլ այն է, որ սա ՀՀԿ ներքին գզվռտոցի արդյունք է` փորձ է արվում Արտակ Սարգսյանին դուրս թողնել խորհրդարանից: Միանգամից ասեմ` սա մոլորություն է: Ոչ մի ՀՀԿ-ական նման բան չէր անի: Նկատի ունեմ` ձայնագրել, ձայնագրությունը տալ ՀԱԿ-ին, որ ՀԱԿ-ն էլ այն տարածեր և հաջորդ օրը բողոքարկեր ընտրությունների արդյունքները: Նման բան անելու համար պետք էր հոգեկան հիվանդ լինել, իսկ ՀՀԿ այն հատվածում, որ պայքարում է ԱԺ անցնելու համար, դժվար թե հոգեկան հիվանդներ լինեն:



Առնվազն անհեթեթություն է այս ամենը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա փեսայի հետ կապելը: Ով ով, բայց ոստիկանապետը ներպալատական խարդավանքների այնպիսի անաղմուկ մեթոդների է տիրապետում, որ նրա պարագայում այս ամենը առաջին դասարանցու չարաճճիություն կհամարվի:



Իսկ գուցե ընդդիմադիրների՞ ձեռքի գործ է: Բացառված չէ, իհարկե, որ ՍԱՍ-ում ներդրված «ականը» ձայնագրել է ժողովն ու ձայնագրությունը հանձնել ՀԱԿ գրասենյակ: Այստեղ էլ հարց է առաջանում, թե ինչո՞ւ հատկապես ՍԱՍ-ի Արտակի աշխատակիցների ժողովը ձայնագրեցին, մի՞թե նա միակ օլիգարխն էր, որ նման «օրակարգով» ժողովներ է արել ընտրություններից առաջ: Բացի այդ` ընդդիմադիրներն անցյալ ընտրություններում քիչ չէին և դժվար է ասել` նրանցից ո՞վ գլխի ընկավ, որ կարելի է նման բան անել, բայց ձայնագրությունը փոխանցել հատկապես ՀԱԿ-ՀԺԿ-ին և ոչ թե սեփական ընդդիմադիր դաշինքին կամ կուսակցությանը: Ստացվում է, որ «ժուչոկը» ՀԱԿ-ՀԺԿ դաշինքից է տեղադրվել: Եվ նորից նույն հարցն է առաջ գալիս` ինչո՞ւ են այդքան սահմանափակ մտածել և ինչո՞ւ «ժուչոկ» չեն գցել մի քանի օլիգարխների մոտ, որպեսզի ավելի համոզիչ լիներ ընտրությունները չեղյալ համարելու պահանջը:



Ամենաանհասկանալին այն է, թե ինչո՞ւ ընտրություններից առաջ կատարված ձայնագրությունը, որ իսկական հաղթաթուղթ կարող էր դառնալ ամենաթույլիկ ընդդիմության ձեռքին անգամ, ի հայտ եկավ ընտրություններից օրեր անց, երբ ԿԸՀ-ն արդեն հրապարակել է վերջնական արդյունքները: Մի՞թե սա հատուկ արվում է հետընտրական գործընթացներ սկսելու համար: Սցենարը շատ պարզ է` ՍԴ-ն մերժում է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի պահանջը` անվավեր համարել ընտրությունները, Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքներ է հրավիրում, նրան են միանում բոլոր «աբիժնիկներն» ու թռչկոտում Օպերայի հրապարակում. Բնականաբար, ՍԱՍ-ի ժողովի ձայնագրության տակ: Իսկ հանրահավաքների վերջում էլ ելույթ է ունենում Տեր-Պետրոսյանը` «собственной персоной», և ճառում ազատագրված տարածքները հանձնելու, Ալիևից խաղաղություն մուրալու մասին: Հրապարակում մնալու տարբերա՞կ է: Իհարկե:



Բոլորին է հայտնի, որ Արտակ Սարգսյանը խորհրդարանի բան չէ, և այս ձայնագրությամբ չէ, որ պետք է որոշվեր խորհրդարանում նրա լինել-չլինելու հարցը: Այդ հարցը ժամանակին պետք է լուծեր նրա կուսակցությունը, որպեսզի այսօր չկանգներ այս խնդրի առջև: Բայց, ինչպես ասում են` եղածը եղած է, և չկա չարիք, առանց բարիքի:



Հավանաբար բոլոր օլիգարխներն էլ (ոչ միայն ՀՀԿ-ական) այս ամենից հասկացան, որ իրենց ժողովներն էլ կարող են ձայնագրված, նույնիսկ տեսագրված լինել և ի հայտ գալ իրենց համար շատ անհարմար պահի: Մեր կարծիքով` նրանցից շատերն այսօր պատրաստ են ՀԱԿ-ՀԺԿ-ից կլորիկ գումարով գնել իրենց «ֆիրմեննի» ժողովների ձայնագրությունները, եթե Տեր-Պետրոսյանի գզրոցներում կան այդպիսիք: Ո՞ր օլիգարխին ակնարկես այդ մասին, որ մի «բագաժնիկ» փողով չներկայանա ՀԱԿ գրասենյակ:



Էդիկ Անդրեասյան