Դավիթ Հարությունյանը սխալ հանեց ՊԵԿ-ին

Դավիթ Հարությունյանը սխալ հանեց ՊԵԿ-ին

Օրեր առաջ մենք անդրադարձել էինք Պետեկամուտների կոմիտեի թույլ տված մի վրիպումին՝ տնտեսվարողին նիստի էին հրավիրել նիստից երկու օր անց։ Խոսքը Չարենցավանում գրանցված «Վիսլա» ՍՊԸ-ի բողոքի հիման վրա կայացած նիստի մասին է։



Անցյալ տարվա վերջին ՊԵԿ-ը 20 հազար դրամով տուգանել էր «Վիսլա» ՍՊԸ-ին։ Չարենցավանում մի կերպ ծայրը ծայրին հասցնող այս ընկերությանը տեղի հարկային մարմինները տարիներ շարունակ հետեւողականորեն տուգանում էին՝ ամեն անգամ մի անհեթեթ պատճառաբանություն բերելով։ Հասցրեցին նրան, որ ընկերության սեփականատեր Գեւորգ Հակոբյանն իր երեք խանութներից մեկը փակեց։ Բայց նա «օրենքի հետ քյալլա տվող» գործարարներից է եւ փորձում է իր շահերն օրենքի շրջանակներում պաշտպանել։ Հաճախ նաեւ արդյունքի է հասնում։ Անցյալ տարի նրա ընկերությանը 20 հազար դրամով տուգանելու ՊԵԿ որոշումը նա վիճարկել էր ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովում, որը դեկտեմբերի 23-ին նիստ էր հրավիրել, դիմողին ծանուցելով նիստից մեկ օր անց՝ դեկտեմբերի 24-ին։ Արդյունքում նիստը կայացել էր առանց դիմողի, եւ տուգանքի որոշումը մնացել էր նույնը։ Գանգատարկման հանձնաժողովի նախագահը ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն էր։
ՊԵԿ-ից մեր հրապարակման առիթով պարզաբանել էին, թե իրենք նամակը թեպետ ուշ են ուղարկել, բայց բանավոր ծանուցել են Գ․ Հակոբյանին նիստի օրը՝ 2 ժամ առաջ զանգահարելով։ Նիստից հետո ՊԵԿ-ը ԴԱՀԿ ծառայության միջոցով կալանք էր դրել Հակոբյանի հաշիվների վրա՝ 20 հազար դրամի չափով։



Բողոքարկումից հետո այս գործով նիստ նշանակվեց ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովում, որի նախագահը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է։ Կառավարության նիստերի դահլիճում հրավիրված նիստին, բացի հանձնաժողովի անդամներից, մասնակցում էր նաեւ մեր լրագրողը՝ որպես Գ․ Հակոբյանի ներկայացուցիչ։ Նիստը վարում էր Դ․ Հարությունյանը։ Չմանրամասնելով նիստի բովանդակությունը՝ նշենք, որ պատշաճ չծանուցելու վերաբերյալ մեր հարցրին Միրումյանը դժվարացավ հստակ պատճառաբանություն ներկայացնել։ Դիմումում Գ․ Հակոբյանը եւս մեկ հանգամանքի վրա էր ուշադրություն հրավիրել․ բանն այն է, որ քանի դեռ տնտեսվարողն իրավունք ունի բողոքարկել ՊԵԿ որոշումը, ՊԵԿ-ն իրավունք չունի գանձել գումարն ու կալանք դնել նրա հաշիվների վրա։ Հակոբյանը հարց էր բարձրացրել՝ ի՞նչ իրավունքով են կալանք դրել, եթե դեռ ինքը ժամանակ ուներ բողոքարկելու։ Այս հարցի պատասխանը եւս Միրումյանը չուներ։ Նիստի ավարտին Դավիթ Հարությունյանը խոստացավ արդյունքի մասին մեզ պատշաճ ծանուցել։



Մեկ շաբաթից մենք ստացանք պատշաճ ծանուցումը։ Պարզվեց՝ հանձնաժողովը հօգուտ տնտեսվարողի է որոշում կայացրել՝ բավարարելով «Վիսլա» ընկերության բողոքն ընդդեմ ՊԵԿ-ի։ Տասը էջանոց որոշման մեջ Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովը մանրամասն ներկայացրել էր ՊԵԿ սխալները, որ կարող էին ակտ չկազմել եւ չտուգանել կամ տուգանել, բայց ոչ առավելագույն՝ 20 հազար դրամի չափով, այլ ավելի քիչ եւ այսպես շարունակ։ Եվ վերջում որոշել․ ««Վիսլա» ՍՊ ընկերության 24.02.2017 թ․ բողոքը բավարարել՝ անվավեր ճանաչել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 23.12.2016 թ․ թիվ 42/4 որոշումը եւ պարտավորեցնել ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովին՝ կայացնել նոր վարչական ակտ»։



Կարճ ասած՝ Դավիթ Հարությունյանը սխալ հանեց ՊԵԿ-ին, մասնավորապես՝ Միրումյանին։ Նման դեպք Հայաստանում հազարից մեկ է լինում, երբ պետական մարմինը հօգուտ քաղաքացու որոշում է կայացնում։ Հուսանք՝ մեր մասնակցությունը եւս որոշ դերակատարում է ունեցել այդ հարցում։ Իհարկե, դեռ ամեն ինչ վերջացած չէ՝ ՊԵԿ-ը նոր վարչական ակտ պետք է կայացնի, օրենքը թույլ է տալիս ավելի պակաս տուգանք նշանակել կամ առհասարակ հրաժարվել տուգանելուց։ ՊԵԿ նոր որոշումից պարզ կդառնա, թե որքանով են ընդունել իրենց սխալն ու որքանով են իրապես կանգնած տնտեսվարողի կողքին։ Համենայնդեպս, այդ մասին է ամեն առիթով հայտարարում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։ Ի դեպ, այդ օրվա նիստի մասնակիցներից միայն Հակոբյանի բողոքն են բավարարել, մյուսներինը հանձնաժողովը մերժել է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ