Ծնողները գանգատվում են դաստիարակներից

Ծնողները գանգատվում են դաստիարակներից

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքից 2 կին էին եկել «Հրապարակի» խմբագրություն և գանգատվում էին համայնքի մանկապարտեզի անձնակազմից։ Մանկապարտեզը շուրջ մեկ տարի է, ինչ վերանորոգումից հետո սկսել է գործել, համայնքի երեխաները մինչ այդ հարևան գյուղի մանկապարտեզ են հաճախել։ Թվում է, թե իրենց գյուղում մանկապարտեզի առկայությունը պետք է թեթևացներ ծնողների հոգսը, սակայն արի ու տես, որ դրանք ավելացել են։ Բանն այն է, որ ծնողները, որոնք չցանկացան իրենց անունը հրապարակել՝ պատճառաբանելով, թե գյուղում են բնակվում, իսկ այնտեղ բարքերն այլ են, և ամոթ է, որովհետև կսկսեն իրենց մասին խոսել, պնդում են, որ մանկապարտեզում իրենց երեխաներին վատ են վերաբերվում, գոռում են, մաքրությունը պատշաճ չեն պահում, նույն բաժակից են բոլոր երեխաները ջուր խմում և այլն։ Բացի այդ, նաև դեպք է գրանցվել, որ երեխան մազակալ է կուլ տվել, իսկ դաստիարակը քաշքշել է ծնողին։

 «Միջին խմբի դաստիարակներից շատ դժգոհ ենք, իրենք ուղղակի անտարբեր են, օրինակ՝ քնի ժամանակ իրենք կարող են երեխաներին պառկեցնել, զրույցով ընկնել, ուղղակի սուրճ խմել և չհետևել, թե երեխաներն ինչով են զբաղվում։ Շատ դեպքեր են գրանցվել, օրինակ՝ երեխան քնի ժամանակ մազակալը կուլ է տալիս։ Ասում են՝ մենք ուշադիր էինք, ուղղակի երեխան քնի ժամանակ է մազերից հանել ու զբաղվել։ 4 տարեկան տղա երեխան մտել է աղջիկների զուգարան, դե հիմա երեխա է, վրան բարկացել, գոռացել են, երեխան վախեցել է։ Ծնողին ասել է, որ էլ չի ուզում գնալ մանկապարտեզ, մայրը հարցրել է, թե ինչու չի ուզում գնալ, ասել է, որ կոնկրետ դաստիարակները բարկանում են իր վրա։ Լարված իրավիճակ է, դաստիարակները միմյանց հետ  լեզու չեն գտնում, բայց այնպես է ստացվում, որ կոնկրետ դաստիարակի հերթին է այդ ամենը լինում, մենք իրեն «ընկեր Անիկ»-ով ենք դիմում։ Ծնողների հետ էլ վերաբերմունք չունի, իրեն հրավիրել են սրճարան, զանգել են, ասել է՝ ես ձեզ նման անմակարդակների հետ չեմ գա, իմ դաստիարակությունն ինձ թույլ չի տալիս։ Մենք ուղղակի խնդրում ենք, որ ավելի հոգատար լինեն, եթե հնարավոր է՝ այդ կինը չաշխատի, ավելի լավ կլինի։ Բոլորը նույն գյուղից են, դրա համար ամաչում են։ Ինքը բնույթով այնպիսին է, որ իրոք տրամադրվում է։ Լավ կլինի, որ նոր, երիտասարդ անձնակազմ գա, երևի խնդիրն այն է, որ նա տարիքով մեծ է»,- ասաց ծնողը։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք Նորակերտի մանկապարտեզի տնօրեն Սեդա Ասատրյանի հետ։ Հարցին, թե տեղի՞ն է համարում ծնողների գանգատները, պատասխանեց․ «Ո՜չ։ Եղել է, որ երեխան գնացել է պետքարան, շորերն իջացրել է, իրեն էլ զգուշացրել են, որ, տղա ջան, շորերդ բարձրացրու վերև ու անցի խմբասենյակ։ Երեխայի ասելով՝ ծնողը եկել էր, դաստիարակի վրա ինչ-որ խոսել էր, հետո եկավ ներողություն խնդրեց, որ շատ սխալ է եղել, որ այդպես է խոսել։ Էդքան պատմություն, ուրիշ ոչ մի բան։ Ինքը շատ լավ դաստիարակ է, շատ հոգատար, նման բանի ես չեմ հավատում։ Մազակալի դեպքն էլ լրիվ պատահական է եղել, երեխային տարել են բժշկի, ամեն բան նորմալ է»։

Զրուցեցինք նաև համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արման Պետրոսյանի հետ, ով վստահեցրեց, որ մանկապարտեզով զբաղվել է, նկատողություններ է արել, և հիմա  դաստիարակները մարզերի մասշտաբով լավագույն հնգյակում են, իսկ զուգարանում երեխայի կողմից անկարգության դեպքում «բարձր տոնը» լրիվ տեղին  է․ «Չկա ըտենց բան, կարճ-կոնկրետ։ Ըտենց խնդիր չի առաջացել։ Մի հատ հարց տամ Ձեզ գործից դուրս՝ մանկապարտեզ երեխային ինչի՞ համար են ուղարկում․ դաստիարակություն ստանալու՝ ծնողի բացակայության ժամանակ, ինչպես նաև, որ հսկողության տակ լինի, ճի՞շտ է։ Երբ երեխան անկարգություն է անում, էն էլ՝ զուգարանում, դաստիարակն իրավունք չունի՞ թեկուզ բարձր տոնով ասի՝ արի էս կողմ, մի արա էդ բանը։ Երեխայի վրա չի գոռացել, ծնողին չի քաշքշել, երեխաներին՝ առավել ևս։ Երևանի մանկապարտեզները չգիտեմ, բայց եթե գաք մարզի մանկապարտեզների դաստիարակներին հավաքեք, լավագույն հնգյակում մեր դաստիարակները հաստատ տեղ կունենան իրենց վարվեցողությամբ ու մակարդակով։ Խնդիրներ առաջ եղել են, այնպես չէ, որ ես իրենց պաշտպանում եմ։ Ես իրենց վրա էնքան եմ խոսել, էնքան նկատողություն եմ արել՝ տնօրենից սկսած մինչև հավաքարար, հիմա իրենց վերաբերմունքը կտրուկ փոխվել է»։