Կառավարության նիստը մեկնարկեց բացակա նախարարներով (ֆոտոշարք-1)

Կառավարության նիստը մեկնարկեց բացակա նախարարներով (ֆոտոշարք-1)

Կառավարության նիստն այսօր մեկնարկեց մի շարք բացակա նախարարներով։ Նրանք այսօր մասնակցում էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կազմակերպած «ազգ-բանակին» նվիրված համաժողովին։ Ուղիղ վեց նախարար բացակա էր այսօր, նրանց փոխարեն իրենց տեղակալներն էին եկել։ Ներկա չէր նաև ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, նրա փոխարեն իր տեղակալը՝ Վախթանգ Միրումյանն էր մասնակցում նիստին։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին էլ փոխարինում էր նրա առաջին տեղակալ Կամո Արեյանը։ Նիստին իր վառվռուն հագուկապով ներկա էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, փոխարենը բացակա էին նրա երկու հարևանները՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ու սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Ալթունյանն իր փոխարեն ուղարկել էր իր թութակով տեղակալին՝ երիտասարդ փոխնախարար Սամվել Մարգարյանին, ով աշխատանքի է գալիս թութակով ու հեծանիվով։ Կառավարության նիստին, իհարկե, առանց դրանց էր ներկայացել։ Ներկա չէր նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ում մասով խոսակցություն կա, որ շատ հնարավոր է՝ հաջորդ կառավարությունում չլինի։ Նրա փոխարեն իր՝ համեմատաբար երիտասարդ փոխնախարար Վահագն Մելիքյանն էր եկել։ Ի դեպ, Արփինե Հովհաննիսյանն այսօր շատ ակտիվ էր իր հարևանների հետ շփումներում, հատկապես Վահագն Մելիքյանի հետ։ Մինչդեռ Հրանուշ Հակոբյանի հետ նա նիստերին առանձնապես ակտիվ չի շփվում կամ կատակներ անում։ Բացակա էր նաև ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ում փոխարինում էր գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։



Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին էլ, ինչպես քարոզարշավի ընթացքում, այսօր էլի փոխարինում էր նրա առաջին տեղակալ Մանուկ Մկրտչյանը։ Նկատելի ակտիվ ու աշխույժ էր նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Նա միշտ ակտիվ կոմունիկացիայի մեջ է լինում ուժային ու ոչ ուժային կառույցների ղեկավարների հետ, մինչև վարչապետը կմտնի դահլիճ։ Նախարարների ու պաշտոնյաների մյուս մասը հիմնականում ակտիվ են դահլիճից դուրս, մուտքի մոտ, երբ մինչ նիստի մեկնարկը որոշում են «մի հատ ծխել, նոր մտնել»։ Այստեղ նրանց կարելի է ֆիքսել՝ իրար հետ ակտիվ խոսք ու զրույցի բռնված։ Դահլիճի դռներից ներս՝ նրանք նստում են արդեն «լուրջ կուլ տված» դեմքով», ծանր ու մեծ կեցվածքով, որ հանկարծ տեսախցիկների ուշադրությունը չգրավեն։



Այս երկու խմբի ոսկե միջինը ուժային երկու կառույցների հնաբանակ ղեկավարներն են՝ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ու ՀՔԾ ղեկավար Վահրամ Շահինյանը, որոնք իրար կողք են նստում ու շփվում են հիմնականում իրար հետ, Աղվան Հովսեփյանը՝ երբեմն նաև լրագրողների հետ։ Նրանց «ծանր ու մեծ» կատակներին ժամանակ առ ժամանակ թեթև, «ջահելական» աշխուժություն է հաղորդում ՊԵԿ երիտասարդ նախագահ Վարդան Հարությունյանը, որը, սակայն, այսօր ներկա չէր։



ֆոտոշարքի երկրորդ մասն ու կառավարության նիստի մանրամասներն՝ այստեղ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ